ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: «…Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ուխտյալ եկեղեցականաց հավատարիմ ծառայությամբ դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում: Մեր հոգու հայցն է, որ Տիրոջ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ շարունակի տերունապատվեր սպասավորությունն ու նախանձախնդիր պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի», - ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում մեջ: Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված աջակից լինի նորընտիր Պատրիարքին` շնորհելով արգասալի իրագործումներ ու մշտանորոգ հաջողություններ, եւ առավել զորացնի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի մխիթարություն համայն հավատավոր հայ ժողովրդի: |