ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ՄԻ ՓՈՔՐ ԿԱՂՈՒՄ Է» Իսպանիայում անցկացվող Copa del Sol մրցաշարում Դոնեցկի «Շախտյորը» 2-րդ հաղթանակը տոնեցՙ 1-0 հաշվով պարտության մատնելով Նորվեգիայի բազմակի չեմպիոն «Ռուսենբորգին»: Թիմին հաղթանակ պարգեւեց 79-րդ րոպեին Կոստայի խփած միակ գնդակը: 2 խաղից հետո վաստակած 6 միավորով «Շախտյորը» դարձավ մրցաշարի առաջատար: Թիմի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, որը խաղից հետո սիրով լուսանկարվեց իսպանացի եւ ուկրաինացի ֆուտբոլասերների հետ, իսկ այնուհետեւ հարցազրույց տվեց ակումբի պաշտոնական կայքին: - Այսօր «Ռուսենբորգը» փորձում էր «Շախտյորի» գրոհներին պատասխանել հակագրոհներով: Այդ թիմի հետ հանդիպումն ավելի հետաքրքրակա՞ն էր, քան «Գյոթեբորգի» հետ կայացած նախորդ խաղը: - Այո, այսօրվա խաղն ավելի հետաքրքրական պայքարում ընթացավ: Սակայն ինչպես նախորդ խաղում, այս անգամ էլ բավականին դժվար էր, մրցակիցը կրկին շատ կազմակերպված էր գործում: Բայց կարեւորն այն է, որ մենք գրոհների կազմակերպման եւ դրանց եզրափակման համար տարածություն ենք գտնում: Ճիշտ է, մի փոքր կաղում է գոլային պահերի իրացումը, սակայն կարծում եմ, որ հաջորդ հանդիպումներում այդ հարցն էլ կկարգավորվի: - Ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին անգամ թիմի խաղացողների մեծամասնությունը մասնակցեց ողջ հանդիպմանը: Դա հատո՞ւկ փորձություն էր: - Այո, Միրչա Լուչեսկուն որոշ ֆուտբոլիստների հնարավորություն է ընձեռում խաղալ 90 րոպե, մյուսներին թույլ է տալիս հանգստանալ: Շուտով սկսվելու են պաշտոնական հանդիպումները եւ մեզ հարկ կլինի 3 օրը մեկ խաղադաշտ դուրս գալ: Այնպես որ մարզիչը մեզ նախապատրաստում է նման խաղացանկին: - Դիմանո՞ւմ եք: Չէ՞ որ ծանրաբեռնվածությունը բավականին մեծ էՙ հաշվի առնելով նաեւ անցկացվող ստուգողական հանդիպումների քանակը: - Իհարկե, դժվար է, սակայն հարկավոր է խաղալ ու նախապատրաստվել: Միայն քրտնաջան մարզումների շնորհիվ կարող ես լավ մարզավիճակ ձեռք բերել: Այնպես որ պետք է հարմարվել նման ծանրաբեռնվածությանը: - Այսօր զգացվո՞ւմ էր ֆուտբոլասերների աջակցությունը: - Այո: Հաճելի էր տեսնել ուկրաինացի ֆուտբոլասերներին ընկերական մրցախաղում: |