ԹԵ ԻՆՉՊԵՍ 80-ԱՄՅԱ ԾԵՐՈՒՆԻՆ «ԴԱՐՁԱՎ «ԿՌՈՒՆԿ» ԿՈՄԻՏԵԻ ԱԿՏԻՎԻՍՏ» ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Ըստ երեւույթին Հայաստանում նախագահական ընտրություններն են առիթը, որ lent.az-ը նոր «պրոեկտ» է ստեղծել: Հեղինակը «ղարաբաղյան պատերազմի վետերան» Ռեյ Քերիմօղլուն է: Վերջինս «եղել է ազգային հերոս Շիրին Միրզոեւի հրամանատարության զորամասի հետախուզական վաշտի հետախույզ» եւ անձամբ մասնակցել է մարտական գործողությունների: Իսկ ի՞նչ է հրապարակել «փորձառու հետախույզը»: Ընդամենը` երկու նամակ: Մեկը` ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, մյուսը` Մարտակերտի շրջանի գործկոմի նախագահ Վահան Գաբրիելյանին: Դրանք գրվել են 1992 թ. մարտի 7-ին, Աղդամի շրջանի Ալիմադաթլի գյուղից: Հեղինակը Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի բնակիչ Բարխուդար Ասատուրի Հարությունյանն է: Քերիմօղլուն նրան ներկայացնում է որպես ««Կռունկ» կոմիտեի ակտիվիստի, 75-80 «զինառյալի» (չակերտները մերն են - Վ. Ա.) հրամանատարի»: Նամակների բովանդակությունը նույնն է` Հարությունյանը Սերժ Սարգսյանին եւ Վահան Գաբրիելյանին խնդրում է «կազմակերպել 11 հոգու` 3 տղամարդու եւ 8 կնոջ փոխանակություն», որ Ղազանչին ադրբեջանցիների կողմից գրավվելուց հետո հայտնվել էին գերության մեջ: Նա գրում է, որ «պայմաններն անտանելի են, եւ եթե փոխանակում չկազմակերպվի, բոլորը կմեռնեն»: Որեւէ արտառոց բան չկա, որ գերության մեջ հայտնված մարդուց ադրբեջանցիները նման բովանդակությամբ նամակ են կորզել: Ավելին, նամակները վկայում են, որ ադրբեջանական կողմը գերեվարված հայերին պահել է անտանելի պայմաններում: Նողկալին Ռեյ Քերիմօղլուի կեղծարարությունն է: Բանն այն է, որ Բարխուդար Հարությունյանին ճանաչել են ողջ Մարտակերտի շրջանում: Գուցե թե` նաեւ Արցախում. նա այն եզակի հայ տղամարդկանցից մեկն էր, որ բաժանվել էր հայ կնոջից եւ ամուսնացել ադրբեջանուհու հետ: Ընդ որում, տասնամյակներ շարունակ Բարխուդար Հարությունյանը ադրբեջաներեն եւ ռուսաց լեզուների ուսուցիչ է աշխատել Մանիքլու, Գարաչիլար եւ այլ ադրբեջանաբնակ գյուղերում: 1992 թ. մարտի 4-5-ին, այո, Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը, բայց Բարխուդար Հարությունյանը եւ մյուս գերեվարվածները ոչ թե «Կռունկ» կոմիտեի «ակտիվիստ», առավել եւս` «զինառյալներ» էին, այլ` 70-80 տարեկան ծերեր, ովքեր տարվել են, ինչպես պարզվում է Քերիմօղլուի հրապարակումից, նախ Ալիմադաթլու գյուղ, ապա` Շահբուլաղ: Այդ մարդկանց հետագա ճակատագրին մենք արդեն անդրադարձել ենք: Կրկնենք` 11 գերեվարվածներից ոչ ոք կենդանի հայկական կողմին չի վերադարձվել: Կատարվել է դիակների փոխանակություն: Ընդ որում, Բարխուդար Հարությունյանի դիակը, ինչպես վկայում է փոխանակման կազմակերպիչներից ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ծնունդով Ղազանչի գյուղից Վլադիմիր Ավագիմյանը, «դուրս է բերվել կրահորից`ածխացած վիճակում»: Ավագիմյանը վկայում է, որ Հարությունյանին եւ մի քանի ծերերի նախապես խոշտանգել են, ապա կենդանի նետել կրահորերի բոցերի մեջ: Փաստորեն մարդկանց ողջակիզել են: Այդ հանցագործության կազմակերպիչներից մեկը` Ռեյ Քերիմօղլուն, այսպիսով, բացահայտված է: Եվ հարկ է սույն փաստը ներկայացնել միջազգային իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններին: Քերիմօղլուն փորձագետի համարում ունի նաեւ Խոջալուի դեպքերի կապակցությամբ: Նրա հեղինակած նյութերին հղում են անում տարբեր հեղինակներ: Հանգամանքը, որ նա մասնակցել է Ղազանչի գյուղից 11 քաղաքացիական անձանց խոշտանգումներին, իսկ դեպքերից 21 տարի անց փորձում է 80-ամյա ծերունուն` Բարխուդար Հարությունյանին ներկայացնել իբրեւ «գերված զինառյալի, «Կռունկ» կոմիտեի ակտիվիստի», պետք է դառնա համաշխարհային հանրային կարծիքի սեփականությունը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ նյութերի հիման վրա ԼՂՀ դատախազությունը կարող է ռազմական հանցագործություն կատարած լինելու փաստով քրեական գործ հարուցել Ռեյ Քերիմօղլուի դեմ եւ հետամուտ լինել, որպեսզի Ինտերպոլը նրա հանդեպ հայտարարի միջազգային հետախուզում: |