RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



ԴԻՏԱՆԿՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1545, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԲԵԼԱՌՈՒՍՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Stratford G.I., Թարգմ. Հ.Ծ.

Ստորեւ թարգմանաբար «Ստրատֆոր գլոբալ հետախուզության» կենտրոնի հունվարի 30-ի վերլուծական հոդվածը, որը կարող է տարակուսանք առաջացնել Հայաստանում, այնուամենայնիվ խիստ հետաքրքրական է այն տեսակետից, որ «Ստրատֆորդում» լույս տեսնող հոդվածները հաճախ են ազդանշաններ պարունակում...


Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Մոսկվայի երկու հավատարիմ դաշնակիցներՙ Բելառուսն ու Հայաստանը կարծես վերագնահատում են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերջինիս եւ Արեւմուտքի միջեւ ստեղծված սառը մթնոլորտի լույսի ներքո: Հունվարի 29-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Մինսկը կարող է դուրս գալ Եվրասիական Տնտեսական Միությունից (ԵՏՄ), եթե պայմանագրի դրույթները չպահպանվեն: Միաժամանակ նա շեշտեց, որ իր երկրի ինտեգրումը Ռուսաստանի հետ խորն է եւ ամուր: Մյուս կողմից, Հայաստանը նորանոր դժվարություններ է դիմագրավում Ղարաբաղի հարցում Ադրբեջանի հետ իր ունեցած հակամարտության կոնտեքստում, որտեղ Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի: Երկու երկրներն էլ հավանաբար կպահպանեն իրենց ռազմավարական դիրքորոշումը դեպի Ռուսաստան, բայց երեւի շարունակաբար կվերագնահատեն իրենց այդ կողմնորոշումը կախված այն բանից, թե Արեւմուտքի հետ Մոսկվայի հարաբերությունները ինչպես կընթանան:

Ուկրաինայի ճգնաժամը հեռահար արձագանքներ ունեցավ: Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են այժմ: Ճգնաժամի հետ կապված պատժամիջոցները, նավթի գների զգալի նվազման հետ միասին, լրջորեն վնասել են Ռուսաստանի տնտեսությունը: Ավելին, ճգնաժամն Ուկրաինային եւ նախկին խորհրդային այլ երկրներին է՛լ ավելի է մոտեցրել արեւմտյան կառույցներին: Ուկրաինան հարաճուն տնտեսական աջակցություն եւ անվտանգության պատշպանություն է ստանում Արեւմուտքից: ՆԱՏՕ-ն ավելացրել է իր զորքերի պարբերական ներկայության եւ զինվորական զորավարժությունների քանակը Բալթյան երկրներում: Մոլդովան եւ Վրաստանը Ուկրաինայի հետ ստորագրել են Եվրոմիության հետ ասոցիացման եւ ազատ առեւտրի համաձայնագրերը: Նույնիսկ մինչ այժմ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լողացող Ադրբեջանին են այժմ փորձում սիրաշահել, որպեսզի ընդարձակի, «Հարավային միջանցքի» ճանապարհով, իր էներգակիրների կապը Եվրոմիության հետ:

Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի տարածաշրջանում, որտեղ գործում է Եվրոմիության արեւելյան գործընկերության ծրագիրը, միայն երկու երկրներ են մնում հավատարիմ Ռուսաստանինՙ Բելառուսն ու Հայաստանը: Երկուսն էլ Ուկրաինայի ճգնաժամից հետո առավել մոտեցել են Ռուսաստանին, դառնալով ԵՏՄ-ի անդամ, որն ուժի մեջ մտավ 2015-ի սկզբին: Երկուսն էլ ընդգծել են իրենց ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ, հատկապես անվտանգության եւ զինվորական բնագավառներում: Բայց Բելառուսն ու Հայաստանը կարող են առավել պաշտպանական դիրքորոշումներ ընդունել, եթե լարվածությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ շարունակի սաստկանալ:

Բելառուսի հաշվարկները

Բելառուսում, Լուկաշենկոյի կառավարությունը երկար ժամանակ է ինչ անհամերաշխ է եղել Արեւմուտքի հետ: Եվրոմիությունն ու Մ. Նահանգները պատժամիջոցներ կիրառեցին այդ երկրի հանդեպ 2010-ի վիճահարույց ընտրություններից հետո: Ընտրությունների օրերին անվտանգության ուժերը ճնշել էին ընդդիմադիրների ցույցերը: Բելառուսը նաեւ առաջին եւ ամենակտրուկ մերժողն էր Եվրոմիության «Արեւելյան գործընկերություն ծրագրի»: Այդ նախաձեռնության մեջ Լուկաշենկոն տեսնում էր երկրում իր քաղաքական դիրքերի խախտումը: Բայց նախագահ Վիկտոր Յանուկովիչի (որին Լուկաշենկոյի նման Արեւմուտքը բռնապետ էր համարում) պաշտոնանկությունից հետո Բելառուսի նախագահը ճշգրտել է իր դիրքորոշումը Մ. Նահանգների եւ Եվրոմիության հանդեպ: Նա հանդես եկավ որպես գլխավոր միջնորդ Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստան-Արեւմուտք բանակցություններում: Բելառուսը նաեւ զգուշավոր երկխոսություն է սկսել վարել մի շարք արեւմտյան երկրների հետ: Դրանք զգալիորեն ավելացնելու են տնտեսական համաձայնությունների ստորագրումը այդ երկրների հետ:

Մյուս կողմից, Մոսկվայի ֆինանսական դժվարություններն ու պարբերական տնտեսական վեճերը Բելառուսի հետ մտահոգություն են պատճառում Լուկաշենկոյին: Հունվարի 29-ին կայացած իր մամլո ասուլիսում նա ընդգծեց, որ հակառակ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող տնտեսական խորը կապերին, առեւտրական «պատերազմները» ԵՏՄ-ի ներսում պետք է բացառված լինեն, այլապես եթե «պայմանագրի դրույթները չպահպանվեն», ապա Մինսկը կարող է դուրս գալ այդ միությունից: Մոսկվան ծրագրում է Բելառուսին հատկացնել մեկ միլիարդ դոլարի նյութական օգնություն այս տարի, բայց նրա կարողությունը կրիտիկական վիճակում է:

Բացի այդ, հունվարի 25-ին ընդունված մի օրենքով որեւէ զինված օտարազգի մարտիկի ներկայությունը երկրի ներսում համարվում է պատերազմի հայտարարություն, անկախ այն հանգամանքիցՙ պաշտոնական խմբավորումնե՞ր են դրանք, թե՞ ոչ: Օրենքի բովանդակությունը պարզ է: Ուկրաինայի ճգնաժամում կամավոր մարտիկներ եւ ոչ պաշտոնական խմբավորումներ կռվում էին երկու կողմերում: Օրինակ, Ուկրաինայի անվտանգության ուժերին օժանդակել են կամավորներ Լեհաստանից կամ Վրաստանից: Սա անհանգստացնող հանգամանք է Լուկաշենկոյի համար: Նոր օրենքը նաեւ լրատվամիջոցներին առիթ տվեց ենթադրություններ անելու, որ այն անուղղակի ակնարկ է ուղղված Ռուսաստանին, հաշվի առնելով «Փոքրիկ կանաչ մարդկանց» (անպաշտոն, տարբերանշաններ չկրող ռուս մարտիկների ներկայությունը Ուկրաինայում): Բայց Լուկաշենկոն այնքան էլ մտահոգված չէ Ռուսաստանով, քանի որ ռուսական զորքերն արդեն տեղակայված են Բելառուսում եւ մի նոր ռազմաօդային բազա էլ կբացվի այնտեղ 2016 թվին:

Լուկաշենկոյի մտահոգությունն առավելապես իր զբաղեցրած պաշտոնի մասին է, հատկապես այն բանից հետո, երբ կռիվները սաստկացան արեւելյան Ուկրաինայում: Բելառուսի սահմաններում Արեւելքից եւ Արեւմուտքից զինվորականների կուտակումների հանգամանքներում բացառված չէ, որ բռնությունները երկու կողմերից ներթափանցեն Բելառուս: Իսկ ավելի կարեւոր է այն, որ քաղաքական բարեփոխումներ կատարելու Արեւմուտքի պահանջները գնալով ավելի մեծ ճնշում են գործադրում Լուկաշենկոյի կառավարության վրա, իսկ Ռուսաստանը հետզհետե հեռանում է Արեւմուտքից: Սրան գումարած նախագահական ընտրություններ են սպասվում 2015-ի վերջերին:

Սակայն Բելառուսը ռազմավարական տեսակետից կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, հատկապես երբ Ուկրաինայի ճակատագիրը անորոշ է, իսկ Բալթյան երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են:

Մինչ օրս Բելառուսը պահպանել է իր ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ, բայց այս տարի հաստատ կձեւավորվի Լուկաշենկոյի քաղաքական դիրքը երկրի ներսում եւ նրա զգուշավոր խուսանավումները Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ:

Հայաստանի մտահոգությունները

Հայաստանը վաղուց է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Դրան նպաստող հիմնական մղիչ պատճառը Ղարաբաղի շուրջ ծագած հակամարտությունն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այն բանից հետո, երբ Հայաստանը պարտության մատնեց Ադրբեջանին, Ռուսաստանը դարձավ Հայաստանի անվտանգության փաստացի երաշխավորը: Հայաստանում տեղակայված հինգ հազարի հասնող ռուսական զորամիավորումը միաժամանակ ե՛ւ վերահսկում է տարածքին վերատիրանալու Ադրբեջանի ձգտումները, ե՛ւ պաշտպանում երկրի սահմաններն ավելի մեծ ուժերիցՙ Թուրքիայից եւ Իրանից:

Այդուհանդերձ Ուկրաինայի ճգնաժամն իր ազդեցությունն է թողել նաեւ Ղարաբաղյան հակամարտության վրա: Կռիվները սաստկացել են Ադրբեջան-Հայաստան սահմանի շփման գծում: Կատաղի գործողություններ ծավալվեցին 2014-ի օգոստոսին, իսկ նույն տարվա նոյեմբերին Ադրբեջանը խոցեց հայկական մի ուղղաթիռ: Ադրբեջանը հակամարտությունում խուսանավելու ավելի մեծ հնարավորություններ ունի շնորհիվ իր պահանջարկ վայելող էներգառեսուրսների եւ նաեւ այն հանգամանքի, որ Ռուսաստանի ուշադրությունը սեւեռված է ներկայիս դեպի Ուկրաինա: Այս գործոնները մտահոգում են Հայաստանին եւ հարցականի տակ դնում որպես ավտանգության երաշխավորի Ռուսաստանի պարտավորվածությունը, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի թերացումը արձագանքելու ուղղաթիռի խոցման առնչությամբ:

Հայաստանը ճնշմամիջոցների չդիմեց եւ հունվարի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց, որ խոցված ուղղաթիռը շեղվել էր իր կուրսից: Հետեւանքում պաշտոնատար անձինք հեռացվեցին աշխատանքից: Այս ցնցող եւ ոչ հատկանշական հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը գուցե վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, մի բան, որից կարող են օգտվել Արեւմուտքն ու Թուրքիան:

Բայց Հայաստանը զգուշավոր է եւ շատ չի հեռանում Ռուսաստանից: Հակառակ վերջերս Գյումրիում ռուս զինվորի կատարած մի ամբողջ հայ ընտանիքի սպանությանը, որը բանավեճերի եւ ցույցերի առիթ դարձավ Հայաստանում, Երեւանը Մոսկվայի կողքին է: Օհանյանն ասաց, որ միջադեպը չպետք է սեպ խրի հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Նա ավելացրեց, որ Ռուսաստանի զինվորական ներկայությունը Հայաստանում ծառայում է լուծելու ավելի մեծ տարածաշրջանային խնդիրներ:

Ռուսաստանի պաշտպանությունը կարեւոր է Հայաստանի համար, բայց Ղարաբաղի հակամարտության շարունակումը կամ սրումը (ինչպես հունվարի 29-ին անօդաչու ինքնաթիռի ենթադրյալ խոցումը ադրբեջանական ուժերի կողմից) ստուգման է ենթարկելու Երեւանի վճռականությունը: (*)

(*) Ինչպես հետագայում պարզ դարձավ, ադրբեջանցիք խփել էին իրե՛նց անօդաչու ինքնաթիռը: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ