ԵՎՐՈՊԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՄԱՐՇԱԼԻ ՊԼԱՆ Արեւիկ Քեշիշյան Յ. Ֆիշերի եւ Զ. Գաբրիելի հայտարարությունը Գերմանիայի նախկին արտգործնախարարներ Յոշկա Ֆիշերը եւ Զիգմար Գաբրիելը գտնում են, որ Եվրոմիությունը կարող է տրոհվել կորոնավիրուսի հետեւանքների պատճառով։ Նրանց կարծիքով, ԵՄ երկրները բավարար չափով չեն աջակցում Իսպանիային եւ Իտալիային, որոնք Եվրոպայում ամենից շատ են տուժել կորոնավիրուսից։ Գերմանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ֆիշերը եւ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության ղեկավար Գաբրիելը հայտարարել են, որ «Իտալիան եւ Իսպանիան Եվրոպային եւ առաջին հերթին Գերմանիային հարյուր տարի հետո էլ չեն ների, եթե հիմա նրանց հուսախաբ անենք։ Եվ հիմա մենք հենց դա ենք անում»։ Այդպիսով նրանք քննադատել են Եվրոհանձնաժողովի վարած քաղաքականությունը։ Նրանք հիշեցրել են, որ Երկրորդ աշխարհամարտից հետո հենց եվրոպացիների համերաշխությունը Գերմանիային հնարավորություն տվեց դառնալու տնտեսապես հզոր տերություն։ Ըստ այդմ, Գերմանիան պարտավոր է Եվրոպայում առաջատար դեր խաղալ Ֆրանսիայի հետ միասին։ «Եվրոպային պետք է երկու բան․ ընդհանուր օգնություն ճգնաժամի պայմաններում եւ համատեղ ջանքեր հետճգնաժամային վերականգնման գործում», ասվում է Tagesspiegel թերթում երկու քաղաքական գործիչների հրապարակած հոդվածում։ Նրանց կարծիքով, Եվրոպայում ֆինանսական օգնության ծրագիրը պետք է նման լինի Մարշալի պլանին։ Քաղաքական գործիչները գտնում են, որ կորոնավիրուսը կարող է խորացնել Եվրոմիությունում արդեն իսկ գոյություն ունեցող ճաքերը։ Դրանից հետո հնարավոր է իրադարձությունների զարգացման երկու տարբերակ․ կա՛մ Եվրոմիությունը կտրոհվի, կա՛մ էլ դրա անդամները կմիավորեն ջանքերը ճգնաժամի հետեւանքների հաղթահարման նպատակով։ «Թե ինչպիսի ընտրություն կկատարի Եվրոպան, շատ բանով կախված է հենց գերմանացիներից։ Մենք շատ ժամանակ չունենք», հայտարարել են նախկին նախարարները։ Ավելի վաղ, Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ համավարակի հետեւանքները հաղթահարելու համար Եվրոպան վիթխարի ներդրումների կարիք կունենա։ 1948 թվականին ԱՄՆ-ը Մարշալի պլանն ընդունեց Երկրորդ աշխարհամարտի հետեւանքով ավերված Եվրոպայի վերականգնման նպատակով։ |