RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-06

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1223, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Համաշխարհային տնտեսությունը շարունակվում է ցնցվել կորոնավիրուսիցՙ կորուստները հասել են տրիլիոնավոր դոլարների։ Ակնհայտ է, որ այս տարի աշխարհը բախվելու է տնտեսական լրջագույն խնդիրների։ Շատերի կանխատեսմամբ, սպասվող ճգնաժամն ավելի լուրջ է լինելու, քան 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Հայաստանը եւս բացառություն չէ։ Թեեւ այս պահին թիվ 1 մտահոգությունը կորոնավիրուսից մեր առողջությանը սպառնացող վտանգն է, բայց հեռու չեն սոցիալ-տնտեսական տագնապները։ Եթե անգամ մեկ-երկու ամսում հաղթահարենք կորոնավիրուսը, միեւնույնն է, դրա հետեւանքով տնտեսական ակտիվության անկումը խորանալու է, սոցիալական վիճակը կտրուկ վատթարանալու։

Մշակող արդյունաբերության արտադրանքի սպառումը նվազելու է թե երկրի ներսում, թե արտաքին շուկայում։ Այս ճյուղի հիմնական ուղղություններն են սննդամթերքի, խմիչքների, ծխախոտի եւ մետաղների արտադրությունները։ Համաշխարհային շուկայում սպառման ծավալները նվազելու են, իսկ պատրաստի արտադրանքի մեր արտահանման հիմնական երկիր Ռուսաստանում, բացի կորոնավիրուսիցՙ բնակչության գնողունակությունը նվազելու է նաեւ նավթի գների անկման եւ ռուսական ռուբլու նվազման պատճառով։ Հետեւաբար, մեր ապրանքների արտահանման ծավալները նվազելու են։ Դա բերելու է ձեռնարկությունների եկամուտների նվազմանը, նրանց աշխատանքային հզորությունների եւ, ի վերջո, աշխատատեղերի կրճատմանը։ Սա էլ իր հերթին բացասաբար է ազդելու առանց այն էլ անկում ապրող գյուղատնտեսության վրա, որը սննդամթերքի, խմիչքի եւ ծխախոտի հումքի բազան է։ Այս ոլորտում ներգրավված հարյուր հազարավոր գյուղացիների եկամուտները նույնպես նվազելու են, ձեռնարկությունները դժվարություններ են ունենալու մթերելու նրանց ստացած բերքը։

Մետաղների գների նվազումը հարվածելու է մեր հանքարդյունաբերական կոմբինատներին, որտեղ մոտ 10 հազար բարձր վարձատրվող աշխատատեղեր են գործում։ Պղնձի գները շարունակում են նվազել եւ այժմ տատանվում են 4800-4900 դոլարի սահմաններում։

Զբոսաշրջության ոլորտը արդեն հիմա դադարել է գործել։ Առաջիկա ամիսներին այստեղ ոչինչ չի փոխվելու։ Մինչ ամբողջ աշխարհում չհաղթահարվի կորոնավիրուսը, ապա դրան հաջորդած մարդկանց եկամուտների նվազումը, այս ճյուղը չի վերաշխուժանալու։ Խոսքը հյուրանոցների, հանգստյան տների, ռեստորանների, սրճարանների, տուրգործակալությունների, տրանսպորտային ծառայություններ մատուցողների, էքսկուրսավարների, հուշանվերներ արտադրողների եւ վաճառողների եւ մնացած բոլորի մասին է։ Ամենածանր փորձությունն այս ոլորտի համար է լինելու, առաջացնելով զանգվածային գործազրկություն։

Սպառման ծավալների նվազումը բերելու է շինարարության ծավալների անկմանը։ Այս ճյուղը, որտեղ այդպես էլ տեղի չունեցավ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի խոստացած «բումը», առաջիններից է արձագանքում սպառման ծավալների անկմանը։ Մասնավոր շինարարական կազմակերպությունների կողմից աշխատանքների դադարեցումը բերելու է գործազրկության ծավալների ավելացմանը։ Հավելյալ բարդությունն այն է, որ հայ շինարարները դժվարություններ կունենան արտագնա աշխատանքի մեկնելու առումովՙ արտերկրում նույնպես նույն գործընթացներն են տեղի ունենում։

Առեւտրի ոլորտում շրջանառության ծավալները նվազել էին մինչեւ կորոնավիրուսը, թեեւ վիճկոմը աճ էր պատկերում։ Այստեղ արտացոլվում են տնտեսության մյուս ճյուղերում տեղի ունեցող գործընթացները։ Մարտ ամսից առեւտրի ծավալները կտրուկ ընկան, իսկ կարանտինի օրերին ընդհանրապես դադարեցին։ Այսինքն, այստեղ ընդգրկված մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց եկամուտները նվազել են եւ շարունակելու են նվազել, որոնց մի մասն էլ պարզապես կդադարի գործունեություն ծավալելուց կարանտինից հետո։

Ծառայությունների ոլորտում աճն ապահովվում էր խաղային բիզնեսի շնորհիվ ՙ բուքմեյքերական ընկերություններում կատարվող խաղադրույքների հաշվին։ Այստեղ նույնպես անկում կարձանագրվիՙ մարդկանց եկամուտների նվազման հետեւանքով։

Գործազրկությունն այս ամենի հետեւանքով աճելու է։ Չի բացառվում, որ մեր աշխատանքային միգրացիայի հիմնական երկիր Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարդացման պատճառով մեր հայրենակիցները վերադառնան Հայաստանՙ հավելյալ սոցիալական լարվածություն ստեղծելով։

Տասնյակ հազարավոր մարդիկ ոգեշնչված կառավարության ղեկավարիՙ պայծառ ապագայի մասին հայտարարություններից, սպառողական եւ հիպոթեկային վարկեր են վերցրել։ Նրանք դժվարին վիճակի մեջ են հայտնվելուՙ չկարողանալով մարել այդ վարկերն ու դրանց տոկոսադրույքները։ Առավելագույնը, որ նրանց համար կանեն բանկերըՙ պարտավորությունները հետաձգելն է։ Բանկերը նույնպես գործում են բիզնես տրամաբանության շրջանակներում եւ ավելի ակնկալել նրանցից անհնար է։

Անցած մեկ-երկու տարում հարյուր հազարավոր ավտոմեքենաներ ներկրողներն արդեն իսկ ունեին այդ մեքենաների վաճառելու խնդիր։ Տարբեր գնահատականներով, 90-100 հազար մեքենաներ մնացել են Հայաստանում։ Դրանց գները անխուսափելիորեն նվազելու են, իսկ նրանք, ովքեր վարկեր են վերցրել ներմուծելու համարՙ վարկերի վերադարձման խնդիրներ են ունենալու։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ