ՎԵՏԵՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է Ի. Պ. Վերջին տվյալներով` Հայաստանում ապրում է շուրջ 1855 վետերան, եւ վետերանական գործող կազմակերպությունները 50-ն են: Իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակից ամենատարեց հայ վետերանն արդեն 100 տարեկան է: Ըստ վիճակագրության` վետերանների թիվն ամսեամիս նվազում է: ՀՀ Վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը նշում է, որ այժմ վետերանների համար ամենակարեւորն իրենց հանդեպ ուշադիր վերաբերմուքն է. վետերաններն իրենց լավ են զգում անգամ ամեն մի ջերմ խոսքից: Սիմոն Եսայանը հավելում է, որ վետերաններին պետք է վերաբերվել ավելի հարգալից. «Չէ՞ որ պատերազմում հաղթանակը նրանց հեշտ չի տրվել»: Իհարկե, վերաբերմունքից բացի` վետերանները կանգնած են նաեւ սոցիալական ու առողջական առաջնային խնդիրների առջեւ: Երեկ Հաղթանակի 68-րդ տարեդարձի առթիվ «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ վարչապետը նշեց, որ վետերաններին ցուցաբերվող պետական աջակցության հարցում փորձում են առավելագույնն անել, բայց ինչ էլ անեն, վետերաններն ավելիի են արժանի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ կառավարությունը կփորձի անել ամեն ինչ, որպեսզի վետերանները զգան պետության ու հասարակության ուշադրությունը: 2012 թվականին վետերանների հանգստի ու վերականգնողական բուժման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել էր 12 միլիոն դրամ: Վետերանները հուսով են, որ դա կլինի շարունական, ու ամեն տարի իրենց դիմումների համաձայն` կուղեգրվեն որեւէ առողջարանային կենտրոն: Հիշեցնենք, որ կառավարության` վետերանների սոցիալական պայմանները բարելավելուն ուղղված միջոցառումների մեջ ընդգրկված է նաեւ 100 վետերանի համար ամեն տարի «Արզնի» առողջարանային կենտրոնում հանգստի ուղեգրերի տրամադրումը: |