ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այս հարցազրույցը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ եւ տպագրվել է անգլերենով` Հայկական բարեգործական ընդհանուր միության AGBU ամսագրում: Արցախում այս օրերին տոնակատարություններ են, եւ մենք հարկ համարեցին հարցազրույցի որոշ հատվածներ հրապարակել նաեւ «Ազգում», քանի որ հայաստանյան ընթերցողը հարցազրույցին ծանոթ չէ: - Պարոն նախագահ, դժվա՞ր է լինել փաստացի անկախ եւ միաժամանակ չճանաչված պետության ղեկավար: - Այդ հարցը հաճախ են ուղղում ինձ: Ո՞րն է տարբերությունը ճանաչված երկրի եւ չճանաչված երկրի նախագահների. պատասխանում եմ` չճանաչված երկրի նախագահը առաջին հերթին իր գործունեությունը, իր երկրի ներուժն ուղղում է այդ երկիրը ճանաչելի դարձնելուն: - Ո՞ր խնդիրներն են Արցախի տնտեսության համար անհետաձգելի, նաեւ` մինչեւ հիմա իրականացված եւ ապագա ծրագրերի մասին խոսենք: - Չկա մի ուղղություն, որ կարեւոր չէ երկրի զարգացման համար` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, կրթություն, մշակույթ: Քանի որ մենք կողմնակից ենք մեր երկրի համամասնորեն զարգացմանը, հետեւաբար բոլոր ոլորտներն են իրենց նշանակությամբ եւ ազդեցությամբ ուշադրության արժանի: Գյուղատնտեսության զարգացման մասին խոսելով` պետք է նշենք, որ միշտ եղել ենք ագրարային երկիր, այսօր էլ խիստ շահագրգռված ենք այդ ոլորտը զարգացնելու եւ այդ ուղղությամբ բավական քայլեր ենք արել: Մյուս ուղղությունները` էներգետիկա, լեռնահանքային արդյունաբերություն, քաղաքաշինություն եւ այլն, նույնպես կարեւորում ենք: Եվ կարծում եմ, որ համաչափ զարգացումը ամենաօպտիմալ ընտրությունն է: Բարեբախտաբար այս պահի դրությամբ մեր կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը նպաստում են այդ համաչափ զարգացմանը: - Գաղտնիք չէ, եւ դա հայերի հպարտությունն է, որ Սփյուռքը մասնակից է Արցախի վերականգնմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի, տարբեր ծրագրերի, անհատների եւ կազմակերպությունների միջոցով: - Չկա մի ժամանակաշրջան, լինեն Շարժման, պատերազմական գործողությունների եւ կամ հետպատերազմյան տարիներ, որ Սփյուռքը մասնակից եղած չլինի Արցախի կյանքին: Ռմբակոծված Արցախի վերքերը պետք էր բուժել, եւ հատկապես այդ ժամանակաշրջանում էր կարեւոր Սփյուռքի մասնակցությունը: Իսկ Սփյուռքը միշտ էլ մասնակցություն է ունեցել եւ այսօր էլ մասնակցում է Արցախի շենացմանը: Գաղտնիք չէ նաեւ, որ մեր բոլոր նվաճումներն անմիջականորեն կապված են Սփյուռքի մասնակցության հետ: Այն ծրագրերը, որտեղ ներգրավված են Սփյուռքն ու Սփյուռքի մեր հայրենակիցները, բազմազան են: Մեր հայրենակիցներն իրենց միջոցները, եւ ինչու չէ` մտավոր կարողությունները ներդնում են տարբեր ոլորտներում, հատկապես կրթության ոլորտում: Այս տարիներին հաջողվել է Սփյուռքի մասնակցությամբ վերականգնել տասնյակ դպրոցական, նախադպրոցական հաստատություններ, կառուցվել են նաեւ նորերը: Սփյուռքը մասնակցում է մեր ենթակառուցվածքների վերականգնմանը, եւ մենք կարեւորում ենք նաեւ ապագային ուղղված մեր համատեղ աշխատանքները: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Սփյուռքի առաջին կազմակերպություններից էր, որ սկսեց տարբեր ծրագրեր իրականացնել Արցախում: Քաջատեղյակ եմ, որ ոչ միայն Արցախում, այլեւ ամբողջ աշխարհում է Բարեգործականն այդ ծրագրերն իրականացնում: Բազմիցս հնարավորություն եմ ունեցել ողջունելու այդ համահայկական այդ կազմակերպության գործունեությունը, նրա ազնիվ բարերարների նվիրատվությունները: Այսօր էլ ընդհանուր միության հետ ծրագրեր ունենք համատեղ` ուղղված մեր երկրի շենացմանն ու զարգացմանը: ՀԲԸՄ-ն կառուցել է բազմաթիվ բնակարաններ` բնակարանային հիմնախնդիրն Արցախում մինչեւ հիմա էլ մնում է ամենակենսականներից մեկը: Բարեգործականը կառուցել եւ շարունակում է կառուցել բնակարաններ այնպիսի շրջաններում, որտեղ ավելի շատ էին պահանջված այդ բնակարանները, իրականացրել է կրթական ծրագրեր, մասնակից է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին, բազմաթիվ առողջապահական հաստատութուններ կառուցվել են հենց Բարեգործականի մասնակցությամբ: - Անցած տարի, երբ հանդիպեցիք ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ, լրատվություն եղավ, որ այդ ծրագրերն ավելի ուղղորդված եւ նպատակային պետք է դառնան: - Պերճ Սեդրակյանի հետ հանդիպումից մեծ գոհունակություն եմ ստացել, քանի որ նա, լսելով իմ առաջարկություններն ու այսօրվա Արցախի առաջնահերթությունները, հավանություն է տվել իմ ծրագրերին` կրթական համակարգում Բարեգործականի մասնակցության մասով. մենք շատ ենք կարեւորում կրթական համակարգի զարգացումը: Քանի որ ՀԲԸՄ-ն լուրջ փորձ ունի այս բնագավառում, առավել քան համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով կկարողանանք ունենալ ժամանակակից կրթական մի հաստատություն, որը հնարավորություն կտա պատրաստելու այսօրվա տնտեսության պահանջներին եւ հրամայականներին համապաստասխան մասնագետներ: - Նկատի ունենալով Արցախի` աշխարհի գողտրիկ անկյուններից մեկը լինելու հանգամանքը, կարելի՞ է հույս ունենալ, որ ապագայում զբոսաշրջությունը շատ լավ կզարգանա եւ կդառնա Արցախի առաջատար ճյուղերից մեկը: - Քանի որ նշեցի, որ մենք կողմնակից ենք մեր երկրի համաչափ զարգացմանը, այդ զարգացման մեջ ես նկատի ունեմ նաեւ զբոսաշրջության ոլորտը, եւ դուք ճիշտ եք, մեր երկիրն ունի այդպիսի նախադրյալներ. հատկապես զբոսաշրջությունը զարգացնելու ենք եւ այդ ոլորտում մենք այս տարիների ընթացքում համեստ հաջողություններ ենք արձանագրել: Եթե թվերի լեզվով խոսելու լինենք` անցած տարի մենք ունեցել ենք 11362 զբոսաշրջիկ` ըստ վիճակագրական ծառայության տվյալների: Իսկ 2012 թվականի առաջին կիսամյակի տվյալների համաձայն` մոտ հիսուն տոկոս անցած տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Բայց հաշվի առնելով մեր երկրի յուրահատկություններըն ու նրա բավականին ընդգծուն ինտեգրվածությունը Հայաստանի Հանրապետությանը, վիճակագրության ծառայության մասնագետները գտնում են, որ զբոսաշրջիկների թիվն ավելին է, քան իրենց կողմից ներկայացված պաշտոնական թվերն են: - Արցախի ենթակառուցվածքները պատրա՞ստ են ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու: - Այս պահին անհամեմատելի են նախկինի համեմատ մեր հնարավորություններն ու պայմանները. կառուցվել են մի շարք նոր հյուրանոցներ Ստեփանակերտում եւ Շուշիում, Հադրութ քաղաքում հնարավորություն ունենք զբոսաշրջիկներ ընդունելու, այնտեղ նոր կառուցված հյուրանոց է շահագործման հանձնվել: Մարտակերտի շրջանում Լեւոն Հայրապետյանի աջակցությամբ նույնպես հյուրանոցներ են կառուցվել` զբոսաշրջիկների զգալի մասն ուզում է լինել Գանձասարում եւ Վանք գյուղում` տեղում նրանց ընդունելու հնարավորություն կա: - Շուշին վերստին մշակութային կենտրոն դարձնելու նպատակադրումը կարո՞ղ է խթանել զբոսաշրջությունը: - Արդեն իսկ նպաստում է: Այսօր նույն Շուշի քաղաքում հաջողվել է նույն Սփյուռքի մասնակցությամբ բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող կառույցներ ստեղծել` առողջապահական հաստատություններ, գրադարան, ճանապարհներ են կառուցվել: - Չնայած չճանաչված լինելուն` Արցախը պետություն է իր բոլոր կառույցներով, պետական իշխանության բոլոր թեւերով ու ատրիբուտներով, շատ բարձր մակարդակով կայացած վերջին նախագահական ընտրություուններով: Իսկ Կոսովոն չունենալով այդ բոլորը` միանգամից ճանաչվեց որպես անկախ պետություն: Արցախը նաեւ համաշխարհային ներդրումների մեխանիզմ ունի` նկատի ունեմ Սարսանգի ՀԵԿ-ի կառուցումը, որը արժեթղթերի շուկա մտնելու օրինակ դարձավ, ինչը նույնպես տնտեսության զարգացման խթան է: - Այո, մեզ հաջողվել է նման աշխատանք եւս կատարել` այսօր «ԱրցախՀԷԿ» ընկերությունը թողարկում է արժեթղթեր: Սա մեր առաջին փորձն է եղել` միջազգային մասնագետները այն համարում են հաջողված: Եվ դա բավականին ոգեւորում է մեզ, որովհետեւ մենք համարում ենք, որ ստեղծված են բարենպաստ պայմանն»ր նաեւ ներդրումներ իրակացնելու համար: Եվ մենք ունենք բազմաթիվ այդպիսի փորձեր ինչպես էներգետիկայի ոլորտում, այնպես էլ լեռնահանքային արդյունաբերության մեջ: Մենք շահագրգռված ենք այդ հնարավորություններն օգտագործել, որոշակի արտոնություններ սահմանել ներդրողնեի համար, եւ նրանք, համեմատելով մեր պայմանները այսօրվա աշխարհում գործող պայմանների հետ` շատ մատչելի կգտնեն Արցախում ներդրում անելը, անգամ ինչ-որ տեղ նաեւ զարմանք առաջացնող հնարավորություններերով: Համեմատություններ են անում եւ ասում, որ շատ քիչ երկրներ կան, որ եկամտահարկը եւ շահութահարկը կազմում են հինգ տոկոս, այլ գրավիչ հնարավորություններ ու արտոնություններ են նշում: Հետեւաբար այդ ամենը նպաստում է ներդրումներ ներգրավելուն: Եվ մենք շահագրգռված ենք դրանում, կառավարությունը ժամանակ առ ժամանակ վերանայելով նախկին հնարավորությունները, միշտ փորձում է ընդգծված հարմարավետ հնարավորություններ ստեղծել` ավելի մեծ ներդրումներ ներգրավելու համար: - Ովքե՞ր են գնում արժեթղթերը: - Աշխարհագրությունը բավականին մեծ է, եւ դա էլ է ուրախացնում մեզ` Եվրոպայի երկրներից, մեր հայրենակիցները Հայաստանից, ԱՄՆ-ից: Շատ հաճելի է, քանի որ դա նոր ուղղություն է մեր երկրի տնտեսության համար, նույնիսկ արցախցիներն էլ են ներգրավվում արժեթղթեր գնելու գործում: Արդեն էներգետիկայի ոլորտում երրորդ տարին է, ինչ բաժնետոմսերը թողարկվում են, եւ ոլորտի պատասխանատուները ասում են, որ մեր բնակչութունը ցանկություն ունի իր մասնակցությունը բերելու, ինչպես նաեւ Սփյուռքի մեր քույրերն ու եղբայներն են հետաքրքրված: |