RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 6650, Տպվել է` 624, Ուղարկվել է էլ.փոստով` 606

ՆՈՐԱՍՏԵՂԾ, ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Վերջին շրջանում հայկական մամուլը հաճախակի անդրադառնում է Արթուր Բաղդասարյանի կողմից Ռուսաստանում ստեղծված հասարակական կազմակերպությանն ու այդ առնչությամբ Ռուսաստանի հայերի միության հնարավոր դիրքորոշմանը: Այդ առնչությամբ «Ազգի» զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:


- Պրն Աղայան, Արթուր Բաղդասարյանը վերջերս Ռուսաստանում ստեղծեց «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպություն: Մոսկվայի կենտրոնում էլ հանդիսավոր պայմաններում բացվեց այդ կազմակերպության գրասենյակը: Ինչպե՞ս է այս հանգամանքը դիտարկվում Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի եւ կառույցի մյուս ղեկավարների կողմից:

- Ասեմ, որ ինչպես Արա Աբրահամյանը, այնպես էլ մենք բոլորս այդ իրողությունը նորմալ ենք ընդունել: Ռուսաստանը անծայրածիր տարածք ունեցող երկիր է, իսկ այդ երկրում հայկական համայնքը աշխարհում խոշորագույնն է: Ուստի խնդիրները Ռուսաստանում բազմաթիվ ու բազմապիսի են , որոնցով կարող են զբաղվել ոչ թե երկու, այլ տասնյակ կազմակերպություններ: Այնպես որ ստեղծված նոր կազմակերպության համար եւս կա գործունեության լայն ասպարեզ: Ուրախ կլինենք, որ այդ նոր կազմակերպությունը լծվի այդ խնդիրների լուծման գործընթացին: Խնդիրներից են հատկապես Ռուսաստանի հայության աշխատանքային, իրավական, կրթամշակութային շահերի պաշտպանության, նաեւ հայապահպանության հարցերը: Դեռեւս շատ անելիքներ կան ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի խորացման, Հայաստանում ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի, ռուս ժողովրդի վարկի հետագա բարձրացման ոլորտում: Ցանկության դեպքում այդ նոր կազմակերպությունը կարող է իրեն գտնել այդ հարցերի լուծման գործընթացներում:

- Պրն Աղայան, շահարկվում է մի հարց, թե այդ կազմակերպության գործունեությունը կարող է ստվերել Ռուսաստանի հայերի միության հեղինակությունը:

- Բոլորովին համամիտ չեմ, դա անհնար է: Լավ ճանաչելով մեր կազմակերպության կարողությունները` այդ ուղղությամբ ընդհանրապես չենք էլ մտածում: Ռուսաստանի հայերի միությունը գործում է արդեն 15 տարի, որոնց ընթացքում Ռուսաստանում ստեղծվել են հայկական համայնքով զբաղվելու առաքելությամբ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Դրանց մի մասը ընդհանրապես չի էլ գործել: Մյուսների դեպքում էլ գործունեությունը, եթե այդպիսին տեղի ունի, նկատելի չի եղել: Իհարկե, անկեղծորեն մենք չենք ցանկանում, որ «Հայկական վերածնունդ» նոր կազմակերպությունն ունենա նման ճակատագիր, ուստի եւ Արա Աբրահամյանը, եւ մենք բոլորս, այդ կազմակերպությունում աշխատողներս, բարի երթ ենք ցանկանում նորաստեղծ կառույցին` իր առջեւ դրված խնդիրների բարեհաջող իրագործման հարցում:

- Այս առնչությամբ եւս մեկ հարց է շրջանառվում, որ առնչվում է Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան քաղաքական համատեղ հնարավոր գործունեությանը Հայաստանում: Ինչպես կմեկնաբանեք այս պնդումները:

- Միանշանակորեն կարող եմ ասել, որ Արա Աբրահամյանը եւ Արթուր Բաղդասարյանը այսօր Հայաստանի քաղաքական դաշտում միասնական գործելու նպատակ չեն հետապնդում: Ասեմ ավելին. եթե հիշողությունս չի դավաճանում, ապա մեկուկես ամիս առաջ Արթուր Բաղդասարյանը Հ3 հեռուստաալիքով հարցազրույցի ժամանակ արձագանքեց նաեւ այդ հարցին, մասնավորապես նշելով, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը եւ Արա Աբրահամյանը ոչ մի նպատակ չունեն քաղաքական դաշտում միասին գործելու: Բաղդասարյանը նաեւ ընդգծեց, որ Արա Աբրահամյանը Հայաստանում կստեղծի կուսակցություն, թե ոչ, ինչ ծրագրեր ունի, կգնա ընտրությունների, թե՞ ոչ` իր գործն է:

Քաղաքական դաշտում համատեղ քաղաքական գործունեություն չծավալելու մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Ես այս ամենից հետո ավելացնելու ոչինչ չունեմ:

- Այդ դեպքում ինչպիսին են Աբրահամյան-Բաղդասարյան քավոր-սանիկային հարաբերությունները, եթե չեն արտահայտվում քաղաքականության մեջ:

- Անկեղծ ասած` այդ հարցն այսօր շատ է շահարկվում: Եվ ես ինձ թույլ կտամ ասել, որ հարցադրումը կոռեկտ չէ, քանի որ քավոր-սանիկ հարաբերությունները ընտանեկան հարթության վրա են ձեւավորվում: Եվ այդ հարաբերությունները, կարծում եմ, ոչ մի կապ չունեն հասարակական կամ քաղաքական հարաբերությունների հետ: Ուստի առաջարկում եմ այդ հարցով հետաքրքրվողներին զերծ մնալ քավոր-սանիկ հարաբերությունները քաղաքականացնելուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ