RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1523, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԻՐԱՆԸ ՏԵՂԱՇԱՐԺ Է ԿԱՏԱՐՈՒՄ (*)

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ

Մեկուսացվածությունից դեպի Ծոցի ապագա ոստիկան

Իրանի ճգնաժամը, կամ ավելի ճիշտ մեր ճգնաժամը Իրանի հետ, այն մասին է, թե ինչ աշխարհաքաղաքական, մարտավարական դեր է վերապահվում ապագայում այդ մեծ ու պատմական երկրին: Զրուցելով իմ լիբանանցի մտերիմ լրագրող ընկերոջ հետ նախքան վերջերս Ծոցի երկրները մեկնելս, ես հարցրեցի, թե Աբու Դաբիում ինչ հարց պետք է շոշափեմ ներդնողների եւ բանկային ոլորտի պատասխանատուների հետ: Նա անմիջապես պատասխանեցՙ «Իրանի հարցը»: «Ինչ ելք էլ ունենան միջուկային զենքի վերաբերյալ բանակցությունները, այդ երկիրը եղել ու մնում է ամենահզորը ամբողջ մերձավորարեւելյան մահմեդական աշխարհում: Մարդիկ պետք է մտածեն ներդրումներ կատարել այնտեղՙ նոր Իրանում: Եթե ամերիկացիներն ու իրանցիները համաձայնության գան, ապա Իրանը դարձյալ կդառնա Ծոցի երկրների ոստիկանը», ասաց նա:

Ես այնքան էլ վստահ չեմ դրանում: Իրանի շահը վատ ներդրում էր, իհարկե ամերիկացիների համար 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո, եւ այժմ էլ բացահայտորեն շիա դավանող երկիր է, դաշնակիցը Իրաքի, Սիրիայի եւ Հեզբոլլահի, եւ ոչ թե, ասենք, Իսրայելի եւ արեւմտամետ երկրների: Երբ ես հասա սուննի մահմեդական Ծոցի երկրները, «սուննիներն ընդդեմ շիաների» պատմությունը կրկնվում էր: Իրանը ներկայացված էր որպես «չարագործ», որը ցանկանում է ջախջախել սուննիների իշխանությունը Սաուդյան Արաբիայում, Եմենում, Հորդանանում եւ այլուր:

Ճի՞շտ էր արդյոք մտածելը, որ Իսրայելն ու Մ. Նահանգների հանրապետական կուսակցությունը (որ վերջին հաշվով նույն բանն է համարյա) երբեւէ կթողնի Օբամային համաձայնության գալ Իրանի հետ:

Կա նաեւ Սիրիան վերակառուցելու խնդիրը. ներկա հաշվարկներով 260 միլիարդ դոլար, որն անընդհատ կարող է աճել: Միայն Քաթարը գուցե կարողանա մարել հաշիվը, որպեսզի գրգռի սաուդցիներին եւ ընդարձակի իր փոքրիկ երկրի տարածքային իշխանությունը: Ոմանք ասում են, որ նրա գլխավոր ներդրումները ոչ թե հեղուկ գազի, այլ «վոլքսվագենի» մեջ են: Ինչեւէ, վերադառնալով Իրանին... ինչպես լիբանանցի տնտեսագետ դոկտ. Նասեր Սաիդին է ասումՙ «միայն ամերիկաիրանյան համաձայնությունը կարող է կայունացնել իրավիճակը Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում եւ նպաստել, որ Սիրիան վերագտնի իրեն»:

Գուցե չափազանցված է, բայց համաձայնության առաջին առավելությունը լինելու է այն, որ կտրուկ նվազելու են Ծոցի երկրների զինամթերքի վրա ծախսված գումարները: Մերձավոր Արեւելքի երկրները 132 միլիարդ դոլար են ծախսել 2012-ին իրենց բանակների հզորացման վրա, այսինքն Սիրիան վերակառուցելու գումարի կեսը: Սաիդիի կարծիքով Իրանն իր էներգապաշարներով կարող է դառնալ «նոր մետաքսե ճանապարհ» էներգամատակարարման բնագավառում:

Պատժամիջոցների վերացումը կնպաստի ոչ միայն գազի եւ նավթի արդյունաբերության ավելացմանը, այլեւ «նոր» Իրանի կազմավորմանը: Նոր հնարավորություններ կբացվեն նրա առաջ համագործակցելու Չինաստանի եւ Հնդկաստանի էներգաենթակառուցվածքների հետ, որի հետեւանքով զգալիորեն կնվազեն նավթի գները:

Աշխարհի ամենամեծ ներկրողը հանդիսացող Չինաստանը միշտ էլ դեմ է եղել պատժամիջոցներին: Իրանի հետ նրա առեւտրի ծավալներն զգալիորեն ավելացել են, 1994-ի 400 միլիոն դոլարից 2008-ին հասնելով 11 միլիարդ դոլարի: Իսկ երկու տարի առաջՙ 50 միլիարդ դոլարի: Դոկտ. Սաիդիի համոզմամբ Իրանի էներգաենթակառույցները պետք է թափանցեն Կենտրոնական Ասիայի երկրները եւ Չինաստան:

Իրանի եւ Ծոցի սուննի երկրների մեծամասնության երազանքը «խաղաղ եւ բարգավաճ գոտի» ստեղծելն է Ծոցի տարածքում: Այդ մասին Ջորջ Բուշ ավագն էր խոսում Քուվեյթի 1991-ի ազատագրումից հետո: Դժբախտաբար նա Իսրայելի միջուկային զենքի մասին չէր ակնարկում եւ շարունակեց մնալ Ծոցի երկրներին զենք մատակարարող «Սանտա Կլաուսը»:

Ուրեմն երազանքը իրականություն չի՞ կարող դառնալ: Գուցե, բայց «Իզիսի» եւ «վահաբիների» ստեղծած մղձավանջային մթնոլորտը ստիպում է վերանայել իրադարձությունները եւ վերագնահատել այն: Ի վերջո ո՞վ 1939-ին կմտածեր, որ խորհրդային բռնապետը մեր դաշնակիցն էր դառնալու ընդամենը երկու տարի անց...: Բայց ի՞նչ պատահեց 1945-ից հետո...: «Խնդիրն այն է, որ գնացքները քեզ մինչեւ վերջնակետ չեն հասցնում, դու պետք է իջնես եւ տաքսի վերցնես դեպի այն վայրը, ուր ցանկանում ես գնալ», ասաց ինձ հետ Բեյրութ վերադարձող մի դուբայցի:

Թարգմ. Հ. Ծ.

(*) Տպագրվում է կրճատումներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ