ՍԱՄԱԹԻԱՅԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Այդ մասին քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների հետ վկայում է նաեւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահը «Ազգը» դեռեւս հիմնադրման օրից ուշադրության կենտրոնում է պահել Թուրքիայի քաղաքական զարգացումները: Միանգամայն տրամաբանական է, որ այդ նույն մոտեցումը ցուցաբերվեր Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասում զառամյալ հայ կանանց դեմ ուղղված չարանենգ հարձակումներին: Պարզապես ձեռքի տակ եղած ինֆորմացիան կցկտուր է ու թերի: Թեեւ այդ հարձակումների արձագանքը հասել է Վաշինգտոն, ԱՄՆ պետքարտուղարություն, դրանց առնչությամբ մտահոգություն է հայտնել Միջազգային ներում կազմակերպությունը, իսկ BBC-ի, CNN-ի թուրքական ծառայությունները արձագանքել են, սակայն թուրքական կենտրոնական թերթերըՙ հատուկենտ բացառությամբ, նախընտրում են շրջանցել: Թերեւս դա է պատճառը, որ հարձակումներին անդրադառնում ենք «Էվրենսել», «Թարաֆ», «Բիանեթ» կայքէջերի միջոցով: Դրանցից «Բիանեթի» կիրակնօրյա հրապարակումից պարզվում է, որ Սամաթիայում օրը ցերեկով հենց փողոցի մեջտեղում դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով 2 շաբաթ վերակենդանացման բաժնում տանջվող Թ. Ա.-ն, որի աչքը ստացած հարվածից կուրացել է, 87-ամյա Թուրֆանդա Աշըքն է: Նա հարձակման է ենթարկվել ոչ թե դեկտեմբերի սկզբին, ինչպես նշվում էր, այլՙ նոյեմբերի 28-ին: Ստամբուլի նահանգապետը հարձակումներին անդրադարձել է հունվարի 26-ին միայն: Այսինքնՙ երկու ամիս ուշացումով, այն էլՙ դրանք գողության նկատառումներին վերագրելով նկրտումով, որ կոծկի դրանց ռասիստական բնույթը: «Ֆաթիհի» քաղաքապետարանը, որի վարչական տարածքում է Սամաթիան, հարձակումներին արձագանքեց հունվարի 27-ին: Ինչ վերաբերում է հասարակական-քաղաքական կազմակերպություններին, ապա դրանցից առաջինը Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղն է արձագանքել, դիմելով հունվարի 23-ին ոստիկանության «Ֆաթիհի» բաժանմունք, որ զգուշացնի: Հունվարի 25-ին նույն մասնաճյուղը միեւնույն բաժանմունքին հարձակումների առնչությամբ զեկուցագիր է ներկայացրել: Հունվարի 25-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահության գրավոր հարցում էր ներկայացրել Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, պահանջելով, որ հարցմանը գրավոր պատասխանեն ինչպես Մեջլիսի նախագահությունը, այնպես էլ վարչապետ էրդողանը: Հաջոր օրը «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցությունը բազմաթիվ այլ կազմակերպությունների մասնակցությամբ «Ուս ուսիՙ ընդդեմ ֆաշիզմի» կարգախոսով բողոքի ցույց էր կազմակերպել Սամաթիայում, որի ամսաթիվը «Ազգի» նախորդ համարում սխալմամբ հունվարի 27 էինք նշել: Մինչդեռ, հունվարի 27-ի ցույցը «Մի դիպչի՛ր հայ հարեւանիս», «Ատելությունը ձեզ, մարդկությունըՙ մեզ», «Հայ ժողովուրդը միայնակ չէ», «Քուրդ եմ եւ այստեղ եմ» մակագրությամբ ցուցապաստառներով նախաձեռնել է «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որին Մարդու իրավունքների միության «Ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի» գլխավորությամբ մասնակցել են այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներ Էրթուղլու Քյուրքչուն, տկն Սեբահաթ Թունջելը եւ Սըրրը Սուրեյա Օնդերը, որոնք միաժամանակ այս կոնգրեսի գործադիր կոմիտեի անդամներն են: Առաջին հայացքից գուցե ժամանակավրեպ թվա, բայց նրանց ելույթները հստակ պատկերացում են տալիս Սամաթիայում հայ կանանց դեմ իրականացվող հարձակումների ռասիստական բնույթի մասին, բացահայտում են դրանց առաջադրանքը եւ ամբողջացնում թուրքական պետության այս հարձակումներով հետապնդած նպատակների վերաբերյալ մեր պատկերացումները: Որո՞նք են դրանք: Նախքան հարցին պատասխանելն անդրադառնանք Նիլայ Վարդարի հունվարի 27-ին «Բիանեթում» հրապարակված հոդվածին: Հեղինակը նշում է Ստամբուլի, մասնավորապես Սամաթիայի հայության ահաբեկվածության ու շփոթվածության մասին: Գրում է, որ խաչի նշանով թռուցիկներ են գցում հայերի տների դռանը, երեկոյան վերջիններս վախից չեն կարողանում դուրս գալ, չնայած չգրանցված այլ հարձակումների մասին բերնեբերան տարածվող լուրերին, ոստիկանությունն առ այսօր հապաղում է անվտանգության միջոցառումներ իրականացնել Սամաթիայում, թողնելով անպաշտպան ե՛ւ եկեղեցին, ե՛ւ հայ բնակիչներին: Համենայն դեպս, հարձակումներով թուրքական պետության հետապնդած նպատակների մասին Սամաթիայի հրապարակում արտահայտվել է «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» Ստամբուլի վարչության անդամ Ահմեդ Սայմադին, հրապարակելով իր կազմակերպության հարձակումների առնչությամբ հաղորդագրությունը: Նա, համարելով հարձակումները ռասիստական, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչեւ տկն Մարիցայի սպանությունը, հարձակումների առնչությամբ իրավապահ մարմինները որեւէ հետաքննություն չեն սկսել եւ ավելացրել է. «Այս հարձակումներում ոստիկանությունը հանցակից է»: Սայմադին ավելացրել է. «Հարձակումներով մատնանշվում է այն քաղաքականության բնույթը, որը մեր պետությունը պատրաստվում է վարել մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հանդիսացող 2015 թվականը»: Նրան հետեւել է Քյուրքչուն: Նա հնարավոր է համարել, որ հարձակումների պատասխանատուն հենց իրավապահ մարմինները լինեն եւ դատապարտել է ներքին գործերի նախարարության անգործությունը: Քյուրքչուին հավելել է տկն Թունջելը: Նա խոսքն ուղղելով թուրքական կառավարությանը, հայտարարել է. «Մեկ լեզու, մեկ կրոն, մեկ ազգ» ասելով, ընդամենը ատելություն եք սերմանել երկրում: Մինչդեռ բազմակրոն, բազմամշակույթ եւ բազմազգ Թուրքիայում ժողովուրդները պետք է եղբայր լինեն ու իրավահավասար»: Հատկանշական է, որ Սամաթիայի հարձակումները «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» ներկայացուցչի նման Մեծ եղեռնի 100-րդ տարելիցով է պայմանավորել նաեւ հարցումով Մեջլիսի նախագահություն դիմած Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Թանրըքուլուն, նույնպես համարելով ռասիստական: Նա մասնավորապես ընդգծել է. «Հայ քաղաքացիների նկատմամբ իրականացվող ռասիստական հարձակումների աճը կամա թե ակամա մեզ հիշեցնում է 1915-ի մոտեցող 100-րդ տարելիցը: Եթե այդ հարձակումները կազմակերպված բնույթ ունեն, անհապաղ պետք է բացահայտել այդ կազմակերպությանն ու դատաստանի առջեւ կանգնեցնել մեղավորներին: Այլապես, կստեղծեն կազմակերպվածության տպավորություն գործող այս հարձակումների շարունակականության համար անհրաժեշտ նախադրյալներ: Դա կխորացնի հայ քաղաքացիների կյանքի ու գույքի անվտանգության մտավախությունը: Չմոռանալ, որ հարձակումների շարունակման դեպքում դրա պատասխանատուն կառավարությունն է լինելու: |