ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻՌ Թուրքիան ավարտել է նորՙ Anka անօդաչու ինքնաթիռի փորձարկումները, որով Turkish Aerospace Industries ընկերությունը զբաղվում էր 2009-ից: TAI-ի մամլո տեղեկագրում նշվում է, որ վերջին փորձարկումներն անցկացվել են 2013 թ. հունվարի 20-22-ը: Ներկայումս ընկերությունը Ռազմարդյունաբերության քարտուղարության հետ բանակցում է զանգվածային արտադրություն սկսելու նպատակով: Կատարվել են մի շարք փորձնական թռիչքներ: 2013-ի հունվարին թռչող սարքը քամու պայմաններում օդում մնացել է 18 ժամ: Anka-ի կապի հեռավորությունը կազմում է 200 կմ: Փորձարկվել է ավտոմատ վերսլացքի եւ վայրէջքի հնարավորությունը: Հունվարի 22-ին անօդաչու ինքնաթիռը կատարել է գիշերային թռիչք: Anka-ի երկարությունը 8 մետր է, թեւերի բացվածքըՙ 17,3 մետր: Շարժիչի հզորությունը 155 ձիաուժ է: Օդում կարող է մնալ առվազն 24 ժամՙ հետախուզություն իրականացնելով 9 հազար մետր բարձրությունից: Հանդերձավորված է դիտարկման ինֆրակարմիր եւ էլեկտրոնային-օպտիկական համակարգերով, բայց ապագայում նախատեսվում են ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր, արբանյակային կապ եւ ազդանշանների վերահեռարձակիչ: |