ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄ Հ. Հ. Երեւանում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հունվարի 28-ից 29 պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ առավոտյան պաշտպանության նախարարությունում էր: Նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո երկու երկրների ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցավ փակ խորհրդակցություն: Երկրի ռազմամարտավարական հարցերի լայն շրջանակը քննարկելուց հետո երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդիպեցին լրագրողներին: Նախարար Օհանյանը Շոյգուի այցը գնահատեց ծրագրային: Նրա խոսքերովՙ առավել հաճելի է, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ ստեղծման 21-ամյակի տոնակատարությունների օրերին: «Դա շատ խորհրդանշական է եւ ամբողջությամբ համապատասխանում է հայ-ռուսական դաշնակցային խորացող հարաբերությունների ոգուն եւ միտումներին», ասաց նախարարըՙ հավելելով, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ: Օրակարգային են եղել ռազմական եւ ռազմատեխնիկական հարցերը: «Ներկա այցը, անշուշտ, նոր զարկ է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն ու նպաստում տարածաշրջանում բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը», շեշտեց Օհանյանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ, Սերգեյ Շոյգուն ասաց, որ մանրամասնորեն քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերն ու ընդունել են մի քանի լրացուցիչ որոշումներ: ՌԴ պաշտպանության նախարարը հավելեց, որ Հայաստանում գտնվող ՀԱՊԿ ղեկավարությունն էլ նույն ոգով փաստաթղթղեր է ստորագրել տարածաշրջանում անվտանգության ապահովմանը նպաստող լրացուցիչ տարրերի վերաբերյալ: Շոյգուն նաեւ ասաց, որ փետրվարին կքննարկվի ռուս-հայկական համագործակցության առաջիկա 5 տարիներին առնչվող հարցեր: Մինչ պաշտպանության նախարարություն այցելությունը, Սերգեյ Շոյգուն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սա Սեյրան Օհանյանի եւ Սերգեյ Շոյգուի երրորդ հանդիպումն է: Ինչպես նշեց ռուս նախարարը, նախորդ երկու հանդիպումները կայացել են անցյալ տարի: «Անցյալում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվել են»: Հիշեցնենք, որ Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարար է նշանակվել նախորդ տարիՙ նոյեմբերի 6-ին: Նա արժանացել է ՌԴ հերոսի կոչման: Զինվորական կոչմամբ նա բանակի գեներալ է: |