ԷԴԳԱՐ ՀՈՒՍԵՓՅԱՆ Հ. Ծ. Ութսունվեց տարեկանում Նյու Յորքում վախճանվել է Հայ Օգնության ֆոնդի (FAR) հիմնադիրներից, Կոլումբիա համալսարանի կլինիկական նյարդաբանական վիրահատության բաժնի պատվավոր պրոֆեսոր Էդգար Հուսեփյանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Հուսեփյանը ծնվել էր Նյու Յորքում 1928 թվի մարտի 18-ին: Ավարտել է Հորաս Ման ուսումնական հաստատությունը եւ ցանկացել էր դառնալ օդաչու: Սակայն, իր հոր եւ պապի հետքերով էր գնացել եւ ընտրել բժշկությունը որպես մասնագիտություն: Անդամ է եղել 40-ից ավելի մասնագիտական ընկերությունների: Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների: 1997 թ. թոշակի անցնելուց հետո Կոլումբիա համալսարանում նշանակվել է դեկանի հատուկ խորհրդական, մատուցած ծառայությունների համար արժանացել է մի շարք մեդալների: 1988-ի երկրաշարժի օրերին կազմակերպել է բժիշկների այցելությունը եւ դեղորայքի առաքումը Հայաստան: Այնուհետեւ Հայ Օգնության ֆոնդի միջոցով շարունակել է իր մարդասիրական օժանդակությունը ցուցաբերել հայրենիքին: Նախատեսվում է իր անունով կոչել Երեւանի բժշկական գրադարաններից մեկը: |