ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԵՐԻՑ Հ. Հ. The Gallup Organization կազմակերպությունը, Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը անցկացրել են սոցիոլոգիական հարցումՙ բացահայտելու եւ վերլուծելու Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրություններն ու կարծիքները: Սոցհարցումն անցկացվել է հունվարի 15-23-ը 1020 չափահաս բնակչի շրջանում: Հարցման մասնակիցների 66 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Երկրորդ հորիզոնականում Րաֆֆի Հովհաննիսյանն էՙ 10 տոկոս ձայն, Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը հավաքել են 4-ական, իսկ Արամ Հարությունյանըՙ 1 տոկոս ձայն: Նախագահի մնացած երեք թեկնածուները չեն հաղթահարել մեկ տոկոսի շեմը: Միաժամանակ, թեկնածուները դեռ ժամանակ ունեն պայքարելու 16 տոկոս ձայնի համար: Հենց այսքան է կազմել չկողմնորոշված անձանց տոկոսը: «Ո՞ւմ ձայն չէիք տա» հարցին ամենից շատ ձայն հավաքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: 1020 բնակչի 20 տոկոսը չի ցանկանում նախագահի պաշտոնում տեսնել Բագրատյանին, 18 տոկոսըՙ Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արամ Հարությունյանը հավաքել են 17-ական տոկոս, իսկ Սերժ Սարգսյանըՙ 13: Մասնագետները փորձել են պարզել նաեւ կուսակցությունների վարկանիշը: Լավագույն հնգյակում ենՙ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը»: Սա Gallup-ի երկրորդ սոցհարցումն է, առաջինը կատարվել էր դեկտեմբերին, երբ դեռ հայտնի չէր, թե ովքեր են առաջադրվում նախագահի թեկնածուներ: Երրորդ եւ վերջին սոցհարցման արդյունքները կհրապարակվեն փետրվարի 9-ին: |