RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-01-29 23:51:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2741, Տպվել է` 111, Ուղարկվել է էլ.փոստով` 119

ՓԱՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԹԱԳՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՂԵՂԸ

Վ. ԱՍԼԻԿՅԱՆ, Վաստակավոր ուսուցիչ

ՀՀ անկախության 22 տարիների ընթացքում ընդդիմությունը միայն մի անգամ (մասամբ) միավորվեց, եւ 1998 թվականին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

Մեր ընդդիմությունը «համառորեն» չի միավորվում, որովհետեւ ամեն մեկը ցանկանում է ինքը միայնակ հաղթել եւ միայնակ տեր դառնալ հանրապետության իշխանությանը եւ նախագահական աթոռին:

Ոչ վաղ անցյալում այդպես վարվեցին իրենց արմատական ընդդիմություն համարող մի շարք կուսակցությունների ղեկավար պարոնները` Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը եւ այլք: Չհասնելով իրենց երազանքին` նախագահական աթոռին, լքեցին ընդդիմադիր դաշտը, մտան իշխանության փեշի տակ եւ ձեռք բերեցին ինչ-ինչ տաքուկ պաշտոններ:

Վերջինՙ 2012 թվականի մայիսյան խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդդիմադիր ուժերը դարձյալ չմիավորվեցին: Ընտրությունների քարոզարշավի ընթացքում բոլորը բազմիցս հայտարարեցին, որ հենց իրենց կուսակցությունն է խորհրդարանում մեծամասնություն կազմելու...

Սակայն ընտրություններից հետո պարզ դարձավ, որ իրենց այդ անիրատես հիվանդագին լավատեսությունը ոչ այլ ինչ էր, քան փառամոլության պատճառով ուղեղի մթագնություն: Ընդդիմադիր բոլոր ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին: Նրանցից երեքը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը հազիվհազ հաղթահարեցին 5%-ի շեմը: Ընդդիմադիր ուժերի անիրատես լավատեսությունը չիրականացավ, ժողովուրդը կրկին պարտվեց...

Սակայն ժողովրդի համար մի նոր հույսի լույս ճառագեց, թե ընտրություններից առաջ ԲՀԿ-ն կդառնա բացահայտ ընդդիմություն, կմիավորվի խորհրդարան մտած եւ արտախորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, եւ առաջիկա նախագահական ընտրություններում հանդես կգան միասնական թեկնածուով, որը շատ թե քիչ հնարավորություն կտար մրցելու ՀՀԿ-ի «ահել» թեկնածու, գործող նախագահ, նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանի հետ:

Սակայն դա միայն թվում էր...

Երբ նախագահի թեկնածուների գրանցման ժամկետին հաշված օրեր էին մնացել, պարոն Սերժ Սարգսյանը իր մոտ հրավիրեց ԲՀԿ-ի նախագահ, նախագահի հավանական թեկնածու Գագիկ Ծառուկյանին եւ...

Հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանը ի լուր ողջ հայության հայտարարեց, որ ինքը չի գրանցվելու նախագահի թեկնածու, ԲՀԿ-ն չի մասնակցելու նախագահական ընտրություններին եւ չի սատարելու նախագահի որեւէ թեկնածուի: Հաջորդ օրերին նրա օրինակին հետեւեցին ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը: Այս անգամ նրանք իրատեսորեն համոզված են, որ նախագահական ընտրություններում հաղթելու անգամ չնչին հնարավորություն չունեն:

Սակայն ինչպես ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը, այնպես էլ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժերին չմիավորելու, ընտրություններին չմասնակցելու հարցում ոչ մի արդարացում չունեն: Նրանք ժողովրդին հուսախաբ արեցին ու թողեցին մոլորության մեջ: Ես այս երեւույթն այլ բան չէի որակի, քան` թշնամություն երկրի եւ սեփական ժողովրդի նկատմամբ:

Այնուամենայնիվ, բացի Սերժ Սարգսյանից, 2013 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու գրանցվեցին ժողովրդին հայտնի եւ անհայտ եւս յոթ թեկնածուներ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը, Վարդան Սեդրակյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը:

Արդեն սկսվել է ընտրապայքարի քարոզարշավը: Նրանցից ամեն մեկն ավելի քան համոզված է, որ հենց ինքն է առավելագույն ձայներ ստանալու եւ դառնալու ՀՀ չորրորդ նախագահը: Նրանցից շատերը ո՛չ իրենց են ճանաչում, ո՛չ իրենց մրցակիցներին եւ ո՛չ էլ ընտրազանգվածին ու հայ ժողովրդին: Թվում է, թե փառամոլությունը ոչ միայն նրանց ուղեղներն է մթագնել, այլ նաեւ տեսողությունն է խամրել: Քանզի ինչ հաղթանակի մասին է խոսքը, երբ նրանցից ոմանք անգամ 1-2% ձայն չեն հայթայթելու եւ նախագահական աթոռի փոխարեն խեղկատակի անուն են վաստակելու:

Ուրիշ է, թե յոթ թեկնածուները քարոզարշավի ընթացքում գան ընդհանուր հայտարարի եւ իրենցից մեկի օգտին դուրս գան ընտրապայքարից: Այդ մեկը` ով էլ լինի, ինքնաբերաբար, կդառնա ընդդիմության միասնական թեկնածու: Ցավոք, դժվար թե նրանք կարողանան ձերբազատվել իրենց անիրատես փառամոլությունից:

Ինչ վերաբերում է իշխանությանըՙ ընտրությունների հարցում ոչ մի խնդիր չունի: Հանրահայտ է, որ գործող նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանը մինչեւ ընտրությունների օրը` 2013 թվականի փետրվարի 18-ը, արդեն իսկ ընտրված նախագահ է: Ավելինՙ ՀՀԿ-ն համոզված է, որ 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում արդեն իսկ հաղթանակն ապահովված է...

Նման ինքնավստահությունն անհիմն չէ: Ողջ Հայաստանը բոլոր առումներով գտնվում է ՀՀԿ-ի հակակշռի տակ:

Հանրապետական կուսակցության ամբողջ կառույցի եւ նրա ողջ շրջապատի համար մեր օրերի Հայաստանը իսկապես վարդագույն է: Նրանք հասել են գերմանացի հանճարեղ բանաստեղծ Վ. Գյոթեի երազանքի ասույթին` Կա՛նգ առ, ակնթարթ, ինչքա՜ն գեղեցիկ ես...

Հանրահայտ է` միանգամայն այլ տպավորություն ունի ժողովուրդը: Օրըստօրե ավելի են ծանրանում ժողովրդի սոցիալական վիճակը, հասարակության ծայրահեղ բեւեռացումը եւ ժողովրդի չդադարող արտագաղթը:

Ցավոք, մեր երկրի նման վիճակի մեղավորները հենց մենք ենք: Մենք ենք ընտրողը եւ ընտրվողը, ամբողջ երկիրը թալանի տվողը, հայրենի երկրից արտագաղթողը:

Հայաստանի Հանրապետության երեք նախագահ ընտրեցինք, բայց հենց նրանց պատճառով անկախության բարիքներից էլ զրկվում ենք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ