ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԻՄԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՑՈՒՑԱՆԻՇՆ Է Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2001-2012-ի արդյունքներով Եվրոպայի ուժեղագույն ակումբների դասակարգման ցուցակը: Այն գլխավորում է իսպանական «Բարսելոնը»: 2-րդ տեղում անգլիական «Մանչեսթր Յունայթեդն» է: Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը»: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Արսենալը», իտալական «Ինտերը», անգլիական «Լիվերպուլն» ու «Չելսին», Իտալիայի բազմակի չեմպիոն «Միլանն» ու ֆրանսիական «Լիոնը»: Դոնեցկի «Շախտյորը» 18-րդ տեղում է: Դա լավագույն ցուցանիշն է ԱՊՀ երկրների ակումբների մեջ: Կիեւի «Դինամոն» այդ ցանկում 23-րդ տեղում է: Եվրոպայի ուժեղագույն 600 ակումբների ցանկում Հայաստանը ներկայացնում են 6 թիմեր: Բնականաբար լավագույն ցուցանիշն ունի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որը 657,5 միավորով հանգրվանել է 191-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ «Փյունիկը» 2001-2010-ին 10 տարի շարունակ հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Եվ միայն 2011-ին «Ուլիսին» հաջողվեց վերջ դնել «Փյունիկի» գերիշխանությանը Հայաստանում: «Ուլիսը» 257 միավորով 560-րդ տեղում է: Իսկ «Փյունիկից» հետո 2-րդ արդյունքն ունի «Միկան», որը 551,5 միավորով 258-րդն է: «Բանանցը» 485,5 միավորով զբաղեցնում է 310-րդ տեղը: ՀՀ առաջնության առաջատար Գյումրիի «Շիրակը» 307,5 միավորով 478-րդ տեղում է: Հայաստանի վերջին ներկայացուցիչն այդ ցանկում Երեւանի «Արարատն» է, որը 254 միավորով 567-րդ տեղում է: |