ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ Վիրահայոց թեմի մամլո դիվան Մայիսյան եռատոնի գագաթնակետ դարձավ մայիսի 10-ին Թբիլիսիի «Արտհալ» համերգային դահլիճում տրված համերգը, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը: Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, դեսպանի խորհրդական Լեւոն Թորգոմյանը, Վիրահայոց թեմի հոգեւոր դասը, պաշտոնեության, մտավորականության, գործարար շրջանների ներկայացուցիչներ, հյուրեր Երեւանից, Ջավախքից, վիրահայ համայնքի անդամներ: Հայրենական պատերազմի մեծ Հաղթանակին եւ Շուշիի ազատագրմանը նվիրված համերգը նաեւ խոնարհում է այդ հաղթանակներին հասնելու ճանապարհին ընկած մեր ազգակիցների հիշատակի առջեւ: Իսկ այդ հիշատակը անդրադարձող տեսանյութի միջոցով Մեծ հայրենականի, Արցախյան հերոսամարտի եւ Շուշիի ազատագրության դրվագներն էին: Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Տեր-Թադեւոսյան, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան-ահավասիկ դեմքեր, որ հերոսաբար հարթել են ճանապարհը դեպի հաղթանակ, դեպի ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-ներկայացնում է համերգի վարողՙ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող եւ մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանը: Նա հպարտությամբ բարձրաձայնեց Կոմանդոսիՙ թբիլիսեցի մեր հայրենակից Արկադի Տեր-Թադեւոսյանի քրոջՙ տիկին Մարգարիտի ներկայությունը տոնական համերգին: Շուշիի ազատագրման օրվան նվիրվեց Վիրահայոց թեմի կայք-էջի շնորհանդեսը, որն այսուհետ սպասարկելու է չորս լեզուներով: Համերգի վերջում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր գնահատանքի իր խոսքում խոսեց Շուշիի ազատագրման եւ Մեծ հաղթանակի կարեւորության մասին եւ ասաց. «Մեր ժողովուրդները միասին էին պայքարում նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի այս երկու քրիստոնյա ժողովուրդների բարեկամությունն անմահ է, որը միշտ էլ ուղի է հարթում դեպի հաղթանակ, դեպի լուսավոր ապագա»: Տոնական համերգին ազգային, հայրենասիրական, ժողովրդական երգերի ու պարերի գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Հայարտուն« կրթա-մշակութային կենտրոնի հովանու ներքո գործող «Ներսես Շնորհալիի» անվան կրտսեր եւ ավագ երգչախմբերը, «Ջեյրան»,«Մուշ», «Անի» եւ Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի «Վանք» պարային համույթները, անհատ երգիչ-երգչուհիները: |