ՆԵՊԱԼԻ ՑԱՎԸ ՄԵՐ ՑԱՎԸ ՉԷ՞ Հ. ԱՖՅԱՆ Անցած օրերին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքները մեղմելու, նեպալցիներին աջակցելու նպատակով Հայաստանը ասիական այդ երկիր հումանիտար օգնություն չուղարկեց: Կային որոշ պատճառներ. օրինակ այն, որ Նեպալի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, իսկ սա բարդացնում է միջպետական շփումը, իսկ որեւէ բան փոխանցելը դարձնում գրեթե անհնարին: Բացի սրանից, Նեպալը մեզ համար բավականին հեռու երկիր է, խիստ անծանոթ, ամենեւին էլ ոչ բարեկամ (սա չի նշանակում` թշնամի), հետեւաբար Նեպալի ցավը մեր ցավը չէ: Եւ վերջապես երրորդ պատճառը. Նեպալը արդի աշխարհի քաղաքական քարտեզում աննշան երկիր է, որին մենք եթե հիշենք էլ, ապա միայն այն պարագայում, երբ ասիական այդ երկիրը կամ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կամ էլ Արցախի անկախությունը: Հա, ի դեպ, չորրորդ` վերջին պատճառն էլ կա. մենք Նեպալին օգնություն չցուցաբերեցինք, որովհետեւ երկրաշարժի օրերին մենք մեր օրակարգն ունեինք. նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մինչդեռ, Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որին պետք է ամբողջովին հասկանալի լինի Նեպալի ապրած ցավը: Մենք եւս տեսել ենք ավերիչ երկրաշարժ, եւ ոչ միայն գիտենք, թե դա ինչ է, այլեւ գիտենք, թե որքան կարեւոր է, երբ նման օրերին ստանում ես, զգում ես աշխարհի այս կամ այն պետությունների, ժողովուրդների աջակցությունը: Նեպալում, անշուշտ, ավելի քիչ բան գիտեն Հայաստանի մասին, քան Հայաստանում` Նեպալի: Բայց, որքան էլ դաժան հնչեն այս խոսքերը տեղի ունեցած ողբերգության համապատկերում, հենց այս երկկողմանի անտեղյակության պատճառով պետք էր օգնել Նեպալին: Ինչպես մենք չենք մոռացել մեր երկրաշարժի ժամանակ մեզ օգնածներին, այնպես էլ նեպալցիները, վստահաբար, չէին մոռանալուՙ Հայաստանի օգնությունը, եւ երբ մենք մեր օրակարգի հարցերով դիմեինք Նեպալին, ապա այնտեղ գոնե կիմանային, թե ովքեր ենք, ինչ երկիր ենք: Մեծ քաղաքականությունում անգամ ցավն ու ողբերգությունը օգտագործում են սեփական ազգային-պետական նպատակներին հասնելու, պետության հեղինակությունն ու միջազգային վարկը բարձրացնելու համար, հատկապես, երբ այդ վարկի բարձրացումից է մեծ մասամբ կախված յուրաքանչյուր երկրի ազգային-պետական խնդիրների լուծումը: Դա կոչվում է քաղաքական PR, մաքո՛ւր, սպիտա՛կ PR: Արդենՙ PR-ը բնավ «կեղտոտ» կամ «սեւ» չի կարող լինել: Նեպալը, գուցե աննշան, բայց աշխարհի երկրներից մեկն է,այն նույն աշխարհի, որին կոչ ենք անում` ճանաչել մեր Ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը: |