WiFi ՑԱՆՑ` ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը Ավ.Իսահակյանի անվան գրադարանի մասնաճյուղերն ապահովել են ինտերնետ հասանելիությամբ: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով է ապահովել մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող գրադարանները: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործողՙ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi-Fi անկյուններ: Տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 13 հատ 3G երթուղիչ: Պետության եւ մասնավոր հատվածի այս համագործակցության հիմքում ընթերցասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է: Ծրագիրը թիրախային խմբին` երիտասարդ սերնդին, հասանելի է դարձնում նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը: Համացանցի տեղեկատվական հզոր բազայից օգտվողների թիվը տարեցտարի ավելանում է: Վիճակագրական տվյալներով, միայն անցյալ տարվա ընթացքում, շուրջ 13 հազարով ավելացել է նշված գրադարաններ այցելությունների եւ առկա հնարավորություններից օգտվողների թիվը: Ծրագրի տարեկան արժեքը կազմում է ավելի քան 2,4 մլն դրամ: Այս գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ: Հաշվի առնելով արդյունավետությունը` համագործակցող կողմերը որոշել են ընդլայնել ծրագիրը: Ընթացիկ տարում նախատեսվում է ինտերնետ հասանելության սարքերով ապահովել մշակութային եւս 4 օջախ. Երեւան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: |