RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1343, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՄՆ-Ը ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԿԱՆՑՆԻ ԻՐԱԿԱՆԻՆ

Պ. Ք.

Սնոուդենի նոր բացահայտումը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին վերլուծաբան Էդվարդ Սնոուդենը գաղտնի տեղեկությունների նոր չափաբաժին է հրապարակել գերմանական «Շպիգել» հանդեսում:

ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին գործակալը գտնում է, որ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել իր կիբեռռազմավարության երկրորդ մասին, որի հիմնական նպատակը արդեն ոչ թե էլեկտրոնային, այլ իրական պատերազմի նախապատրաստությունն է: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը կարող է վնասաբեր համակարգչային ծրագրերի միջոցով շարքից հանել հակառակորդի ենթակառույցի օբյեկտները եւ օդանավակայանները: Ամերիկային կմնա միայն գալ եւ զբաղեցնել պարտված հակառակորդի տարածքը, որի դիմադրությունը ընկճված կլինի հենց սկզբից: Սնոուդենը հավաստիացնում է, որ հակահարվածի դեպքում ԱՄՆ-ը կարող է թշնամու դեմ կիրառել իսկական զենքՙ հրթիռներ, ռումբեր եւ ինքնաձիգներ:

Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը հավատացնում է, որ արդեն այժմ Ամերիկայի կիբեռհրամանատարությունն ունի ավելի քան 40 հազար աշխատող: Պատերազմի կազմակերպման ծախսերը 2013 թ. կազմել են 1 մլրդ դոլարից ավելի: «Շպիգելը» պարզաբանում է, որ կիբեռզենքի մշակումն ու կիրառությունը չեն վերահսկվում միջազգային պայմանագրերով կամ հսկողական մարմինների կողմից: Ասենք նման վերահսկողության համար առայժմ որեւէ հնարավորություն էլ չկա. հատուկ ծառայությունները ամեն ջանք գործադրում են, որպեսզի համացանցում անհնար լինի հետեւել իրենց գործողություններին:

Այս կապակցությամբ Սնոուդենը հետեւյալ խորհուրդն է տալիս. «Հարկավոր է ստեղծել վարքի միջազգային նոր չափանիշներ»: Ռուսաստանն արդեն մի քանի տարի փորձում է հասնել նման չափանիշների ընդունմանը: Հերթական փորձը ձեռնարկվեց հունվարի 9-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գծով դաշնակիցների հետ համատեղ, երբ ՄԱԿ-ում տարածվեց միջազգային տեղեկատվական անվտանգության բնագավառում պետությունների վարքականոնի նորացված տարբերակը: Փաստաթուղթը բանաձեւի տեսքով սեպտեմբերին կարող է քվեարկության դրվել ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում: Սակայն նման բանաձեւի ընդունման հույս գրեթե չկա, քանզի ԱՄՆ-ը չի ուզում համաձայնության գալ այդպիսի բաների շուրջը:

ԱՄՆ-ի ակտիվությունը գործել է տալիս նաեւ ուրիշ երկրների: Այսպես, սեփական կիբեռբաժինների ստեղծման մասին արդեն հայտարարել են Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան: Պատմությունը կրկնվում է. ԱՄՆ-ը աշխարհը ներքաշում է սպառազինությունների տարատեսակ մրցավազքերի մեջ. ատոմային, ջրածնային, նեյտրոնային, հետո էլՙ «աստղային պատերազմներ»: Իսկ այժմ որպես զենք օգտագործվում է համացանցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ