ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԾԵՍԵՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԴՌՆՓԱԿ Երեւան: Մեդիամաքս: Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագները կանցկացվեն դռնփակՙ առանց հավատացյալների մասնակցության: Մինչեւ Ավագ հինգշաբթի Պատարագները դռնփակ անցկացնելուՙ մարտի 16-ի որոշումը երկարացվել է: «Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ինՙ Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո, եւ, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ եւ հոգեւոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն»,- հայտնում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբՙ սփյուռքի թեմերի առաջնորդները գործելու են ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի: Պահպանելով առողջապահական բոլոր կանոններըՙ հոգեւոր հովիվները շարունակելու են իրենց հոգեխնամ առաքելությունն իրականացնելՙ ի մխիթարություն մեր հավատավոր ժողովրդի։ |