ՍՈՖՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ԿՅԱՆՔԸ` ՊՈԼԻՖՈՆԻԱ Է» ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ, ՀՀԳԱԱ արվեստի ինստիտուտի հայցորդ, երաժշտագետ, կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը ծնվել է Գյումրիում 1965թ. օգոստոսի 27-ին: 1989թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը (պրոֆեսոր` Ռոբերտ Շուգարովի դասարան), իսկ 1993թ.` ասպիրանտուրան «Կոնցերտմայստերական վարպետություն» մասնագիտությամբ (պրոֆ.` Ադա Հակոբյանի դասարան), 2005թ` ստեղծագործական ֆակուլտետը (պրոֆ.` Միխայիլ Կոկժաեւի դասարան): 1989թ-ից դասավանդում է Հայաստանի տարբեր քաղաքաների երաժշտական ուսումնարաններում եւ դպրոցներում: 1995թ-ից աշխատել է ԵՊԿ մասնագիտական դաշնամուրի ամբիոնում` որպես ասիստենտ (պրոֆեսորներ` Ռոբերտ Շուգարովի, այնուհետեւ` Ալեքսանդր Գուրգենովի դասարաններում): 2002թ-ից մասնագիտական դաշնամուրի ամբիոնի դասախոս է: 2009թ-ից ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ է, իսկ 2010թ ստացել է դոցենտի կոչում: Հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է: Կոմպոզիտորը ստեղծագործում է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային նվագախմբային, վոկալ-գործիքային-երգչախմբային, կամերային-անսամբլային, վոկալ, խմբերգային: Նրա ստեղծագործություններից են` «Ի խորոց սրտի» ըստ Սրբ. Գր. Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի` սոպրանոյի, ասմունքողի, երկսեռ երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար (դիպլոմային աշխատանք), «Պոլիֆոնիկ սյուիտ» դաշնամուրային ցիկլ, «Արտացոլում երեք հայելիներում» ֆլեյտայի, ջութակի եւ դաշնամուրի համար, «Օրհներգ մայրության» եւ «Քայլերգ Հայոց բանակին» փողային նվագախմբի համար: Վերջինս մեծ գնահատանքի է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր` Էդվարդ Միրզոյանի կողմից. «Ս. Միքայելյանի փողային քայլերգը այս ժանրում վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից մեկն է», իսկ ՀՀ ժողովրդական արտիստ` Ռուբեն Ալթունյանի բնորոշմամբ. «Այն առանձնանում է իր ավարտուն կառուցվածքով, ազգային հնչերանգով, պահպանված է ավանդական, փողային նվագախմբին հատուկ ներդաշնակ գործիքավորումը»: Կոմպոզիտորի ստեղծագործություններից մեր ուշադրությունը գրավել է մասնավորապես կվարտետը ֆլեյտայի, դափի, ուդի եւ դաշնամուրի համար, որն աչքի է ընկնում ազգային երանգով եւ խորհրդավոր զսպվածությամբ: Այս ստեղծագործության մասին երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանը նշում է. «Ժողովրդական գործիքները` զետեղված դասական կառուցվածքների մեջ, ակտուալ են, հետաքրքրական եւ վերջապես նորաձեւ, բայց հատկապես համակրանք է առաջացնում, որ կոմպոզիտորը գործիքների հետ վարվում է նրբորեն եւ զգույշ»: Նշենք նաեւ, որ վերջերս թողարկվեց դաշնակահար Հայկ Մելիքյանի առաջին ձայնասկավառակը` 1900+ նախագծի շրջանակներում, որտեղ ընդգրկված հայ երիտասարդ մի շարք կոմպոզիտորների ստեղծագործությունների թվում էր նաեւ Ս. Միքայելյանի «Երեք ֆանտաստիկ պիեսներ»-ը դաշնամուրի համար (1985թ./2012թ./1997թ.), որը կոմպոզիտորը գրել է իր ստեղծագործական ուղու տարբեր ժամանակահատվածներում: Կոմպոզիտոր, դաշնակահար` Հայկ Մելիքյանն այս ստեղծագործության կապակցությամբ նշել է. «Չնայած շարքի, բոլոր պիեսները գրվել են կոմպոզիտորի ստեղծագործական ուղու տարբեր ժամանակահատվածներում, այնուամենայնիվ, դրանք իրենց ավարտուն տեսքը ստացան 2012 թվականին, եւ ունեն մեկ ընդհանուր գաղափար, որի հիմքում «անհասկանալիի», «հանելուկայինի», գուցե նաեւ «խառնաշփոթի» եւ «հարցերի շարանի» մտատանջող կծիկն է: Դրանք բախվում են հարակից հեգնանքին, հաճախ նաեւ ջինջ ու պարզունակ մեղեդուն: Լինելով նաեւ դաշնակահար, կոմպոզիտորը հմտորեն է վերաբերվում գործիքի կատարողականությանը, պիեսներում ցուցադրելով ինչպես վիրտուոզ, այնպես էլ քնարական չափաբաժիններ: Ստեղծագործության պրեմիերան կատարեցի Իտալիայում, Հռոմում անցկացվող «Nuovi Spazi Musicali» ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում ընթացող իմ մենահամերգի ժամանակ, 2012թ. հոկտեմբերին»: Ս. Միքայելյանի ստեղծագործություններից պակաս հետաքրքրական չեն նաեւ խմբերգերը` «Այսօր գոլով ի Բեթանիա» կանանց երգչախմբի համար a cappella (հիմքում Սահակ Պարթեւի շարականն է «Ղազարու հարութեան» կանոնից), որը կոմպոզիտորը գրել է 2001թ.` նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, «К вам я пришел, о деревя, цветы» (խոսք` Սարմենի, ռուսերեն թարգմանությունը` Ն. Գորոխովի, կանանց կամ մանկական երգչախմբի համար, դաշնամուրի նվագակցությամբ), որը նվիրել է դաշնակահար, մանկավարժ, ԵՊԿ պրոֆ.` Ա. Գուրգենովի հիշատակին, «Խնոցի» (խոսք` Հ. Թումանյանի) մանկական երգչախմբի համար, a cappella: Նշենք, որ խմբերգի ժանրը սկսել է առավել հետաքրքրել կոմպոզիտորին, պատահական չէ, որ նա 2012թ.-ից երգում է «Փարոս» կամերային երգչախմբում: Ս. Միքայելյանի ստեղծագործությունները, որոնք կատարվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, բազմազան են իրենց թեմատիկայով: Դիմելով տարբեր ժանրերի կոմպոզիտորը փորձել է զգալ, գտնել իրենը, հաստատվել դրանում եւ գնալ առաջ: Նա նաեւ հրաշալի դաշնակահար է, որն իր գիտելիքներն ու փորձն է փոխանցում ուսանողներին: Կոմպոզիտոր` Մ. Կոկժաեւը հետեւյալ կերպ է արտահայտվել Միքայելյանի մասին. «Ս. Միքայելյանը փայլուն դաշնակահար է, երաժշտականությամբ օժտված անձնավորություն, աշխատասեր, նա արագ սկսեց առաջ գնալ: Ընդհանուր առմամբ հեռանկարային կոմպոզիտոր է, շատ ամուր պրոֆեսիոնալ: Կան բազմաթիվ կին կոմպոզիտորներ, որոնք ուսումն ավարտելուց հետո հրաժարվեցին զբաղվել կոմպոզիցիայով, կամ սկսեցին աշխատել ավելի թեթեւ ժանրերի մեջ: Ես հուսով եւ վստահ եմ, որ Սոֆյան կշարունակի իր ստեղծագործական պրոցեսը»: Կոմպոզիտորն ապրելով եւ ստեղծագործելով իր «կյանքի պոլիֆոնիայում», հավատում է երաժշտության եւ մարդու միջեւ բացառիկ ու անբաժանելի կապին. «Երաժշտությունը իմ հավատարիմ եւ անփոխարինելի ընկերն է, որին վստահում եմ հոգուս գաղտնիքները», ասում է նա: |