ԱՊՐԻԼ-ՄԱՅԻՍՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՍՈՒՐԵն Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱԱ Պատմ. ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պգթ Երկար տարիներ է, որ խորհում եմ ապրիլ-մայիս հաջորդականության ու մեզանում անչափ կարեւոր, նշանակություն ունեցող օրգանական կապի մասին: Առաջին հայացքից դա տարվա 12 ամիսներից երկուսի նորմալ, հերթական ու հաջորդական անցում է, սակայն հայոց պատմության տեսանկյունից այնքան էլ միանշանակ ու սովորական փոփոխություն չէ: Ապրիլն արդեն շուրջ 100 տարի հայության մեջ խորհրդանշում է Հայոց մեծ եղեռնը, Լեմկինի ձեւակերպմամբ եւ 1948 թ. ՄԱԿ-ի ընդունված հայտնի կոնվենցիայի հաստատագրումով` Ցեղասպանությունը: Ապրիլն ու «գենոցիդների մեջ ամենագենոցիդային արմենոցիդը» գրեթե նույնացվել են, սերտաճել, դարձել մեր խեղճության, անճարակության, անզոր ու անտեր մորթվելու հոմանիշ: Ապրիլն ինձ` պատմաբանիս համար, զուգորդվում է նաեւ մի շատ տխուր, անչափ ցավոտ, երբեմն անզորությունից արտասվելու աստիճանի հասցնող հասկացության` անմիաբան լինելու զգացողության հետ: Մայիսն, ընդհակառակը, վերջին տասնամյակներում մեզանում դարձել է ապրիլի հականիշը: Դարձել պայծառ գալիքի, հաղթանակների խորհրդանիշ, դարձել Ավարայր ու Վան, դարձել Շուշի: Մայիսն է մեզ հույս տվել, հավատ ներշնչել, հաղթանակներ կռելու հնարավորություն պարգեւել: Հպարտ ու գլխաբարձր քայլելու, աշխարհի քաղաքակիրթ մասին հավասարի գիտակցությամբ վերաբերվելու եւ, որ մեզ համար ամենաէականն ու կարեւորն է, միակամվելու, բռունցքվելու եւ հաղթելու ըմբռնումը պարգեւել: Դե արի ու ապրիլ-մայիս հաջորդականությունը սովորական ու հերթական համարիր, դե արի ու լայնածավալ հպարտությամբ մի արձանագրիր, դե արի ու լայնածավալ հպարտությամբ մի արձանագրիր, որ Բեռլինն ու Շուշին անմիջական կապի մեջ են, մոտավորապես 1896 թ. եւ 1915 թ. Վանի հերոսամարտերը, երբ առաջինը երկրորդի նախադուռն ու դպրոցը դարձավ: Թող ոչ ոք չկասկածի, որ Շուշիի անմիջական նախերգանքը Մեծ հայրենականն էր ու Բեռլինը: Քանի որ հենց 1941-45 թթ. ընթացքում կոփվեց ու վերջնական ձեւավորում ստացավ մեր հաղթելու հավատը, մեզ համար հաղթելու ոգին: Հայը հասկացավ, որ այլեւս շատ է զիջել, կորցրել ու կծկվել, որ այլեւս քարտեզի վրա դժվար է ոչ հայաստանաբնակ հայի համար գտնել ու ցույց տալ Հայաստանը: Որ հարկավոր է վերջապես ոչ միայն կանգնեցնել, այլեւ շտկել անվերջ գահավիժելու, անընդհատ պարտվելու տխուր գործընթացը: Իհարկե, 1941-45 թթ. կռիվը Հայաստանի տարածքում չէր, ճիշտ է նաեւ, որ հաղթանակը մե՜ծ, շատ մեծ, հայերի նման փոքր ժողովրդի համար անչափ մեծ կորուստների գնով եղավ, սակայն ճիշտ է նաեւ, որ այն նաեւ մեր կռիվն էր, հայի հայրենականն էր: Երիցս ճիշտ չեն բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե այդ կռիվներն ու կորուստները զուր էին ու հայությանը ոչինչ չտվեցին: Ովքեր գրում են. «Արցախյան պատերազմում մենք տվեցինք (հազար ափսոս) 6000 զոհ, սակայն ազատագրեցինք մոտ 12 հազար քառ. կմ: Երկրորդ աշխարհամարտում տվել ենք 250-300 հազ. զոհ, փոխարենը` ոչինչ: Ինչո՞ւ ենք այն կոչում հայրենական պատերազմ, այն էլ` ՄԵԾ: Հերիք է կապկենք ռուսին» (https://www.facebook.com/profile.php?id=100001064981944, Օնանյան Վարդանի ֆեյսբուքյան էջ): Չէ՛, «նորովի» մտածող իմ բարեկամներ, եթե նախկինում Հայրենականի հաղթանակի աղբյուրների թվարկման ժամանակ ամենավերջին տեղում էր նշվում, իսկ շատ հաճախ ընդհանրապես չէր էլ հիշատակվում հոգեբանական գործոնը, ապա այժմ առաջին հորիզոնականներում է, իսկ մեզ` հայերիս համար, իմ խորին համոզմամբ` ամենաառաջինն է: Աներկբայորեն կարող ենք արձանագրել. Հայրենականը նաեւ հայինն էր ու հենց այնտեղ կոփվեց, ավարտուն ձեւակերպում ստացավ մեր հաղթելու հավատը, սեփական ուժերով հաղթելու հնարավորությունը իրական լինելու հանգամանքը: Ուզում եմ մի փոքրիկ դիտարկում էլ անել: Մենք` հայերս, ոչ մի տեղ չգրված ոչ մի օրենքով, որպես կանոն, խուսափում ենք երեխա ամուսնացնել, հարսանիք անել մայիս ամսին, որովհետեւ նախապաշարում ունենք, թե իբր «մայիս-վայիս» հանգամանքը կա ու մայիս ամսին ամուսնացող զույգը բախտավոր ու երջանիկ չի լինի: Իրականում բոլորս գիտենք, որ նման բան չկա ու չի էլ եղել, թե չէ ինչու «մայիս-վայիս» կլինի, իսկ, ասենք, «հունիս կամ հուլիս-վայիս»` ոչ: Պարզապես, իմ կարծիքով, դա հնարվել է, որպեսզի մեր հաղթանակների մայիս ամսում այլ բաների վրա ժամանակ ու ջանքեր չկորցնենք, մեր միտքն ու ձեռքը չզբաղեցնենք, որ հարմար առիթ ներկայանալու դեպքում պատրաստ լինենք, միավորվենք, միակամվենք ու նորանոր հաղթանակներ կռենք: Այնպես որ, մեծ, շատ մեծ խորհուրդ ունի մեզ համար ապրիլ-մայիս անցումը: Խեղճուկրակ, չգիտեմ ում մեղքով եւ ում ցանկությամբ, խոնարհ ու հեզ մորթվելու, միլիոնների հասնող անմեղ զոհեր տալու, մազոխիստի կերպարով աշխարհին ներկայանալու փոխարեն մենք այսօր բանաձեւում ենք. Մայիսն է այլեւս մեր կերպը, պահանջատեր ենք այլեւս: Հզոր ու հպարտ, վերջապես խելքի եկած, սթափ եւ մեզ ու արդարությանը զորավիգ Հայոց ցեղասպանությունն օրենսդրորեն ճանաչած աշխարհի 22 պետությունները, ապագայում եւս, բնականաբար, ճանաչող շատ այլ երկրները, համաշխարհային վեց կարեւոր կազմակերպությունները, արդեն իսկ 100-ամյա կեղծիքի թմբիրից վերազարթնող եւ պատմական ծանր բեռը թոթափելուն աստիճանաբար ձգտող թուրք ժողովրդն ու աշխարհասփյուռ բռունցքված հայությունն են դրա գրավականը: |