RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



ԱՐՇԱԿԱՎԱՆ

Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1447, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՊԱՐՏԱԴԻՐ Է՞Ր

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունվարի 31-ին Արցախի Հանրապետությունը ցույց տվեց,որ իր սահմաններն անանցանելի են: Ընդ որում եւ այն, եւ այս կողմերից: Նախ, ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները իրականացրել են հակառակորդի զսպման գործողություններ, որոնց հետեւանքով ադրբեջանական կողմը զոհեր ունի, կրել է նյութական վնասներ, անգամ երկու մարտական հենակետ է կորցրել: Ապա Բերձորում... Բայց հենց այստեղից դադարենք զուգահեռ անցկացնելը` Ղարաբաղի սահմանի եւ Սյունիք-Ղարաբաղ ճանապարհին տեղի ունեցածի միջեւ, ինչպես ասում են,քանի որ դա է պահանջում պետական, ազգային շահը:

Ուրեմն ի՞նչ է պետք լավ ֆիլմ նկարահանելու համար: Նախ եւ առաջ լավ ռեժիսոր. «Նախախորհրդարան» կոչվող շարժումն ունի լավ ռեժիսոր, այլ հարց է, որ նա իր համախոհների հետ` «100-ամյակն առանց ռեժիմի» բղավելով Արցախ չէր գնացել: Լավ ֆիլմի համար պետք է նաեւ լավ տեղանք, դե հրաշալի բնություն, եւ, որն ուղղակի չտեսնված կլինի` խորհրդանշական վայր: Այս առումով Բերձորն, անշուշտ, Արցախի բնության լավագույն տեղերից մեկը չէ,բայց, փոխարենը խիստը խորհրդանշական է. հենց Բերձորով Արցախը կապվեց մայր հեյրենիքի հետ, եւ կապված է, հետեւաբար հենց Բերձորն է Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշը:

Ամենեւին չենք պնդում, որ «Նախախորհրդարան»-ի` Արցախում կռված տղերքը այս ամենը հաշվարկել էին, կամ որեւէ բան հաշվարկել էին, բայց, որ դեռեւս Արցախ չմտած, դեռեւս Երեւանում նրանց բազմիցս է ասվել, որ պետք չէ Արցախ գնալ, իսկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում անգամ նրանց եղբայրաբար խնդրող է եղել` էդ բանը չանել (Արցախ չգնալ), փաստ է: Ինչպես նաեւ այն, որ տղերքը որոշել են անպայման շարունակել ճանապարհն ու հասնել Արցախ:

Հասել են, եւ Բերձորում... Քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը Բերձորում, եւ դա ամոթ է, այլ բանից խոսենք: Օրինակ այն մասին, թե ինչպե՞ս է ստացվել, որ արդեն շուրջ մեկ ամիս Արցախում որպես դավաճաններ ներկայացվող «Նախախորհրդարանի» տղերքը անարգել անցել են ոչ ավել, ոչ պակաս Սյունիքի մարզով, իսկ, սա, հիշեցնենք` Սուրիկի մարզն է, ով, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, դողում է Արցախի հայկականության պահպանման համար, անգամ կռվել է, ասում են: Այսինքն, եթե Սուրիկ Խաչատրյանը ունենալով բոլոր հնարավոր եւ անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի միջոցները` կանգնեցնելու ավտոերթը, այն չի կանգնեցրել, կնշանակի, որ այն, ինչը պետք է տեղի ունենար եւ տեղի ունեցավ, պետք է տեղի ունենար հենց Բերձորում. արդեն գիտենք, թե ինչ տեղ է Բերձորը: Ժամանակին այնտեղից սպասում էին «Հայաստանից եկած մեքենաներին»,այսօր այնտեղից ջարդում եւ հետ են ուղարկում Հայաստանից եկած մեքենաները, ոչ բոլորը, անշուշտ, բայց` Հայաստանից եկած...

Իրավունք ունե՞ր ԼՂՀ ոստիկանությունը, կամ արցախցի քաղաքացիական անձինք, ովքեր չեն ցանկացել, որ նման խորագրով ավտոերթը մտնի Արցախ, ծեծել ավտոերթի մասնակիցներին, իհարկե ոչ: Իսկ իրավունք ունեի՞ն ավտոերթի մասնակցիները մտնել Արցախ, անշուշտ այո, բայց կարո՞ղ էին արդյոք նրանք չգնալ Արցախ` հրաշալի իմանալով, թե ինչ է նրանց այնտեղ սպասվում, իհարկե կարող էին: Իսկ մնացածը, մնացածը Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան գյուլիստանցի Գորեսի պատմությունն է, ով վաղ առավոտյան դուրս է գալիս իր տան բակ եւ տեսնում, որ ուժեղ քամին իր թոնրատան տանիքը պոկել է, մի կողմ նետել: Նայելով այդ տեսարանը` Գորեսը դժգոհում է քամուց. «Այ անդեր,էս լեն ու բոլ ըշխարքում, պա մի հարզակ տեղ չկար, վար եկար, լհա մտար էս կրիշին տակը, պուկեցիր: Հինչ ա, կարալ չի՞ր յա կողքավ քինիր, յա կլխավը: Պարտադիր էր, վար տակը մտնիր, պուկիր, էն ղոլը քցիր, հը՞...»:

Հը՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ