RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



ԳՐԱՏՈՒՆ

Տեղադրվել է` 2013-05-09 23:22:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1338, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՓՈՂՈՑԻ ՆՈՐԵԿԸ

Մ. Բ.

Երեւանյան սովորական փոքր փողոցներից է Հակոբ Հակոբյան փողոցը, ապրում է սովորական իր առօրյան, ուշագրավ ոչինչ չկա պրոլետարիատի բանաստեղծի անունը կրող այս փողոցում: Երբեմն-երբեմն ամռանն ասֆալտվող մայթեր (ավելի շուտ ընտրությունից ընտրություն), երեկոները կիսամութի մեջ ընկղմված, ձմռանը սառցաշերտի այնպիսի հաստությամբ, որ թվում է, բնավ չի հալվելու: Փողոցի նշանավոր եւ ժամանակին գիտաարդյունաբերական ստրատեգիկ կենտրոն հաշվիչ մեքենաների Մերգելյանի ինստիտուտը այլեւս շատ հեռու է նախկին առաջատար բնույթից ու նշանակությունից: Վերջին շրջանում այս հիմնարկում շատ են անցկացվում տարաբնույթ expo-ցուցադրություններ: Դիմացի այգին, ժամանակին բաց զբոսայգի-հանգստավայր էր, թեեւՙ փոքր. հիմա այդ տարածքը բնակեցրել են սրճարաններն ու զանազան կրպակները, նարդի-շախմատի տաղավարներն ու մանկական կարուսելները: Օպտիմալ լուծում են գտելՙ փոքր տարածքի վրա խտացնել առեւտրի, շահույթի ամենահնարավորը: Առհասարակ այս փողոցի մայթերն օգտագործված են հնարավորինս արդյունավետ: Շուկան ամենաաշխույժ հատվածն է, մայթի կեսը զբաղեցրած: 6-7 տնտեսական ու մթերային խանութ, 2-3 ատամնաբուժարան, մի այդքան նորաձեւության կետ, 3 դեղատուն, 3 գեղեցկության սրահ, լեզուներիՙ 2 թե 3 ուսուցման կենտրոն, տարադրամի ոչ մի փոխանակման կետ, 2-3 կոշկակարանոց, որոնցից մեկիՙ նեղ մարդաբոյ չհասնող բարձրությամբ ու երկարությամբ տարածքում նստած մարդը փիլիսոփայական մտորումներ ունի, կյանքի, մարդկային հոգու հավերժական գոյության, վերամարմնավորման եւ պատկերացում է տալիս հետաքրքրվողինՙ հատուկ գիտությամբ կազմված աղյուսակով անցյալ կյանքերի ու կարգավիճակների մասին:

Կենցաղային անհրաժեշտության բոլոր սպասարկման ձեւերն այստեղ կան, եւ բնակչին հարմարավետ է մոտակա կետերից օգտվելու այս ձեւը: Չես էլ սպասում գրավիչ, անսովոր մի նորություն, որովհետեւ փողոցը հագեցած է բավականաչափ: Բայց ահա մի օր անձրեւից հետո բուսած սունկի պես հաճույք պատճառող, աչքառու կարմիր տառերով գրությունը շենքերից մեկի 1-ին հարկի ճակատին, վրիպել չէր լինի: Կարծում եմՙ բոլորն անմիջապես դա տեսանՙ ոչ բար, ոչ սրճարան կամ զվարճատեղի, ոչ էլ կենցաղային սպասարկման հերթական օբյեկտ է: Շենքի այս մասում կարմիր տառերով գրված է ԳՐԱՏՈՒՆ: Գրատներ այսօր Երեւանում քիչ կան, եղածներն էլ կենտրոնական կամ գոնե մեծ փողոցներում են: Մեր այս Հակոբյան փողոցը աննշան տեղ է, տեսնես ինչ են մտածել այս մարդիկ: «Բարեկամություն» մետրոյի գետնանցուղու սանդղահարթակների մի փոքր հատվածում մի օր հայտնվեց գրքերի փոքր կրպակ, որը բնականաբար կոշկեղենի, հագուստեղենի, դիմահարդարանքի պարագաների մրցակցությանը չդիմացավ եւ արագ փակվեց: Մեր փողոցի գրատունը, սակայն, ապագա խոստանում է, օրեր անց կողքի պատին փակցվեց Print-ի մեծադիր պաստառըՙ համապատասխան ծառայության ծանուցումով: Բուն գրատունը համալրված է, եւ հիմնական անհրաժեշտ տեսականինՙ գրենական պիտույքների եւ գրասենյակային առարկաների, կան: Սակայն ինձ հետաքրքրողը գրքերի բաժինն էր, որի հիմնական մասը մանկական գրականությունն էՙ հայերեն եւ ռուսերեն, աֆորիզմների բրոշյուրներ, երկլեզվյա բառարաններ: Գրատան աշխատողները առայժմ գրականությանՙ հատկապես գեղարվեստական, լայն տեսականի, վարանում են ներկայացնել, պահանջարկի առումով վստահ չեն: Շուկայում այս ոլորտն իմացող մարդկանցից շատերը աբսուրդ են համարել ներկա պայմաններում գրատուն բացելը: Գրատան պատերին Մարկեսի եւ մի երկու դարձյալ հայտնի գրողների նկարներն ու աֆորիզմներն են փակցված, բայց նրանց ստեղծագործությունները առայժմ վարանում են մուտք գործել վաճառք:

Թվում է սովորական բան է եւ արտառոց, զարմանալու ոչինչ չկա: Սակայն մեր կյանքի տրամաբանությունն այնպիսին է, որ զարմացնում են մարդիկ, ովքեր սկսում են մտածել մարդու հոգեւոր պահանջները բավարարող բաների մասին: Միջավայրի նորեկը անսովոր-խորթ անծանոթի պես զարմացրեց շատերին:

Այս մասին գրում եմ զուտ այն բանից հետո, երբ ականատեսը եղա, թե ինչպես կողքի վարսավիրանոցի աշխատակցուհիները ուրախությամբ միմյանց տեղեկացնում էին դրացի նորեկի մասին: «Վերջապես,- ասում էր նրանցից միջին տարիքի կինը,- երեխային գիրք, տետր եւ նման բաներ են անհրաժեշտ լինում, եւ չգիտենք, որտեղից գնենք. պիտի հասնենք կենտրոն, իսկ հիմաՙ ինչ լավ է, կողքներիս է»: Մտածել, թե միայն դեֆիցի՞տն է պատճառը այս վերաբերմունքի- բայց չէ՞ որ մարդ արարածը մարմնականի մասին հոգ տանելուց ու զվարճանալուց բացի, ունի նաեւ ոչ պակաս կարեւոր մեկ այլ պահանջ եւսՙ հոգեւոր ու մտային սնուցման պահանջ. թե չէ քաղաքը լցված է միայն կենցաղի ու զվարճանքի կետերով: Նման տրամադրությունների մեջ միշտ հիշում եմ 15-20 տարի առաջ 2-րդ անգամ Հայաստան եկած ֆրանսահայ մտավորականի խոսքը, երբ իմ տրտունջներին ի պատասխան ասաց. «Պիտի հղփանան, որ հագենան»:

Մարդու բնույթը, պահա՞նջն է այսպիսինՙ ցանկությունների ծով այս կյանքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ