ԱՐՈՆՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ Ստավանգերում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով արդեն 24-րդ քայլին պարտության մատնեց մրցաշարի հետնապահ Յոն Լյուդվիգ Համերին: Դա Արոնյանի 2-րդ հաղթանակն էր: Արոնյանը վաստակեց 3,5 միավոր ու մոտեցավ առաջատարին: Տուրի կենտրոնական հանդիպումն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ մրցաշարի առաջատար Սերգեյ Կարյակինի մրցավեճն էր: Երկարատեւ պայքարից հետո 57-րդ քայլին հաշտություն կնքվեց: Կարյակինը 4,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Հաշտություն կնքեցին Վեսելին Թոփալովն ու Վան Հաոն, Հիկարու Նակամուրան եւ Պյոտր Սվիդլերը: Համարը տպագրության ուղարկելու պահին Կառլսեն-Ռաջաբով պարտիան դեռ շարունակվում էր: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Վան Հաոյի հետ, որը 2 միավորով ընթանում է նախավերջին` 9-րդ տեղում: |