RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



ՀԱՅԱՑՔՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1788, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ

ԵՎԳԵՆԻ ՍԱՏԱՆՈՎՍԿԻ, ՌԴ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը*

Փարիզի հունվարյան ահաբեկչությունները զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը շեղեցին Սիրիայում եւ Իրաքում շարունակվող սպանդից, որտեղ Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի փողերով սնվող սուննի արմատական խմբավորումները, որոնց շարքերում կան նաեւ արեւմտաեվրոպացի գրոհայիններ, ընդլայնում են իրենց զավթած տարածքները, ոչնչացնելով տեղի բոլոր քրիստոնյաներին, եզդիներին, մանդեացիներին: Արեւմուտքի քաղաքագետները ջանադրաբար «չեն նկատում», որ փոքրամասնությունների ցեղասպանությունը տեղի է ունենում այն նույն շրջաններում, որոնցում այն արդեն իրականացվել էր մեկ հարյուրամյակ առաջ: Միայն թե այն ժամանակ սպանում էին հիմնականում հայերին, ասորիներին եւ պոնտոսցի հույներին, եւ դրանով զբաղվում էին առաջին հերթին թուրքերը, որոնք ներկայումս օժանդակ դեր են կատարում:

Օսմանյան կայսրության նախկին արաբական նահանգներում կատարվող դեպքերի եւ հարյուրամյա վաղեմության Հայոց ցեղասպանության միջեւ զուգահեռների անցկացումը Անկարայում ընկալում են ցուցադրական վրդովմունքով: Ակնհայտ է, որ պատմությունից ոչ ոք դաս չի առել:

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության առանձնահատկություններն էին զանգվածայնությունը եւ բացարձակ անպատժելիությունըՙ սա առաջին: Այն տեղի էր ունենում «լուսավորյալ» հանրակցության աչքի առջեւ, որը համառորեն չէր նկատում թուրքերի կողմից քաղաքացիական բնակչության ոչնչացումըՙ սա երկրորդ: Առկա էր չափազանց կեղծ բարեպաշտություն, որի հետեւանքով մինչեւ օրս Ցեղասպանության բուն փաստը ընդունել են լոկ առանձին երկրներ եւ միջազգային կազմակերպություններՙ սա երրորդ: Վերջապես, դա առաջին զանգվածային կոտորածն էր ըստ ազգային պատկանելության, որն իրականացվեց արդի քաղաքակրթությանը հավակնող երկրում: Դա ճշգրտորեն բնութագրում է այդ քաղաքակրթությունը եւ որոշում դրա գինը:

Ո՞ւմ կողմից է համաշխարհային ընկերակցությունը

Հայոց ցեղասպանությունը հիշեցնում է տասնամյակներ անց նացիստների կազմակերպած Հոլոքոսթը: Համաշխարհային «իսթեբլիշմենթի» նույն անտարբերությունն էր, եւ անչափ քիչ էին այն մարդիկ, ովքեր փորձում էին պահպանել ոճրագործությունների վկայությունները:

Սակայն աշխարհը կամ դրա մեծ մասը ճանաչեց Հոլոքոսթը: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մխիթարական քիչ բան կա: Վերջին տասնամյակներում տեղաշարժերը չնչին են եւ չեն գոհացնում, մանավանդՙ արդի աշխարհում հայերի մեծամասնությունը կազմող զոհերի հարազատներին: Գաղտնիքը հետպատերազմյան Գերմանիայի եւ Թուրքիայի տարբերությունն է:

Հաղթող տերությունները Գերմանիայում իրականացրին ապանացիոնալիստականացում: Թուրքիայում անխտիր ամբողջ քաղաքական վերնախավը կազմված էր եւ կազմված է նրանցից, ում կենսագրությունը ներառում է մասնկացություն հայերի կամ նրանց ժառանգների ցեղասպանությանը: Աթաթուրքի Թուրքիայում Էրդողանի գալուստը չփոխեց իրավիճակը. իսլամիստները իրենց նախորդների ոճիրները ժխտում են քեմալականներից ոչ պակաս մոլեգնությամբ:

Հայաստանը մինչեւ 1991 թ. ԽՍՀՄ-ի մասն էր, իսկ Թուրքիան եղել եւ մնում է ՆԱՏՕ-ի անդամ եւ ԵՄ անդամության հավակնորդ: Հարց է ծագում. ո՞ւմ կողմից պետք է լինի «համաշխարհային ընկերակցությունը»:

Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներն են համարվում երիտթուրք առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը եւ Էնվերը, ինչպես նաեւ «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաէդդին Շաքիրը: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ի հռչակագրում հայերի զանգվածային կոտորածները պատմության մեջ առաջին անգամ ճանաչեցին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Պոլսի Հայոց պատրիարքարանը 1914 թ. արեւմտահայ բնակչության թիվը գնահատում էր 1845450 մարդ: Հայ բնակչության թիվը 1878 թ. համեմատությամբ ավելի քան մեկ միլիոնով պակասել էր 1894-1896 թթ. կոտորածների, հայերի արտագաղթի եւ բռնի իսլամացման հետեւանքով:

Ընդհանուր առմամբ մինչեւ 1923 թ. բնաջնջվել էր 1,5-2 մլն հայ (թուրք հետազոտողները խոսում են 200 հազարի մասինՙ պնդելով, թե նրանք զոհվել են ռազմական գործողությունների հետեւանքով): Հայտնի գիտնական Ռ. Ռումմելի տվյալներով, 1915-1923 թթ. Ցեղասպանությունը խլել է 2102 հազար հայի կյանք (258 հազարը Օսմանյան կայսրությունից դուրսՙ Իրանում եւ Արեւելահայաստանում):

1914 թ. օգոստոսի 2-ին Օսմանյան կայսրությունը Գերմանիայի հետ ստորագրեց պայմանագիր, որը ենթադրում էր կայսրության արեւելյան սահմանների փոփոխությունՙ դեպի Ռուսաստանի մահմեդական ժողովուրդները տանող միջանցքի ստեղծման նպատակով, ինչը նշանակում էր այդ տարածքների հայերի բնաջնջում: Պատերազմի մեջ մտնելուց հետոՙ 1914 թ. հոկտեմբերի 30-ին թուրքական կառավարությունը հայտարարեց թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին:

1914 թ. նոյեմբերին հայտարարվեց ջիհադ: Նոյեմբերից մինչեւ 1915 թ. ապրիլ սպանվեցին 27 հազար հայ եւ բազմաթիվ ասորիներ: Սակայն Մեծ եղեռնը դեռ առջեւում էր:

1915 թ. մայիսի 30-ին մեջլիսը հաստատեց Տեղահանման օրենքը: Հունիսի 21-ին Թալեաթը հրամայեց Օսմանյան կայսրության արեւելյան տասը նահանգներից արտաքսել «առանց բացառության բոլոր հայերին»: Արեւմտյան նահանգներից (Անկարա, Էսքիշեհիր եւ այլն), Կիրկուկից, Մոսուլից, Եփրատի հովտից եւ մյուս շրջաններից հայերին տեղահանելու որոշումն ընդունվեց 1915 թ. հուլիսի 5-ին: Թալեաթը հայտարարեց, որ տեղահանությունն իրականացվում է «հայկական հարցի վերջնական լուծման» նպատակով. այս ձեւակերպումն ավելի ուշ գերմանացիները ընդունեցին հրեաների նկատմամբ:

Ի դեպ, Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի նմանությունը ոչ միայն ձեւակերպումների, այլեւ մեթոդների մեջ է: Նացիստ բժիշկները փորձեր էին կատարում հրեաների եւ գնչուների վրա, իսկ թուրքերի ճիվաղային «գիտափորձերի» գլխավոր քարոզիչը Դիարբեքիրի նահանգապետ դոկտոր Մեհմեդ Ռեշիդն էր:

Երզնկայի կենտրոնական հիվանդանոցում բծավոր տիֆի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար հայ զինվորների եւ կադետների վրա փորձեր էր կատարում պրոֆեսոր Համդի Սուաթը: Նրանց մեծ մասը մահացավ, իսկ Սուաթը համարվում է թուրքական մանրէաբանության հիմնադիրը: Տրապիզոնի առողջապահության վարչության ղեկավար Ալի Սեյբը երեխաներին եւ կանանց (այդ թվում հղի) ներարկում էր մորֆիի կամ թունանյութերի մահացու չափաբաժիններ, երեխաներին սպանում շարժական շոգեբաղնիքներում:

Անապատում վերջնակետին հասնում էր աքսորյալ հայերի հազիվ 1/5-ը: Իսկ այնտեղ նրանց բնաջնջում էին չերքեզները, չեչենները, քրդերը, արաբները: Դեր Զոր անապատի ճամբարներում սպանվեց 150 հազար հայ:

Պաշտոնական տվյալներով, 1927 թ. Թուրքիայում ապրում էր 77,4 հազար հայ: Ըստ Լոզանի պայմանագրի Թուրքիան պարտավոր էր անվտանգության, ազատ զարգացման երաշխիքներ տրամադրել փոքրամասնություններին: Սակայն 1934 թ. ընդունվեց ազգանուններին վերաբերող օրենք, որը հույներից, հրեաներից եւ հայերից պահանջում էր ընդունել թուրքական ազգանուններ: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մտցվեց ունեցվածքի ընտրական հարկ, որը սնանկացրեց հույն, հայ եւ հրեա առեւտրականներին:

Հայացք դարի միջով

Հայերի բնաջնջումն ուղեկցվում էր նրանց մշակութային ժառանգության ոչնչացմամբ: Պոլսի պատրիարքարանի 1914 թ. տվյալներով, կար 2549 ծխական համայնք, այդ թվում 200-ից ավելի վանքեր եւ առնվազն 1600 եկեղեցի: 1974 թ. գիտնականները Թուրքիայում արձանագրեցին հայկական եկեղեցիների ու վանքերի 913 շինություն: Այդ հուշարձանների կեսին ավելին չի պահպանվել: Մնացածներից 252-ը ավերվել է, եւ միայն 197-ն է քիչ թե շատ բարվոք վիճակում:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային արձագանքին, այն մնում է ավելի քան զուսպ: Պաշտոնական քննությունից հետո Մեծ Բրիտանիայում լույս տեսավ «Հայերի նկատմամբ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ժողովածուն: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում անցկացվեցին հանգանակություններ ի նպաստ գաղթականների:

Արդի Թուրքիայում գիտնականները, մտավորականները եւ մամուլը քննարկում են Հայկական հարցըՙ չնայած ազգայնականների եւ կառավարության հակազդեցությանը: Հայկական թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, գրողներ Օրհան Փամուքը եւ Էլիֆ Շաֆաքը, հրատարակիչ Ռագիպ Զարաքոլուն ամբաստանվել են «թուրքականությունը» վիրավորելու մեջ: Դինքը եւ Զարաքոլուն դատվեցին, իսկ 2007 թ. Դինքը սպանվեց:

1984 թ. Ժողովուրդների մշտական դատարանը Օսմանյան կայսրության գործողությունները ճանաչեց Ցեղասպանություն: 1997-ին նույն հետեւությանը հանգեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը: 2000 թ. Հոլոքոսթի 126 հետազոտողների հայտարարությունը հաստատեց 1-ին աշխարհամարտում հայերի Ցեղասպանության անվիճելիությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են Եվրոպայի խորհուրդը, Եվրոխորհրդարանը եւ ՄԱԿ-ի Խտրականությունների կանխման եւ փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը: Պետություներից առաջինը 1965 թ. Ուրուգվայն էր: Նրան հետեւել են Ֆրանսիան, Բելգիան, Հոլանդիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիբանանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Բոլիվիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ի 43 նահանգ եւ Կոլումբիա օկրուգը:

Ռուս. թարգմ. Պ. Ք.

*) Տպագրվում է զգալի կրճատումներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ