ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆ «ԱՆՀԱՋՈՂ ԿԱՏԱԿ Է» Հ. Հ. Երեկ եւ այսօր Հավաքական անվտանգության գլխավոր կազմակերպության պատվիրակությունը գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ մասնակցել է ռուս-հայկական ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից հայկական եւ ռուսական մասերի համատեղ նիստին: Նիստում համակարգվել է ՀԱՊԿ-ի, Միջպետական հանձնաժողովի եւ դրան կից Գործարար խորհրդի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների անցկացումը: Քննարկվել են զրահատանկային եւ ինժեներական, ՀՕՊ համակարգերի, «Մի» մակնիշի ուղղաթիռների, ռուսական արտադրության մեքենաների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման նպատակով Հայաստանի տարածքում արտոնագրված սպասարկման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ հարցեր: ՀԱՊԿ քարտուղարությունն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը հուշագիր են ստորագրել Հայաստանում «ՀԱՊԿ ակադեմիա» ստեղծելու մասին: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բորդյուժան «անհաջող կատակ» որակեց Ադրբեջանի կառավարության այն որոշումը, որն իրավական հիմք է տալիս Արցախի տարածքում թռչող ինքնաթիռների ուղղությամբ կրակ բացել: «Կարդացել եմ նման արձագանքների մասին ու մտածում եմ, որ դա կամ անհաջող կատակ է, կամ մտքի անհաջող ձեւակերպում: Ես դիտարկում եմ Ադրբեջանը որպես քաղաքակիրթ երկիր, որը հավատարիմ է մարդկային նորմերին: Խիստ կասկածում եմ, որ մեր օրերում որեւէ երկրի ղեկավարություն կարող է ուղղակի հրաման տալ կրակ բացելու քաղաքացիական ինքնաթիռների վրա: Պատմության մեջ եղել են նման դեպքեր, սակայն մենք հիշում ենք նաեւ դրանց վերաբերյալ միջազգային ուժերի արձագանքը: Ամեն դեպքում, չեմ պատկերացնում, որ իրեն քաղաքակիրթ համարող պետությունն իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Այնպես որ, ես նման հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում», ասել է Բորդյուժան: Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը հունվարի 18-ին համապատասխան որոշում է ընդունել, որը իրավական հիմք է տալիս Արցախի տարածքում թռչող ինքնաթիռների ուղղությամբ կրակ բացելու: |