RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1329, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանին ամերիկյան աջակցության ձեւաչափը փոփոխության ակնհայտ նշաններ է ցույց տալիս` զուտ աջակցության գումարային չափումների փոքրացման տեսքով: Ամերիկայի Հայ դատի գրասենյակից տեղեկացնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայացրել է նոր ֆինանսական տարվա բյուջեն, որում առաջարկվում է նվազեցնել Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող տնտեսական աջակցությունը` միեւնույն ժամանակ հավասարություն պահպանելով ռազմական օգնության առումով այս երկու երկրներին:

Օբամայի ներկայիս առաջարկությունը, որ փաստացի վերաբերում է 2016թ.-ին, կազմում է 18.360.000 ԱՄՆ դոլար, ինչն Հայաստանի անկախությունից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Սա իրողություն կդառնա, իհարկե, եթե ստանա ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը: Իսկ մինչ այդՙ առաջարկված աջակցությունը փաստացի 2 մլն դոլարով պակաս է 2014թ. փաստացի տնտեսական աջակցության հատկացումից:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, ամերիկյան Սպիտակ տունը պետք է անողոք նվազեցումները զուգակցի երկկողմ առեւտրին ու ներդրումներին ուղղված եռանդուն ջանքերի էական ավելացմամբ:

«Նախագահ Օբամայի համար, որ իշխանության եկավ խոստանալով ավելացնել ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների ծավալը, բնավ էլ ուշ չէ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիր բանակցելու, մեծապես անհրաժեշտ Հարկային նոր համաձայնագրի ապահովման եւ ՏՏ, առողջապահության, կրթության, զբոսաշրջության եւ Հայաստանի տնտեսության այլ ոլորտների հետ համագործակցությունը խթանող թիրախավորված առեւտրային առաքելությունների կազմակերպման համար», նշել է Համբարյանը:

Օբամայի բյուջեի առաջարկի համաձայն, ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին ռազմական աջակցության շրջանակներում կտրամադրվի 1.7 մլն դոլար օգնություն: Ու թեեւ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանը շարունակում է լարվածություն ստեղծել սահմանին ու շփման գծում, Համբարյանի ներկայացմամբ, այդուհանդերձ, ռազմական օգնության հավասարությունը պահպանվում է:

Այդպիսով, եթե հաստատվի Օբամայի առաջարկած բյուջեի նախագիծը, Հայաստանին կտրամադրվի 18.36 մլն դոլար, Ադրբեջանին` մոտ 8 մլն այն դեպքում, երբ Վրաստանը կստանա ավելի քան 50 մլն: Ինչ վերաբերում է Արցախին, ապա այս առումով բյուջետային տող նախատեսված չէ, թեեւ նախորդ տարիներին 2 մլն դոլար հատկացում եղել է ԱՄՆ Զարգացման ծրագրի միջոցով:

Համբարյանը, հաշվի առնելով Կոնգրեսում բյուջեի նախագծի հաստատման ժամանակ հնարավոր քայլերը, նշել է, որ դեռ աշխատանք կտարվի Հայաստանին ու Արցախին աջակցությունը մեծացնելու, Ադրբեջանին ռազմական օժանդակությունը նվազեցնելու ուղղությամբ:

Անկախ տարվելիք աշխատանքից, այնուամենայնիվ, նկատվում է միտում, ըստ որի ամերիկյան աջակցությունը Հայաստանին կրճատվում է եւ կրճատվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ