ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Քառօրյա կոչվող պատերազմը սթափվելու պահ դարձավ բոլորիս համար: Նաեւ կոչՙ օգնության հասնելու ճակատային գծին, ռմբակոծություններից տուժած բնակավայրերի բնակիչներին եւ ընդհանրապես բանակին: Մարտերի 3-րդ օրն արդեն սկսվեց օգնության փութալու մի շարժումՙ որքան հախուռն, այնքան անկազմակերպ, սակայն սրտառուչ եւ անմիջական, ինչպես հատուկ է մեր ժողովրդին: Անհատներ, կազմակերպություններ, կրթական հաստատություններ եւ հիմնարկներ ազգային մեր բանակին հասցրին ֆինանսական օգնություն, մինչ ուրիշներ նախընտրեցին սննդի ու նպարեղենի խմբաքանակներ ուղարկել առաջնագծերոմ մարտնչող մարտիկներին, որոնց շարքերն առաջինը համալրելու էին շտապել ազատամարտիկներըՙ թեժ մարտերի սկսվելու հաջորդ օրն իսկ: Քիչ ավելի ուշ, երբ արդեն սկսվել էին գուժկան լուրերը մեր ունեցած զոհերի մասին, հարազատներ, բարեկամներ եւ ընկերներ շտապեցին օգնության հասնել նրանց ընտանիքներինՙ ով ինչով կարող էր: Անմիջապես, այդ 2-րդ ալիքին միացան նաեւ սփյուռքահայերը, որոնք ջանացին անձամբ տուժածների ու զոհերի ընտանիքներին հասցնել իրենց կամ իրենց ընկերական շրջանակի նվերները, նույնպես հախուռն ու անկազմակերպ, այդ ընթացքում երբեմն ակամա թույլ տալով անհամաչափություններ, գերազանցապես ժամանակի սղության պատճառով, բարերարությունները կենտրոնացնելով մայրաքաղաքի ու նրա մերձակա շրջանների վրա, մինչ առավել հեռավոր շրջաններում գտնվողներից ոմանք զուրկ մնացին նպաստավորվելուց: Եղան ընտանիքներ, որոնք միաժամանակ մի քանի հոգուց ստացան գումարներ, այնինչ նույն բնակավայրում գտնվող մեկ ուրիշ ընտանիքՙ ոչ մի: Հիմա արդեն ժամանակն է այս գործում եւս կարգուկանոն մտցնելու, որպեսզի թույլ չտրվի որեւէ թյուրիմացություն, առավել եւսՙ անհամաչափություն: Տարբեր կազմակերպություններ, ինչպես «Վերադարձ Հայաստանը», «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւ այլք, բծախնդրորեն ուսումնասիրված ծրագրով են արդեն առաջնորդվում եւ զոհերի ընտանիքներին անձամբ հասցնում ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական բնույթի օգնությունՙ նրանց վիշտն ու ցավը ինչ-որ կերպ մեղմելու նպատակով: Սակայն ավելի խելամիտ է թվում ՀՀ Սփյուռքի նախարարի վերջերս արած առաջարկը (չմոռանանք, որ նա եղել է նաեւ սոցապ նախարար, հետեւաբար լավ է տիրապետում նման գործերին), որն էՙ յուրաքանչյուր կազմակերպության կամ գաղթօջախի հատկացնել Հայաստանի եւ Արցախի մարզերից, շրջաններից կամ համայնքներից որեւէ մեկըՙ զոհվածների համապատասխանՙ ճշտված ցուցակով, հասցեներով եւ այլ տվյալներով, եւ նվիրաբերվող գումարը համապատասխան բանկերի միջոցով ամսական վճարումների տեսքով փոխանցել թիրախային ընտանիքներինՙ մինչեւ ընդհանուր գումարի սպառվելը: Դա կլինի հարմար եւ վստահելի, եւ ամենակարեւորըՙ օգնություն ստացող ընտանիքների համար ավելի օգտակար: Անշուշտ, սրանք այն օգնությունների մասովՙ որոնք ուղղվելու են զոհվածների ընտանիքներին: Կան շատ ավելի ծանր պարտականություններ, որոնք դիմագրավում եւ դիմագրավելու ենք ազգովին ու պետականորեն: Առաջինըՙ ռմբակոծություններից տուժած բնակավայրերի, համայնքային նշանակության օբյեկտների ու ճանապարհների վերակառուցման խնդիրն է, իսկ երկրորդըՙ պաշտպանության եւ սպառազինման հարցերը: Վստահ եմ, որ առաջինին լրջորեն եւ ծանրակշիռ կերպով կանդրադառնա առաջիկա շաբաթավերջին Երեւանում գումարվելիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, իսկ երկրորդըՙ շատ ավելի տարողունակ ու հեռագնաՙ լինելու է մեր բոլորի ամենասրբազան պարտականությունը դեռ տեւական ժամանակ: |