RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



Հաղթանակի օր

Տեղադրվել է` 2013-05-09 23:22:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2200, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ՀԱՅԵՐՍ ԵՎ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Մտորումներ Մեծ հաղթանակի օրվա առիթով

Հայրենական մեծ պատերազմի ավարտից 68 տարի անց, երբ եզակի հայ վետերաններ են ողջ-առողջ, թվում է, թե աշխարհի ամենադաժան պատերազմում առաջադեմ ուժերի հաղթանակի այս օրը լոկ տուրք է քաղաքական հիշողություններին եւ իրողություններին, եւ գուցե կամաց-կամաց թեթեւացող պարտքՙ զոհվածների հիշատակին: Սակայն նույն քաղաքական իրողությունները գալիս են հաստատելու, որ չի մարելու Անհայտ զինվորի անմար կրակը, ժամանակի հետ չի մոռացվելու այդ պատերազմում հաղթածների փառքը եւ ժամանակի վայրիվերումներին վերջին 68 տարիներին ձեւավորված կուլ չի գնալու համաշխարհային կարգը: Այդ պատերազմում հաղթած դաշնակիցները ստեղծեցին Միավորված ազգերի կազմակերպությունը, սահմանեցին միջազգային իրավունքի հիմքերը եւ ազդարարեցին նոր աշխարհակարգ, որի ողջ անկատարությամբ հանդերձ, պտուղներից եւ առավելություններից են օգտվում մեր օրերի մարդիկՙ աշխարհի բոլոր մայրցամաքներում: Հետպատերազմյան ամենադաժան տարիներին, երբ իրար դեմ հառնած երկու քաղաքական ճամբարները դեգերում էին «սառը պատերազմի» բավիղներում, 1975 թ. ԱՄՆ-ի եւ նախկին ԽՍՀՄ-ի նախաձեռնությամբ ձեւավորվեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդը, որը կոչված էր կանխելու ռազմական առճակատման վտանգը եւ անվտանգություն ապահովելու Եվրոպայում, որտեղից սկսվել էին երկու համաշխարհային պատերազմներ: Թվում է, թե այս գլոբալ դատողությունները շատ հեռու են մեզՙ հայերիս հուզող ամենօրյա հոգսերից, եւ ներելի է մեր երիտասարդության անտարբերությունը, որը քիչ բան գիտե 2-րդ համաշխարհային պատերազմի, դրա հետեւանքների, էլ չասած մանրամասների մասին: Սակայն անանց է այդ պատերազմի հերոսների սխրանքը եւ չափազանց օգտակար Մեծ հաղթանակի մանրամասների խորհուրդները հասկանալը:

Մնայուն եւ փոփոխական արժեքներ

Քսան տարի առաջ, երբ նոր էր փլուզվել նախկին ԽՍՀՄ-ը եւ հետխորհրդային հասարակությունները փորձում էին հասկանալ, թե ո՞րն է իրենց տեղը նոր միաբեւեռ աշխարհակարգում, սկսեցին վերանայվել եւ վերաիմաստավորվել շատ նախկին արժեքներ, որոնց թվում մազ էր մնում, որ հայտնվեր Մեծ հաղթանակի իրողությունը: Վերջին տասը տարում Ռուսաստանն անընդհատ զարգանում է եւ այսօր իրավամբ հավակնում է բազմակենտրոն աշխարհի լիարժեք բեւեռներից մեկը լինելու շատ պատասխանատու դերին: Ժամանակակից Ռուսաստանը, որը միջազգային ասպարեզում ԽՍՀՄ իրավահաջորդն է, փորձում է թույլ չտալ Երկրորդ աշխարհամարտի պատմության այնպիսի վերաձեւում եւ վերաշարադրում, որտեղ կարող է աղավաղվել ոչ միայն նախկին ԽՍՀՄ դերը Մեծ հաղթանակի ապահովման գործում, այլեւ նորովի «իմաստավորվել» բազմաթիվ ժողովուրդների ճակատագրերում այդ պատերազմի ունեցած դերը: Այստեղ կա երկու տեսակ մոտեցում. Խորհրդային Միության փլուզմամբ ավարտվեց այսպես կոչված սոցիալիզմի աշխարհի պատմությունը, որի գործնական հետեւանքներից մեկը Արեւելյան Եվրոպայի պետությունների անջատումն էր Խորհրդային Միության ազդեցության ոլորտից եւ մուտքը դեպի ազգերի եվրոպական ընտանիք: Մյուս գործնական հետեւանքը հետխորհրդային պետություններում 1939-1945 թթ. պատմության մութ էջերի լուսաբանումն էր, որտեղ իրական եւ արդարացված մանրամասների հետ մեջտեղ եկան բազմաթիվ պատմական փաստեր, որոնք ստվերում էին Հայրենական մեծ պատերազմում նախկին ԽՍՀՄ խաղացած դերի պատմական գնահատականը: Այդպես պատահեց բալթյան երկրներում, այդպես պատահեց նաեւ Արեւմտյան Ուկրաինայում: Սակայն 20 տարվա ընթացքում նորամուծությունների այս ալիքն էլ կարծես անցնելու վրա է, իսկ Ռուսաստանն էլ շարունակում է հզորանալ եւ հարստանալ, իր վրա բեւեռելով իր արեւելյան ու արեւմտյան հարեւանների ուշադրությունը, որոնք խորհրդամերժության այս քսանամյակում առանձնապես ոչինչ չշահեցին, իսկ հիմա համագործակցության հնարավորություններից փորձում են օգուտներ քաղել: Եթե ԽՍՀՄ պատմությունից հանում ենք գաղափարախոսական բաղադրիչը, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների եւ հետեւանքների վերաիմաստավորման փորձերը հանգում են աշխարհաքաղաքական նոր իրողություններին հարմարեցվող նոր պատմություն ստեղծելու փորձերին: Եվ եթե իր պատմության առաջին տասնամյակում նոր Ռուսաստանը դեռ չգիտեր, թե ինչպես արձագանքել այդ նոր «վերաիմաստավորումներին», ապա այսօր Երկրորդ համաշխարհայինի պատմության կեղծարարությունը պաշտոնական Մոսկվան գնահատում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

Իմ խոսքերում ոչ մի չափազանցություն չկա: Մեզՙ հայերիս համար, այս դատողությունները բոլորովին հեռավոր կամ կողմնակի չեն: Դեռ «պերեստրոյկայի» տարիներին Հայաստանում սկսվել էր մի փնտրտուք, որի համաձայն Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցած հայերի թիվը հաշվարկվել էր ավելի քան 500 հազար, իսկ զոհերի թիվը հասնում էր 300 հազարի: Սկսել էին հաշվարկել հայ մասնակիցների ու զոհերի թվերը ոչ միայն նախկին Հայկական ԽՍՀ-ում, այլեւ նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետություններում եւ Եվրոպայի երկրներում ու ԱՄՆ-ում: Այն ժամանակ էր, երբ պարզվեց, որ պատերազմում հայերիս տված զոհերը չնչին չափով են զիջում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայիՙ նույն պատերազմում տված զոհերին: Զոհերի թվի ճշգրիտ անուն առ անուն վերահաշվարկն ընդհատվեց ԽՍՀՄ փլուզմամբ: Դեռ 30 տարի առաջ ընդունված էր ասել, որ Հայաստանում չկա ընտանիք, որը պատերազմում մասնակից չունենա: Այսօր այդ մասին խոսում են ավելի քիչ: Բայց քիչ չեն նրանք, ովքեր հիշում են, որ այդ պատերազմի տարիներին հայաստանցիներս առնվազն երկու անգամ զգացել ենք իրական ռազմական գործողությունների սկսման վտանգը: Առաջինը պատահել է 1943 թ. փետրվար-մարտին, երբ Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերի հաղթանակը կասեցրեց Թուրքիայի որոշումըՙ ներխուժել Անդրկովկաս: Երկրորդ անգամ նման վտանգ զգացին 1945 թ. մայիս-հունիսին, երբ արդեն խորհրդային զորքերը պատրաստվում էին պատերազմ սկսել Թուրքիայի դեմ: 92 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության տարածքը չի կոխրճել թշնամու կոշիկը: 19 տարի է, ինչ Արցախը արժանապատվությամբ ապրել եւ հաղթել է մեր օրերի ծանր պատերազմում:

Հաղթանակ մարդատյացության դեմ

Ինչ էլ որ գրեն ստալինյան ամբողջատիրության, խորհրդային ժամանակների դաժանությունների մասին, կասկածից վեր է, որ խորհրդային մարդկանց անասելի դիամադրողականության, մարտական ոգու եւ մարտական եղբայրության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել 20-րդ դարի մեծագույն չարիքինՙ ֆաշիզմին: Այսօր 68 ամյա այս եղելությունը մի նոր բնորոշում է ստանում աշխարհաքաղաքական նոր վերաձեւումների մեջ: Վերաբերմունքը մեծ հաղթանակի իրողությանը դառնում է վերաբերմունք Ռուսաստանի ու նրա ռազմաքաղաքական դաշնակիցների նկատմամբ: Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի բերկրանքը ուժ է տալիս այսօրվա այն մարդկանց, ովքեր հավատարիմ են ռազմական դաշինքին ու մարտական եղբայրությանը ու շատ լավ են հասկանում, որ առանց նախկին Խորհրդային Միության ժողովուրդների միասնության ու համախմբվածության այդ հաղթանակին պարզապես հնարավոր չէր հասնել: Եվ ընդհակառակը. աշխարհաքաղաքական անցողիկ վայրիվերումներում այս պարզ ճշմարտությունների մեջ սեպ խրողների, այս ճշմարտությունները կասկածի տակ դնել փորձողների վրա հենվելու աշխարհաքաղաքական մրցակիցների փորձերը հերթական անգամ բումերանգի պես հետ են հարվածում, ինչպես դա եղավ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Այն ժամանակ էր, երբ Գերմանիային փորձեցին դրդել ԽՍՀՄ-ի դեմ, այլ ոչ թե ֆաշիզմը խեղդել իր բնօրրանում: Թե ինչով ավարտվեցին այդ ճարպիկ փորձերը, այսօրվա սերունդը գիտի դասագրքերից: Այս հաղթանակի անանց խորհուրդներից մեկն էլ այն է, որ չի կարելի թույլ տալ 68-ամյա վաղեմության պատմության մոռացությունը, որովհետեւ դրանից մի քայլ է դեպի այլատյացություն (սլավոնների, հրեաների եւ էլի մյուս ժողովուրդների դեմ), ատելություն բորբոքելու փորձեր: Եթե գաղափարախոսական իմաստով աշխարհը հաղթահարել է ամբողջատիրության եւ գլոբալ առճակատման հետեւանքները, ապա աշխարհաքաղաքական իմաստով բազմաբեւեռ աշխարհի նոր ձեւավորվող հիմնական բեւեռների միջեւ մրցակցությունը ընդունել է նոր ձեւերՙ զուգակցելով մրցակցությունն ու համագործակությունը: Գլոբալ մրցակցության ներքին բովանդակությունը մնացել է նույնը, բացառելով ատելությունը եւ իրարամերժությունը: Մենքՙ հայերս, որ ցրված ենք աշխարհով մեկ, մեր այս վիճակի թուլությունը ուժի վերածելու ճիշտ ճանապարհին ենք: Ահա թե ինչու, օգտվելով Մեծ հաղթանակի ու նրան հաջորդած քաղաքական բառապաշարից, պետք է բարձրաձայնենք հայատյացության բորբոքման անմարդկային փորձերի դեմ, դա անելով հետպատերազմյան քաղաքական քաղաքակիրթ բառապաշարի զինանոցի ընձեռած բոլոր հնարավորություններով:

Հիշել հանուն հայապահպանության

Արժեր, որ Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակը Հայաստանում ավելի հնչեղ նշվեր: Լավ է, որ մայիսի 9-ին Արցախյան ազատամարտի հետ միասին մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին ու ողջ վետերաններին: Ճակատագրի բերումով Շուշին ազատագրվել է մայիսի 9-ին: Մեր օրերի հերոս արցախցիներին ուժ է տվել նաեւ Երկրորդ աշխարհամարտի հայ զորավարների ու հերոսների փառքը: Արժե, որ մեր օրերի պատմաբանները վերստին անդրադառնան Երկրորդ աշխարհամարտի ռազմական ու քաղաքական պատմությանը, իմաստավորեն այն մեր ժողովրդի համար անանց նշանակություն ունեցող արժեքների դիրքերից: Այստեղ շատ բան կա գրելու եւ խորհրդային ժամանակներիցՙ շատ կիսատ մնացած թեմաներ, որոնք կարոտ են անաչառ ուսումնասիրության եւ խնամքով շարադրանքի: Օրինակՙ դեռ խորհրդային ժամանակներում շատ մտավորականներ համարձակորեն տարակուսում էին, թե ինչպես պատերազմում հաղթանակ տարած երկրի առաջնորդը անգթորեն դատապարտում եւ աքսորում էր ոչ իրենց մեղքով գերի ընկածներին: 50-60-ական թվականներին այդ անարդար դատավճիռների մեծ մասը վերանայվեց, իսկ մարդիկ արդարացվեցին: Մայիսի 9 երկու մեծ հաղթանակի օր լինելով, հայերիս մեջ կարող էր մեծ հանդուրժողականության եւ հասարակական մեծ համերաշխության օր նաեւ լինել: Այսօրվա Գերմանիան այսօրվա Ռուսաստանի գազի ամենամեծ գնորդներից մեկն է եւ ամենախոշոր ներդնողներից մեկը: Նացիզմի հետեւանքների հաղթահարումը հնարավոր է դարձրել նման մեծամասշտաբ համագործակցություն: Երկրորդ աշխարհամարտի ողբերգական էջերի վերհանումը պետք է որ թույլատրելի լինի, եթե վերանայման ենթական չէ ֆաշիզմիՙ որպես մարդկության մեծագույն չարիքի վերացման անհրաժեշտությունը: Բոլոր նրանք, ովքեր փորձում են այլատյացության, օտարատյացության, մարդատյացության համար հիմնավորումներ գտնել, պետք է հիշեն Երկրորդ աշխարհամարտի դասերը: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այդ պատերազմի մանրամասների ու հաղթանակի խորհուրդը մոռացության տալով կարելի է հող նախապատրաստել նոր քաղաքական ու գաղափարախոսական հարձակումների համար, նույնպես պետք է հիշեն Երկրորդ աշխարհամարտի խորհուրդը: Հիշելով այդ պատերազմը, հասկանալով դրա հետեւանքների, արդյունքների ճանաչման անհրաժեշտությունը եւ համաշխարհային աշխարհակարգի հիմքերի աներերությունը, մենք հիմնավորում ենք մեր հավատարմությունը մեր ռազմաքաղաքական դաշնակիցներին, մեր մարտական եղբայրությանը, բարեկամներ ենք փնտրում աշխարհում եւ հաստատակամ ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որի բարոյական ու քաղաքական հիմնավորումներն անթերի են հենց նույն ժամանակակից աշխարհակարգի (ասել կուզիՙ միջազգային իրավունքի) տեսանկյունից:

Նկար 1. Հայկական Թամանյան դիվիզիայի մի խումբ մարտիկներ եւ հրամանատարներ

Նկար 2. Խորհրդային Միության կրկնակի հերոսներ Հովհաննես Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ