ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆԸ` ՈՐՊԵՍ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐԻ Վ. Պ. Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ողջունելով Հայաստանի արտգործնախարարինՙ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ու ընդգծել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են, եւ այս այցելությունը լավ առիթ է ամփոփելու ձեռքբերումները եւ քննարկելու տարբեր բնագավառներում դրանց առավել զարգացման հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ Փարիզ այցելելու հրավերի համարՙ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսիային եւ Հայաստանին միավորում են առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք խարսխված են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա: Ըստ Նալբանդյանի, բնական է, որ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո իր առաջին այցելություններից մեկը կատարում է բարեկամ Ֆրանսիա: Նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ փոխհարաբերությունների վերընթաց զարգացումը, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ձեւավորված լայն իրավապայմանագրային դաշտը: Ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ակտիվ համագործակցություն է ընթանում գիտակրթական եւ մշակութային ոլորտներում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի ստանձնելիք նախագահությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը: Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունըՙ շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերըՙ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: |