RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-02-06 01:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1868, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԹՈՒՐՔԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 24-Ը ՎԵՐԱԾԵԼ ՖԱՐՍԻ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Առաջին անգամ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը պաշտոնապես նշելու ծրագրի մասին ես լսեցի անձամբ Ահմեդ Դավութօղլուից դեռեւս 2011 թ.ին, Ստամբուլում, որտեղ բրիտանական Wilton Park հասարակական կազմակերպությունը «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» թեմայով միջազգային համաժողով էր կազմակերպել: (Տեսՙ «Ազգ», 29.03.2011 թ.): Պատասխանելով Հայաստան-Թուրքիա պրոտոկոլների ճակատագրի վերաբերյալ իմ հարցին, այն ժամանակ դեռեւես արտգործնախարար Դավութօղլուն ի մեջ այլ բաների նշեց, մեկ անգամ եւս «զրո պրոբլեմ հարեւանների հետ» սնամեջ կարգախոսը կրկնելուց հետո, թե իր երկիրը պատրաստվում է 2015 թ.ին Մեծ Բրիտանիայի եւ Առաջին համաշխարհային պատերազմում նրա դաշնակիցների ու այլ երկրների մասնակցությամբ ռազմածովային եւ այլ հանդիսություններով նշել Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձը, ոգեկոչել հիշատակը տասնյակ հազարավոր բազմազգ զոհերի եւ այլն, եւ այլն:

Այն ժամանակ Դավութօղլուն չէր ասել, որ 100-ամյակի նշումը կատարվելու է հենց ապրիլ ամսին, հե՛նց Ապրիլի 24-ին: Ու չեմ կարող պնդել, որ 2011 թ.ին արդեն որոշված էր ճշգրիտ թվականը: Սակայն բացահայտ է արդեն, որ Դավութօղլուն է հեղինակը, ավելի շուտՙ սցենարիստը այդ ներկայացման:

Այո, ներկայացում, որը արդեն պատրաստ է, բեմըՙ նույնպես- կապույտ Եգեականի ու գեղածիծաղ Մարմարայի ջրերի գիրկընդխառնման վայրինՙ Դարդանելին մոտիկ: Գեղեցիկ է նաեւ ֆոնըՙ կապտականաչ լեռներ ու բլուրներ: Ջրերի կապույտին, Գալիպոլի թերակղզու դիմաց, տեղ է հատկացված տոնական սպառազինությամբ ու հանդերձանքով, գույնզգույն դրոշներով զարդարված ռազմանավերի համարՙ թուրքական, բրիտանական, ֆրանսիական, ավստրալական, նորզելանդական, գուցե նաեւ իտալական, բուլղարական ու... 102 հրավիրատոմս արդեն գնացել է երկրների ղեկավարներին: Տեսնես, օրինակ, Գերմանիան կմասնակցի՞: Ի՞նչ մակարդակով: Չէ՞ որ Գալիպոլիի իսկական հերոսները «Կրուփի» թնդանոթներն էին, գերմանական ռազմաինժեներական միտքը: Իսկ Իսրայե՞լը, մեր բարեկամ Մ. Նահանգնե՞րը: Էլ չեմ խոսում Թուրքիայի հետ նոր սիրավեպի բռնված մեր դաշնակից Ռուսաստանի մասին:

Սա ֆարս է, իսկական ֆարս: Ոչ միայն Հայոց մեծ եղեռնի դարադարձինՙ Ապրիլի 24-ին այն զուգադիպեցնելու տեսակետից, այլեւ նույնինքն Թուրքիայի համար, որի այն ժամանակվա ղեկավարները, Իթթիհադ վե Թերրաքը կուսակցության գլխավորությամբ, առանց կառավարության որոշման եւ խորհրդարանի համաձայնության բոլորովին անպատրաստ երկիրը պատերազմի մեջ ներքաշեցինՙ Հայկական հարցից ձերբազատվելու համար, ու պատճառ դարձան ոչ միայն 1,5 միլիոն իրենց հայ քաղաքացիների բնաջնջմանը եւ հայրենազրկմանը, այլեւ սեփական ազգի հարյուր հազարավոր զինվորների թնդանոթի միս դառնալուն, որի համար նաեւ իրենց իսկ երկրի դատարանը, 1919 թ.-ին, մահվան դատապարտեց պարագլուխներինՙ 20-րդ դարի մեծագույն ջարդարարներից Թալաթի գլխավորությամբ, որի լեշը 1943-ին, շա՜տ հատկանշական ժեստով, մյուս մեծ ջարդարարըՙ Հիտլերը, ուղարկեց Ստամբուլ, ուր թաղված է նա ցարդ եւ առարկա շատ թուրքերի պաշտամունքին..

Սա ֆարս է նաեւՙ այսպես կոչված դաշնակիցների համար, որոնք կարող էին Ստամբուլը գրավել դեռ Գալիպոլիից առաջ ու հետո, բայց թողեցին, որ իրենց տասնյակ հազարավոր զինվորները, մեծամասամբ ավստրալացի, զելանդացի, հնդիկ ու սենեգալցի, դառնան թուրքական սվինի զոհ, հետեւաբարՙ արհամարհանք սեփական զինվորների հանդեպ:

Հիմա տեսնենք, թե օտար պետություններից որո՞նք են մասնակցելու այդ ֆարսին: Սակայն կարծում եմ, ավելի խելամիտ կլինի, որ նախօրոք, այսօրվանից պահանջենք նրանցից, որ չմասնակցեն դրան որեւէ մակարդակով, որպեսզի պատմության առաջ եւս մեկ անգամ չխայտառակեն իրենց երկրներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ