ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԵՂԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎԻ ՀԵՏ - Տեր hայր, կարո՞ղ եք ներկայանալ «Ազգի» ընթերցողներին: - Մասիս քահանա Շահինյան, ծնվել եմ Մոսուլում, Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքի եւ հայաշատ Հավրեզ, Ավզրուկ, Զախս եւ Էրբիլի ավանների եւ քաղաքի հոգեւոր հովիվն եմ: Այս շրջանների հայերը բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության վերապրողների զավակներն ու թոռներն են: - Այստեղի հայ համայնքը ի՞նչ հարաբերությունների մեջ է քրդական իշխանությունների հետ: - Քրդերը առայժմ ստեղծում եւ զարգացնում են իրենց պետությունը: Նրանք շատ լավ հարաբերությունների մեջ են բոլոր քրիստոնյաների, մանավանդ հայերի հետ, որոնք բարի համբավ անուն ունեն Քուրդիստանում: Հայերից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում պետության բազմաթիվ ոլորտներում: Քուրդ պաշտոնյաները օգնում են մեզ: Որպես օրինակՙ Դհոկի քուրդ քաղաքապետը հայ ժողովրդի հարգարժան զավակ Սարգիս Աղաջանի միջնորդությամբ կառուցել տվեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու տակ գտնվող Սուրբ Ներսես Շնորհալի հոյակապ եկեղեցին իր համալիրով: Այժմ չորս տարի է, ինչ մենք բոլոր արարողությունները, հանդիսությունները, հանդիպումները կազմակերպում ենք այստեղ եւ կողքին 1000 քմ տարածքում գործող «Արարատ» հարսանյաց սրահում: Այսօր Դհոկում ապրում է 64 հայ ընտանիք (250 անձ): Դժբախտաբար, մեր նոր «ինտերնետային» սերունդը չի ցանկանում բազմանդամ ընտանիքներ կազմել: Հավրեզում 85 ընտանիք է ապրում, Ավզրուկ գյուղում կան 70 հայ ընտանիքներ, Զախոյում 150 տուն հայեր, իսկ Էրբիլում 120 ընտանիք իրաքահայեր են ապրում եւ բարգավաճում: Սուլեյմանիայում էլ կան 15 ընտանիքներ: Շինգալ-Անջալում գոյություն ունեն շուրջ 16 հայ ընտանիքներ: Ցանկանում եմ հիշել մեր գաղթօջախի պանծալի զավակ Սարգիս Աղաջանին (մեծ մոր կողմից հայ), որ Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար էր եղել, մեծապես օգնել է ինչպես հայերին, այնպես էլ մյուս քրիստոնյաներին եւ այլ դավանանքի համայնքներինՙ կառուցելով տներ ու բնակավայրեր, նաեւ, ինչպես ասվեց, Դհոկի Սուրբ Ներսես Շնորհալի հոյակերտ եկեղեցին, որն օծվեց իրաքահայոց հոգեւոր առաջնորդ Ավագ սրբազանի ձեռամբ: Մինչեւ այսօր, Բաղդադից, Բասրայից եւ այլ շրջաններից Քուրդիստանի ապահով շրջաններ ապաստան գտած փախստականներ ամսավճարներ են ստանում Սարգիս Աղաջանից, ներառյալ բոլոր հոգեւորականները: - Ի՞նչ է Ձեր պատգամը հայությանը: - Մենքՙ որպես հայեր, ապրում ենք հայրենիքում թե Սփյուռքում, մի ճակատագիր ունենք: Պետք է թիկունք լինենք իրարու, մեր պատմական առաքելությունը շարունակելու համար: |