ՔԱՐԴԱՇ ՕՆՆԻԿԻ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ «ԼԵՐԱՆ ՈԳԻՆ» Հ. Ծ. Գլենդեյլում գործող «Ապրիլ» գրախանութում մայիսի 4-ին տեղի է ունեցել նյույորքաբնակ քանդակագործ, մանկավարժ, գրող եւ հասարակական գործիչ Քարդաշ Օննիկի «Լերան ոգին» հատորի շնորհանդեսը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը: Հատորը բաղկացած է 2 գրքերիցՙ մեկը արեւմտահայերենով, մյուսըՙ արեւելահայերենով գրված: Անգլերեն բնագրից հատորը թարգմանել են Իշխան Ճինբաշյանն ու Շուշան Մանուկյանը: «Ցանկացա, որ բոլորին էլ մատչելի լինի հատորը», ասել է Օննիկը: Նա ծնվել է Զահլեում (Լիբանան) 1941-ին եւ 1958-ի եղբայրասպան կռիվներից փախչելով հաստատվել է Նյու Յորքում: «Լերան ոգին» տարածաշրջանային իրադարձությունների ժամանակագրական պատմություն է, շաղախված արվեստի, հոգեւորի եւ միջմշակութային երկխոսության խորհրդածություններով: Շնորհանդեսի ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխանի բաժին, որից հետո հեղինակը ստորագրել է իր գրքերը: |