RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1532, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳՈՒՐԳԵՆ (ԳՐԵԳ) ՍԱՐԳԻՍՅԱՆ

Հրանտ Դինքի սահմռկեցուցիչ սպանության 8-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի հրապարակային ելույթին ի պատասխան Կանադայի «Զորյան ինստիտուտի» նախագահ Գուրգեն (Գրեգ) Սարգիսյանը շրջանառության մեջ է դրել հետեւյալ հոդվածը, որը անգլերենից թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացնում ենք ստորեւ:

Իրապես «արդեն 8 տարի է, ինչ Հրանտ Դինքին խլեցին մեզանից», իր ընտանիքից եւ ընկերներից հանկարծակիորեն եւ վայրագորեն: Բայց մեզ ուղղված համբերության ձեր հորդորները անկեղծ չեն, քանի որ ձեր կառավարությունը անկարող է գտնվել, կամ չի ցանկացել պատասխանատվության ենթարկելու մեղավորներին:

Ես այն անատոլիացիների ժառանգներից եմ, ու նաեւ Կանադայի քաղաքացի, ում համար շատ թանկ է Հրանտ Դինքը: Իմ արմատները, մեր արմատները դեռեւս այնտեղ են, մեր պապենական երկրումՙ Անատոլիայում, ինչպես Հրանտն էր ասում ու գրում: Նրա հավատարմությունն իր պապերի հայրենիքին եւ սերը Անատոլիայի բոլոր ժողովուրդներիՙ թուրքերի, քուրդերի, ալեւիների, հայերի, հույների, հրեաների եւ այլոց հանդեպ անքակտելի մասն էր կազմում իր ինքնության: Նա տարբերություն չէր դնում իր հայկական արմատների պահպանմանն ու Թուրքիային եւ նրա ժողովուրդին հավատարիմ մնալու միջեւ: Խնդրում եմ հիշեք, որ դա նույնքան իր երկիրն էր, որքան որ ձերը: Սա էր, որ Դինքը փորձում էր բացատրել: Ափսոս, որ նրա իսկական սպանողները չընդունեցին իր այդ ուղերձը:

Վիրավորական է տեսնել, թե ինչպես է Հրանտ Դինքի տարելիցը օգտագործվում ստվերելու համար 1915-ի իրադարձությունները: Դրանք, ինչպես դուք եք նշում, «պատերազմական ժամանակներին հատուկ բռնի տեղահանությունների անմարդկային հետեւանքները չէին», այլ պետական ապարատի կողմից ծրագրված եւ գործադրված սպանություններ, որոնց հստակ նպատակն էր բնաջնջել մի ամբողջ ժողովուրդ եւ նրա գոյության հիշատակը:

Ես էլ եմ երազում, որ «բարեկամություն եւ խաղաղություն» հաստատվի մեր երկու ժողովուրդների միջեւ, որ «նոր հորիզոններ բացվեն մեր սրտերում եւ մտքերում», բայց ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել դա, եթե 8 տարի անց դեռ չեն պատժվել պատասխանատուները, կամ նրանք, ովքեր Սամաստի հետ թուրքական դրոշի առաջ ցանկանում էին նկարվել: Ինչպե՞ս կարող եք հասկանալ մեզ, մեր ցավը, եթե Դինքի հիշատակի օրըՙ 2015 թվի հունվարի 19-ին, Թուրքիայի դատարանը հանում է Դողու Փերինչեքի երկրից դորւս գալու արգելքը, որպեսզի նա մասնակցի մարդու իրավունքների եվրոպական դատարանի լսումներին: Ինչպե՞ս կարող եք խոսել «փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը խթանելու» մասին, երբ թուրքական կառավարությունը պաշտպանում է նրաՙ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Էրգենեկոնի» անդամի ժխտողական վերաբերմունքը հայերի Ցեղասպանության նկատմամբ:

Հույս ունեմ, որ պատմական ճշմարտության գիտակցությամբ ամրացած մարդկային արժեքները, ի վերջո, կստիպեն թուրքական հասարակությանը պահանջելու կառավարությունից առավել արդյունավետ գործելակերպ առերեսվելու պատմության փաստերի հետ: Արժե այստեղ Չինգիզ Աքթարի հոդվածից (Today"s Zaman) մեջբերում կատարել. «Հայերի Ցեղասպանությունը Անատոլիայի Մեծ Աղետն է եւ տաբուների մայրը այս երկրում: Դրա անեծքը շարունակելու է հետապնդել մեզ այնքան ժամանակ մինչեւ չխոսենք դրա մասին, չճանաչենք, չհասկանանք եւ հաշվի չնստենք դրա հետ: Դրա հարյուրամյա տարելիցը իրականում պատմական հնարավորություն է ձերբազատվելու մեր սովորությունից, հասկանալու Մյուս Կողմին եւ սկսելու հավաքական բուժումը»:

Նման խելացի ու ճշմարիտ խոսքերը ցույց են տալիս թուրք քաղաքացիական հասարակության խորը ըմբռնումը այն հիմնական հարցի, որ ձեր կառավարությունը շարունակում է ժխտել: Քաղաքացիական հասարակության վերաբերմունքը արտահայտվում է նաեւ Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի հայտարարության մեջ, որտեղ ասված է. «... Մենք անմիջական ականատեսներն ենք այն երեւույթի, թե ինչպես հայերի եւ քրիստոնյա այլ խմբավորումների դեմ ուղղված Ցեղասպանությունը ծնում է, հենց սկզբից, հակաժողովրդավարական մի համակարգ, որը թույլ է տալիս ռասիստական ատելություն դրսեւորել, խրախուսել ատելությամբ սերմանված սպանությունները, խոսքի ազատության եւ ընդհանրապես մարդու իրավունքների խախտումները... որոնք ճանապարհ են հարթում դեպի այն, որ Թուրքիայի հայերին դիտում են որպես «հինգերորդ շարասյուն» եւ խտրականությամբ են վերաբերվում նրանց: Այդ պատճառով էլ նրանք մշտական վախի մեջ են ապրում»:

Ձեր պատրաստակամությունը ընդունելու հայերի անգնահատելի սատարը Թուրքիային կորցնում է իր արժեքը քանի դեռ ձեր կառավարությունը շարունակում է հայերի Ցեղասպանությունը ժխտելու իր պաշտոնական քաղաքականությունը:

Իմ ցանկությունն է, որ դուք որպես վարչապետ, դառնաք փոփոխություններ առաջացնող այն գործիչը, որն իր երկիրը կառաջնորդի դեպի 1915-ի պատմական ճշմարտությունը: Այդ ժամանակ էլ «կսպիանան վերքերը եւ կհաստատվի բարեկամությունը»:

Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ