ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Կապանի «Գանձասարը» Թուրքիայում ստուգողական 2-րդ խաղում էլ պարտվեց: Այս անգամ մրցակիցն Օդեսայի «Չեռնոմորեցն» էր: Հանդիպման սկիզբը հաջող էր գանձասարցիների համար, որոնք 21-րդ րոպեին բացեցին հաշիվը: Դումբիայի փոխանցումից հետո Նարեկ Բեգլարյանը մենմենակ հայտնվեց դարպասապահի առջեւ, սակայն մրցակցի պաշտպանը խախտեց կանոնները: 11 մ հարվածն անվրեպ իրացրեց Բեգլարյանը, որը «Գանձասարի» կազմում բացեց գոլերի հաշիվը: Ցավոք, հետագայում «Գանձասարին» ոչ միայն չհաջողվեց նոր գոլ խփել, այլեւ պահպանել հաղթական հաշիվը: 42-րդ րոպեին դե Մատոսը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ խաղավարտից 6 րոպե առաջ Բուրդուջան խփեց հաղթական գնդակը: Այդ խաղում «Գանձասարի» դարպասը պաշտպանեց Գրիգոր Մելիքսեթյանը, որը փորձաշրջան է անցնում թիմում: Իսկ թիմի հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանը Թուրքիայից վերադարձել է Երեւան, քանի որ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: |