ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է 90-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 90-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում: Մեր ընտրանին ունի 421 միավոր: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Մալթայի ընտրանին, որի հետ մեր ֆուտբոլիստները Երեւանում կմրցեն հունիսի 7-ին, դասակարգման ցուցակում մեկ հորիզոնականով առաջադիմել ու հանգրվանել է 156-րդ տեղում: Իսկ Դանիայի հավաքականը, որի հետ ընտրական մրցախաղը կայանալու է հունիսի 11-ին, պահպանել է տեղը 20-րդ հորիզոնականում: Անփոփոխ է մնացել լավագույն տասնյակը: Ցուցակը գլխավորում են աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն իսպանացիները: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցնում են Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները, որոնց հաջորդում են Խորվաթիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան, Իտալիան, Հոլանդիան եւ Էկվադորը: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից լավագույնը Ռուսաստանն է, որը պահպանել է 11-րդ հորիզոնականը: 2-րդ արդյունքն ունի Ուկրաինան, որը 37-րդ տեղում է: Մյուս հավաքականների ցուցանիշներն այսպիսին են. 66. Ուզբեկստան, 69. Բելառուս, 92. Էստոնիա, 96. Վրաստան, 110. Լատվիա, 111. Լիտվա, 112. Տաջիկստան, 120. Ադրբեջան, 133. Թուրքմենստան, 139. Մոլդովա, 143. Ղրղզստան, 144. Ղազախստան: |