ԳՅՈՒՄՐԻՆ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿՐԻ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԸ ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտը տեղակայված էր Գայի պողոտայում: Սակայն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո տեղացիների հորջորջած «սեւ շենքը» դարձավ թափառող ձեռնասունների գիշերատեղի: Եթե անվանելու լինենք ներկա 21-րդը, երեւի պիտի կոչենք թվային տեխնոլոգիայի դար: Ժամանակի այս թելադրանքը Հայաստանի իշխանություններին ստիպեց հայացքն ուղղել «սեւ շենքին»: 4,000,000 դոլար, 20-ամսյա շինարարական աշխատանքներ. եւ 2014 թվականի հունվարին իր դռները բացեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը: Բայց որքանով են դրա ծրագրերը իրատեսական: Տեխնոլոգիական կենտրոններ աշխարհի շատ երկրներում կան: Արդյո՞ք մեր երկրի պարագայում կկարողանա իրեն արդարացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը: Մի քաղաք, որ դեռեւս խոնարհված կառույցներ ունի ու բազում տնանկներ: Զրուցեցինք կենտրոնի ղեկավար Միսակ Ղարագյոզյանի հետ. - Դեռեւս շատ վաղ է խոսել այն արդյունքների մասին, որ կարող են առաջանալ տեխնոլոգիական կենտրոնի գործունեության շնորհիվ: Սրա համար տարիներ են անհրաժեշտ: Բայց մի բան փաստ էՙ այն պետք է փորձի լուծել տարածաշրջանին վերաբերող խնդիրներ: Աշխատանքի հիմնական ուղղություններն ենՙ բիզնեսի աջակցություն եւ կրթական համակարգի ամրապնդում: Մեր նպատակը մասնագետների պատրաստումն է: Այստեղ, թերեւս, համակում է տարակուսանքը: Հիմնավորենք, միայն թե ասեքՙ դուք լավատե՞ս եք, թե՞ իրատես: Եթե առաջինը, ապա ներկայացնեմ պաշտոնական աղբյուրների փոխանցած այն տվյալը, թե Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը կազմում է 45-47 տոկոս: Իրատեսները հասկացան, որ ճշգրիտ պատկերն արտացոլվում է ավելի մեծ թվերով: Այլ մտահոգություն. միայն նախորդ մեկ տարվա ընթացքում, աշխատանք չունենալու եւ գործազուրկի պիտակից ազատվելու համար, Գյումրիից արտագաղթել է 24.000 մարդ: Տվյալներից բխող հարցն ուղղեցի տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարինՙ մի՞թե կարելի է հուսալ, որ ՏՏ ոլորտում զարգացող երիտասարդը գոնե այս պահին աշխատանք կգտնի վերոգրյալ ցուցանիշներն «ապահոված» քաղաքում: Արդյո՞ք կենտրոնին կհաջողվի իրագործել այն նպատակը, որ խոստանում է Գյումրիում «պահել» ոլորտի մասնագետներին եւ խթանել նրանց աշխատանքը: Պարոն Ղարագյոզյանը հարցին պատասխանեց մտահոգ լռությամբ, ապա ավելացրեց. - Մենք քայլեր ենք անում կրթական ուղղությամբՙ արդեն իսկ պատրաստելով մասնագետներ: Սա ինչ-որ չափով լուծում է գործազրկության մի մասը: Բայց հարցը շատ տեղին էր. ինչպե՞ս անել, որ նրանք տեղում աշխատեն: Սա նշանակում էՙ պիտի այստեղ ստեղծվեն կազմակերպություններ, որոնք մեզ, այսպես ասած, կպատվիրեն պատրաստել մասնագետներ: Հասկանալի է, որ տեխնոլոգիական կենտրոնից այս առումով քիչ բան է կախված: Գուցե այստեղից դուրս կգան լավ ու կրթված մասնագետներ, որոնց կարիքը, սակայն, պիտի զգան արտերկրում, Ռուսաստանում, իսկ լավագույն դեպքումՙ Երեւանում: Միսակ Ղարագյոզյանը, սակայն, հուսադրում էՙ մասնավորապես Գյումրիում պետականորեն է խթանված այս ոլորտն սպասարկող աշխատատեղերի ստեղծումը: Մշակված օրենքը արտոնություններ է տալիս սկսնակ կազմակերպություններինՙ 3 տարի ազատելով շահութահարկից, իսկ եկամտահարկն իջեցնելով մինչեւ 10 %: Բացի այս ամենիցՙ հատուկ Գյումրիի համար կան համաֆինանսավորման դրամաշնորհներ, որ սահմանվում են Համաշխարհային բանկի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից: Զրուցակիցս նշեց, որ այժմ դրական շարժն արձանագրում են որոշ միջազգային կազմակերպություններ, որ արդեն տեղակայվել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Հույս ունենանք, որ այստեղ կազմակերպվող տարբերՙ վճարովի ու անվճար դասընթացները, ներկայումս գործող 4-5 լաբորատորիաներում տարվող աշխատանքները կտան գոհացուցիչ արդյունք: - Գյումրեցիք շատ են օժտված բանական մտածելակերպով: Թերեւս, սա տարածքային առանձնահատկություն է,¬ հուսադրեց տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը: |