RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



ՄՈՒԹ ԲԱՎԻՂՆԵՐ

Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1386, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿԴԱՏԵՆ ՌԱԽԱՏ ԱԼԻԵՎԻՆ

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մեկ-երկու ամիս հետո Վիեննայում կսկսվի ամենաաղմկոտ դատական գործընթացներից մեկը: Ֆեմիդայի առջեւ կկանգնի Ավստրիայում Ղազախստանի նախկին դեսպան Ռախատ Ալիեւը: Նրա գործով քննությունը շարունակվում է 2007 թվականից: Այդքան ժամանակ էլ Ղազախստանը փորձում է հասնել նրա արտահանձնմանը հայրենիք: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պատվիրված սպանությունների, մարդկանց առեւանգման, դրամաշորթումների եւ ֆինանսական մեքենայությունների մեջ:

Ռախատ Ալիեւը հայտնի անձնավորություն է Ղազախստանում եւ Եվրոպայում բացառապես շնորհիվ սկանդալների եւ նրան պատժելու յուրաքանչյուր քայլ որպես «քաղաքական ճնշում» որակավորելու փորձերի: Վերջերս մամուլին հայտնի դարձավ Վիեննայի դատախազության մեղադրական եզրակացության բովանդակությունը Ալիեւի գործով: Ոչ մի քաղաքականության մասին այնտեղ խոսք չկաՙ բացառապես քրեական գործողություններ: Ալիեւը մեղադրվում է Ղազախստանի (2007թ.-ին խոշոր բանկերից մեկիՙ «Նուրբանկի») երկու գլխավոր մենեջերներիՙ Ժոլդաս Տիմրալիեւի եւ Այբար Խասենովի առեւանգման, կտտանքների եւ սպանության գործով: Նրանք կորել են Ալմաթիում 2007թ. հունվարի 31-ին: Ինչպես ավելի ուշ պարզել է ղազախստանյան հետաքննությունը (հետաքննության բոլոր նյութերը ներկայացվել են ավստրիական դատախազությանը, ստուգվել են վերջինիս կողմից եւ հաստատվել) մենեջերներին առեւանգել է Ալիեւը, որն այդ պահին այդ բանկի սեփականատերն էր: Առեւանգվածներին մի քանի օր պահել են գերության մեջ, տանջել են, ենթարկել են ծաղրուծանակի: Սպանված մենեջերների դիակները գտնվել են միայն 2011թ.:

Ինչպես կարծում է ավստրիական դատախազությունը, Տիմրալիեւի եւ Խասենովի սպանության պատճառ կարող էր լինել 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկը, որը տրվել է «Նուրբանկի» կողմից Խասենովի ընկերությանը: Ինչպես պարզել են քննիչները, Ալիեւը ցանկանում էր վաճառել բանկը: Վաճառքի նախօրեին աուդիտորական ուսումնասիրությունը պարզել է, որ «Նուրբանկը» բազմամիլիոն վարկեր է բաժանել ընկերությունների, որոնց ղեկավարները կամ ներկա, կամ անցյալում բանկի աշխատակիցներ են: Ալիեւը կասկածել է կառավարիչներին «երկակի խաղում», ինչպես նաեւ իր հաշվին ֆինանսապես հարստանալու ցանկության մեջ: Իբր, թոփ-մենեջերների առեւանգումը կատարվել է նրանցից խոստովանություն կորզելու նպատակով: Սակայն գործն ավարտվել է պարզունակ սպանությամբ: Մեղադրական եզրակացության մեջ պարունակվող ավստրիական դատախազության կարծիքը մասամբ կրկնում է Ալիեւի դեմ առաջադրված ղազախստանյան կողմի մեղադրանքները: Հայրենիքում նրան դատապարտել են 40 տարվա բանտարկության (ընդհանուր հաշվով) ոչ միայն մարդկանց սպանության համար, այլեւ մեղավոր են ճանաչել իշխանության բռնի զավթմանն ուղղված եւ մի շարք ուրիշ ռազմական հանցագործություններում:

Պետք է ասել, որ Ալիեւը բավական հմտորեն էր խաղարկում իր «քաղաքական հոդվածները»: Համարյա հինգ տարվա ընթացքում նա իրեն «այլախոհ» էր անվանում: Փախչելով Ավստրիա ղազախստանյան արդարադատությունիցՙ Ալիեւը նույնիսկ փորձեց ճերմակեցնել իրեն «բացահայտող ստեղծագործության» միջոցով: Նա գիրք գրեց: Թերեւս, նա դիվանագիտորեն լռեց «մաֆիոզ հաշիվներում» սեփական դերի մասին: Բայց եթե հավատանք ոչ միայն ղազախստանյան դատախազությանը, այլեւ այն մարդկանց պատմություններին, ովքեր երբեւէ բախվել են նրա հետ բիզնեսում (այդ մասին շատ է գրվել ինտերնետում ղազախստանյան դատարանի դատավճիռներից հետո), Ալիեւն ավելի սարսափելի էր, քան «կոզա նոստրա»ի որեւէ ղեկավար:

Ռեյդերություն, ահա թե ինչ է դարձել նրա բիզնեսի ընդլայնման բնական միջոցը: Իր ժամանակին հենց դրա միջոցով նրա սեփականությունը դարձավ Ղազախստանում բավական եկամտաբեր «Շաքարի կենտրոն» ընկերությունը: Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեում իր պաշտոնի ծածկի տակ Ալիեւը զբաղվում էր սովորական ռեկետով: Նա «տանիք» էր խոստացել տարբեր գործարարների, ինչի համար բավականին կլորիկ գումարներ էր ստանում: Հետագայում այդ գումարները վերահասցեագրվում էին դրածո ընկերությունների միջոցով դեպի օֆշորներ: Դա արվում էր, այդ թվում նաեւ Ալիեւի քրոջ ամուսնուն պատկանող ընկերությունների միջոցով: Քրոջ ամուսինը պաղեստինյան գործարար Իսամա Սալահ Խորանին է: Ըստ էության Խորանին դարձավ գլխավոր միջնորդը Ալիեւի ֆինանսական մեքենայությունների եւ փողի լվացման գործում:

Շնորհիվ Ալիեւի աջակցության, Խորանի ընտանիքի «Caratube International Oil Company LLP»-ն (CIOC) ստացավ Կարատյուբե նավթային հանքավայրում ածխաջրածինների հետախուզման եւ արդյունահանման պայմանագիրը: Ընկերությունը պետք է ներդրումներ կատարեր հանքավայրում, բայց այդպես էլ դա չարեց: Ավելին, մի քանի տարի անց Ալիեւի գործով հետաքննության սկսվելուց հետո, CIOC-ն դատի տվեց Ղազախստանինՙ պահանջելով վերադարձնել ներդրումները (1,2 միլիարդ ԱՄՆ դոլար), որոնք իբր արվել էին Կարատյուբե հանքավայրում: Ներդրումային հայցերի կարգավորման միջազգային կենտրոնը մերժեց հայցվորների պահանջը եւ վճռեց, որ CIOC ընկերությունը պետք է վճարի Ղազախստանին 3,2 միլիոն ԱՄՆ դոլարՙ որպես հատուցում արբիտրաժային լսումների ծախսերի դիմաց:

Ճիշտ էՙ ավստրիական դատախազությունն այդ փաստերը չի ուսումնասիրել: Ճիշտ այնպես, ինչպես Ալիեւի մասնակցությունը Ղազախստանում եւս մեկ աղմկոտՙ Ալթինբեկ Սարսենբաեւի սպանության մեջ: Անցյալ տարվա գարնանը այս գործով դատապարտվածը խոստովանել էր, որ Ալիեւը հանդիսանում է գլխավոր պատվիրատուն:

Այսուհանդերձ նույնիսկ ներկա մեղադրանքները լիուլի բավարար են: Եթե ավստրիական դատարանն Ալիեւին մեղավոր ճանաչի, նրան կարող է սպառնալ մինչեւ տասը տարվա ազատազրկում:

Իհարկե, չնայած Ալիեւի համար տասը տարին մեծ ժամկետ է, բայց այնուամենայնիվ, ամենաօպտիմալ տարբերակն է: Եթե ղազախստանյան արդարադատությանը նա դեռ կարող էր մեղադրել կողմնակալության մեջ, ապա ավստրիական դատախազության դեմ նա որոշեց չընդդիմանալ:

Հիշեցնենք, որ նրա ձերբակալության օրդերը Վիեննան տվել էր դեռեւս անցյալ տարվա մայիսին: Դրանից հետո Ալիեւը ստիպված էր կամավոր հանձնվել իշխանություններին եւ սկսել համագործակցել հետաքննության հետ: Օրդերը ենթադրում է, որ անձը, որը գտնվում է Եվրոպական Միության գոտում, կարող է կալանավորվել ԵՄ ցանկացած երկրում եւ փոխանցվել Ավստրիայինՙ հետագա քննչական գործողությունների համար: Փաստորեն, Ալիեւին այլ ելք չէր մնում, քան ինքնուրույն գալ Ավստրիա եւ կանգնել իշխանությունների առջեւ: Դա նրան տեսական հնարավորություն է տալիս խուսափելու ցմահ ազատազրկումից:

Ալիեւի գործով դատական լսումները շատ հավանական է, որ կսկսվեն այս տարվա առաջին կեսին: Սպասելու քիչ ժամանակ կա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ