ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԵԿԵՆԱՍՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ԵԿԵՂԵՑԻ, ԵՎ ԲՀԿ-Ի ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՆ ԷԼ ՓԱԿՎԵՑ Մ. Խ. Մինչ երեկ հետմիջօրեին Աբովյանում պետք է բացվեր եւ օծվեր ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեկենասությամբ կառուցված Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, լրատվամիջոցները քիչ մնաց այդ իրողությունը դարձնեն քաղաքական իրադարձություն: Քննարկվում էր` ո՞ր քաղաքական ուժն է հրավիրված, որը` ոչ, Ազգային ժողովի ո՞ր խմբակցություններից են ներկա լինելու, ո՞վ է գալու, ով` չէ, հրավիրված երեք նախագահներից ո՞վ է ներկա լինելու, ով ` ոչ: Չնայած` դա էլ հասկանալի է, վերջին երեք ընտրություններին Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի առումով այնքան բան մնաց չպարզաբանված, որ ԲՀԿ-ի առաջնորդի հետ առնչվող ամեն հնարավոր առիթ քաղաքական իրողության երեւույթն է ստանալու: Մինչդեռ երեկ Աբովյանում Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ հանդիսապետությամբ իսկապես հոյակերտ, եկեղեցաշինության հայկական կանոնները պահպանած եկեղեցի բացվեց , եւ դա այլեւս բոլոր հայերինն է, սա, կարելի է ասել, օրինակելի նախաձեռնություն է: Ու այս առումով գնահատելի են մեկենասի ջանքերը, ով եկեղեցու բացման առումով լրագրողներին ասաց, թե վերջապես հասավ իր նպատակին` եկեղեցին ժողովրդին նվիրելով ու բոլորի առաջ նրա դուռը բացելով: Նա մինչեւ օծման սկիզբն ասաց, թե յոթ տարի միշտ գալիս, հետեւում էր շինարարությանը, ու հուսով է, որ եկեղեցին համերաշխություն է բերելու երկրին: Ու այդ միտքը կրկնեց եկեղեցու բակում հավաքվածներին ուղղված խոսքում` նշելով, թե ուրախ եւ հուզված է, քանի որ յոթ տարի շարունակ ամեն օր այցելելով շինհրապարակ` ուրախացել է ամեն դրած քարով, իսկ ամեն խոչընդոտովՙ մտահոգվել: Իսկ հիմա վերջապես հանձնում է եկեղեցին նրան, ում պատկանում է` ժողովրդին.«Թող այս եկեղեցու կառուցումը դառնա բարօրության, հանդուրժողականության, ազնվության, փոխադարձ սիրո մի մեծ ազդակ բոլոր հայաստանցիների համար: Սա է լինելու այս եկեղեցու ներսում իմ առաջին խնդրանքն Աստծուն», ասաց նա: Եկեղեցու բակում սեղաններ էին գցված, որտեղ արարողությունից հետո բազմաթիվ մարդիկ հյուրասիրվեցին: Իսկ բարձրաստիճան հյուրերին Գագիկ Ծառուկյանը հետո պատվեց էլի երեկ բացված իր հյուրանոցախաղային համալիրում: Եկեղեցու բացմանն այնքան մարդ էր եկել, որքան կերազեին, որ ներկա լինեին Ազատության հրապարակում միտինգ անող առաջնորդներից ամենամարդաշատ հանրահավաք հավաքածներն անգամ: Օծմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրի տնտեսական ու քաղաքական վերնախավը` ընդդիմադիր եւ իշխանամետ, Հայաստանում հավատարմագրված դեսպանները, բազմաթիվ հյուրեր` Գագիկ Ծառուկյանի այլերկրյա գործարար շրջապատից: Ռոբերտ Քոչարյանը, որ եկել էր տիկնոջ հետ, լրագրողներից խուսափեց, իսկ 2018-ին վերադառնալու մասին հարցին ի պատասխան` հընթացս հարցով պատասխանեց` ուզու՞մ եք: Իսկ ահա տարբեր պաշտոնյաների հետ ակտիվ ողջագուրվում էր: Ամեն դեպքում` իրողություն է, որ Ծառուկյանի մեկենասությամբ կառուցված եկեղեցու օծմանը եկել էին ե՛ւ ներկա նախագահը, ե՛ւ նախկինը, եւ դա վերլուծողների հեռագնա եզրակացությունների նյութ կարող է դառնալ: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր եկել, նրա փոխարեն հրավերն ընդունել ու ներկա էր նրա տիկինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես ներկա չէր (նրա փոխարեն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էր ներկա): ՀՅԴ-ից եւ ՀԱԿ-ից նույնպես ներկա պատգամավորներ կային: Գ. Ծառուկյանը երկու նախագահներին ուղեկցեց արարողությանը, իսկ ահա բուն արարողությանը նստած էին Ծառուկյանը, նախագահ Սարգսյանը, Լուկաշենկոն իր որդու հետ, ապա Քոչարյանն իր տիկնոջ հետ: Լրագրողները, Ծառուկյանի հետ զրույցում, իհարկե, խոսքը տարան քաղաքական հուն. հարցին, թե ինչու չեն եկել Հայաստանի բոլոր երեք նախագահները, Ծառուկյանը նշեեց, թե բոլորին էլ հրավեր ուղարկվել է, եւ ամեն մեկն իր խղճին թող պատասխանի: Լրագրոողները փորձեցին իրենց հարկավոր պատասխանը ստանալ` արդյո՞ք հրավիրել է (այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանին)` բոլորին միավորելու ցանկությամբ, Ծառուկյանն էլ ի պատասխան նշեց, թե այո, պետք ընդհանուր միավորում լինի, որ երկրի համար հաջողություն ու հաղթանակ լինի: Հարցերին ի պատասխան` Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ, արդեն երեք-չորս ընդդիմադիր կուսակցություն կա, իսկ հինգ-վեցը երկրին պետք չեն: Ծառուկյանի ղեկավարած ուժը կողմնակից է այն բոլորին, ինչ օգտակար ու ձեռնտու է ժողովրդին, ինքը, Ծառուկյանն էլ, իր խոսքով քաղաքականություն է մտել ոչ անձնական շահի, ոչ քծնելու, այլ միայն երկրի զարգացման համար: |