ԲԱՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԱՅՈՑ ԽԱՉՔԱՐԸ ԱՐԱ ԶԱՐՅԱՆ, Միրանո-Վենետիկ Հայկական գորգի արտադրությունից մինչեւ խաչքարի տեղադրում Այս տարվա հունվարի 11-ը ընդմիշտ կմնա ոչ միայն Իտալիայի Բարի քաղաքի, այլեւ իտալահայ համայնքի ներկայացուցիչների ու հայ առաքելական եկեղեցու Հռոմի ու Միլանի հովվապետների հիշողություններում: Հանդիսությունը, անշուշտ, պատահական չէր, Բարի քաղաքի ընտրությունը` նույնպես: Մի կողմ թողնելով Պուլիա նահանգի եւ հայերի պատմամշակութային ու ճարտարապետական առնչությունները, ինչպես նաեւ իտալացիների ու հայերի բարեկամության հազարամյա կապերը, նաեւ այսօր առկա բազմաթիվ վկայությունները, հարկ է վերադառնալ մեր պատմության ամենաողբերգական շրջանին` Հայոց մեծ եղեռնին: Ամենից առաջ պետք է հարգանքի տուրք մատուցել հայազգի ճանաչված բանաստեղծ, հասարակական գործիչ Հրանտ Նազարյանցին, որի անունը կրող մշակութային ընկերությունը Բարի քաղաքում գործում է ավելի քան երեք տարի: 1913-ին Նազարյանցը Պոլսից տեղափոխվում է Բարի, ուր ապրում է մինչեւ իր կյանքի վերջը: Նազարյանցի` Պոլսում ապրած տարիները համընկնում են գրական ու մշակութային այնպիսի մի ժամանակաշրջանի, երբ ստեղծագործում էին ականավոր հայ գրողներ Եղիա Տեմիրճիպաշյանը, Միսաք Մեծարենցը, Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Երվանդ Օտյանը, Գեղամ Բարսեղյանը, Վահան Թեքեյանը, Կոստան Զարյանը: Իտալիայում Հրանտ Նազարյանցի հաստատվելուց մոտ մեկ տարի անց, վրա է հասնում Առաջին համաշխարհային պատերազմը, որին հաջորդում է Մեծ եղեռնը: Փաստորեն Նազարյանցը կորցնում է իր լավագույն գրչընկերներին ու հայտնվում բոլորովին մեկուսացած ու անօգնական օտար մի երկրում: Իր տաղանդի, ինչպես նաեւ իտալերեն գրված ու հրատարակած բանաստեղծությունների շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերում Իտալիայի գրական ու մշակութային շրջաններում` արժանանալով այնպիսի անվանի գրողների գնահատանքին, ինչպիսիք էին Ջուզեպե Ջելարդին, Կարդիլեն, Ջանպետրո Լուչինին, Ալեքսանդր Ֆերդինանդո Ռոսոն, Դինո Ֆիենգան: Այնուհետեւ, թարգմանաբար նա իտալացի ընթերցողին է ներկայացնում հայ արձակագիրների բազմաթիվ ստեղծագործություններ: 1916 թվականին Բարիում Էնրիկո Կարդիլեի թարգմանությամբ լույս է տեսնում «Խաչված երազներ» գիրքը: 1924 թվականին Հրանտ Նազարյանցի ջանքերի շնորհիվ եւ Պուլիա նահանգի պաշտոնյա անձանց հովանավորությամբ ու աջակցությամբ, հնարավոր է դառնում հյուրնկալել ու կացարաններ տրամադրել եղեռնից հրաշքով փրկված մոտ երկուհարյուր տարագիր հայերի: Երկու տարի անց Բարիի արվարձանում հիմնվում է Նոր Արաքս անունը կրող ավանը, ուր շուտով սկսում է գործել հայ գորգագործական մի ձեռնարկություն: Հայկական գորգերը մեծ ճանաչում են ստանում ու դրանց առաքումը տարածվում է Բարիի սահմաններից դուրս: Ի դեպ, Նոր Արաքսի գորգագործական արհեստանոցի գորգերով ու կարպետներով են զարդարվել Վիտորիո Էմանուելե Գ թագավորի արքայական գնացքի ներքին սրահները: Այսօր, ցավոք, միայն մեկ հայ ընտանիք է ապրում նախկինում մեծ համբավ վայելած հայկական Նոր Արաքս ավանում: Ժամանակի ընթացքում շատ ընտանիքներ տեղափոխվել են Բարիի հին թաղամաս կամ մեկնել Իտալիայի այլ քաղաքներ, նաեւ` այլ երկրներ` նոր ապրուստ ու ապահով աշխատանք որոնելու նպատակով: 2001 թվականին, Իտալիայում ՀՀ դեսպան Գագիկ Բաղդասարյանի շնորհիվ, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին Հայաստանի ու Իտալիայի Պուլիա նահանգի միջեւ բարեկամական ու գործնական համագործակցության զարգացման համար: Բարիի քաղաքապետարանը հատուկ որոշում կայացրեց քաղաքում հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան կանգնեցնելու մասին: Հուշարձանի նախագծի հեղինակ` ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը տեղական քարից քանդակեց նրբագեղ մի խաչքար, որը խորհրդանշում է երկու ժողովուրդների քրիստոնյա հավատը: Տեղի քաղաքական ու տնտեսական փոփոխվող եւ անբարենպաստ պայմաններից ելնելով, պատրաստի հուշակոթողը երկար տարիներ մոռացության էր մատնվել, իսկ նրա տեղադրումը տարեց-տարի հետաձգվում էր: Միայն երկու տարի առաջ Բարիի հայ համայնքի առաջատար Ռուբեն Թիմուրյանի բարեհոգության եւ քաղաքապետի հոգածության շնորհիվ հնարավոր դարձավ քաղաքում տեղ հատկացնել ու կազմակերպել խաչքար-կոթողի հանդիսավոր բացման արարողությունը: Այս տարվա հունվարի 11-ը դարձավ Բարիի բնակիչների եւ հայերի բարեկամության ու մշակութային կապերի պահպանման ու զարգացման իսկական տոն: Վաղ առավոտից սպիտակ սավանով ծածկված խաչքար-կոթողի տարածքը բազմամարդ էր: Ներկա էին Բարիի քաղաքապետ Դոն Միքելե Էմիլիանոն, քաղաքի բնակիչները, տեղի, ինչպես նաեւ Իտալիայի այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, ՀՀ դեսպանության խորհրդատու` Բորիս Սահակյանը, Իտալիայի Հայ միության նախագահ` Պայքար Սվազլյանը, հուշարձանի հեղինակը` ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը, Հռոմի ու Միլանի Հայ առաքելական եկեղեցու հովիվներ Հայր Թովմա Խաչատրյանը, Հայր Գառնիկ Մխիթարյանը, Բարիի Սուրբ Նիկոլա տաճարի հայր Լորենցո Լորուսսոն, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ Բարի քաղաքի հայ համայնքի առաջնորդ Ռուբեն Թիմուրյանը, որն իր շնորհակալությունը հայտնեց քաղաքապետարանին, հուշարձանի հեղինակին, նաեւ բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավոր դարձավ խաչքար-կոթողի տեղադրումը: Երախտագիտության ու հայ-իտալական բարեկամության մասին խոսեցին Բարիի քաղաքապետը, ՀՀ դեսպանության խորհրդատուն, Սուրբ Նիկոլա եկեղեցու առաջնորդը, որից հետո հայ առաքելական եկեղեցուն բնորոշ արարողակարգով օրհնվեց խաչքար-կոթողը` նշելով, որ այն պիտի պահապան լինի Բարիի բնակիչներին, հսկի նրանց անդորրը: Խաչքար կոթողի բացման պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Դոն Միքելե Էմիլիանոն մասնակիցներին հրավիրեց քաղաքապետարանի նիստերի դահլիճ, որտեղ տեղի ունեցավ խորհրդակցություն եւ պարգեւների փոխադարձ հանձնում: Լեցուն դահլիճում հավաքված հասարակությունն ունկնդրեց Պուլիա նահանգի ներկայացուցիչ, դոկտոր Կոսկայի, Ռուբեն Թիմուրյանի, Բորիս Սահակյանի, հայր Թովմա Խաչատրյանի ու հայր Գառնիկ Մխիթարյանի, «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի քարտուղար, պրոֆեսոր Կառլո Կոպալայի եւ պատմաբան, պրոֆեսոր Անտոնիո Լեուցիի, Քասամասիմայի քաղաքապետարանի խորհրդատու Ֆրանչեսկո Լարիքիայի եւ կոթողի հեղինակ Աշոտ Գրիգորյանի ելույթները: Խաչքար-կոթողի բացման արարողությունն ավարտվեց Բարիի քաղաքապետարանում կազմակերպված հյուրասիրությամբ: Բարիի հայ համայնքը ծրագրում է իրականացնել հրաշալի մի ծրագիր եւս` քաղաքի կենտրոնական այգում տեղադրել «Հրանտ Նազարյանցի» հուշարձանը: Հուսանք, որ քաղաքի բնակիչներն առաջիկայում կստանա հայազգի բանաստեղծի հիշատակը հավերժացնող մի գողտրիկ անկյուն եւս: Նկար 1. Ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը իր հեղինակած խաչքար-կոթողի մոտ Բարիում: |