RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 5486, Տպվել է` 611, Ուղարկվել է էլ.փոստով` 603

ՎԱԼՍՙ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հո չե՞ք մտածում, որ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը, Ջոն Ֆորբս Քերրին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրին եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Վիեննա էին ժամանել որպեսզի քննարկեն Ղարաբաղի հարցը: Ավելի ճիշտՙ միայն Ղարաբաղի հարցը: Ճիշտ է, երբ բոլորն արդեն հավաքված են եղել Վիեննայում, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել էր, թե «այս պահին գլխավոր հարցերն են Ղարաբաղը եւ Սիրիան», բայց, օրինակ Լավրով-Քերրի հանդիպման ժամանակ (որն, ի դեպ, եւս տեղի է ունեցել նախորդ օրը Վիեննայում եւ ինչը գոնե միջազգային քաղաքականության համատեքստում անհամեմատ ավելի կարեւոր է, քան Սարգսյան-Ալիեւ հանդիպումը) օրակարգում է եղել Սիրիայի հարցը, ավելին, երբ Վիեննական գործուղումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ամփոփել է այն, տասներկու րոպե խոսել է, որից 5 րոպենՙ Ղարաբաղից, 7-ըՙ Սիրիայից:

Իսկ ի՞նչ է կատարվում Սիրիայում: Չէ, սկզբից չենք գա եւ մանրամասն չենք ներկայացնի, այլ հիմա, հենց այս օրերին, այնտեղ ի՞նչ դրություն է: Տարբեր խմբավորումներ, որոնցից ամենամեծը «Իսլամական պետություն» կոչեցյալը, սեփականացրել են Սիրիայի տարածքի զգալի հատվածները եւ այնտեղ բռնապետություններ են հաստատել: Օրինակ հենց Վիեննայում տեղի ունեցող քննարկումների ժամանակ լրահոսում հայտնվեց մի տեղեկատվություն, որ «Իսլամական պետություն» կոչեցյալում իսլամիստները ստիպել են ազգությամբ եզդի կնոջը ուտել սեփական երեխային: Շարունակե՞մ... Չգիտե՞ն այս մասին պարոնայք Լավրովը, Քերրին, Դեզիրին եւ տիկին Մոգերինին: Դեզիրին դեռ կարող է չիմանալ, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարարը պարտավոր չէ իրազեկ լինել ասիկական տարածաշրջանում գտնվող Սիրիայի հարցերից, բայց մյուսները հո գիտեն: Գիտեն եւ ոչինչ չեն անում, նկատի չունեմՙ Սիրիայում, Սիրիայում թերեւս միայն ալարկոտներն ու Նոր Զելանդիան են, որ ոչինչ չեն անում, նկատի ունեմՙ «Իսլամական պետություն» կոչեցյալի դեմ: Մինչդեռ դրա դեմ բան անելը, շեշտում եմՙ դրա դեմ, ոչ թե հետ բան անելը շատ կարեւոր է նաեւ մեզ համար եւ այս պարագայում առաջին հերթին մեզ համար ու ահա թե ինչու: Բանն այն է, որ «Իսլամական պետություն» կոչեցյալը դասական բռնապետություն է, ամենաիսկական ահաբեկչական խմբավորման ձեռքում հայտնված տարածք եւ այդ տարածքում բնակվող ժողովուրդ, որը ԻՊ-ի ձեռքում, մեղմ ասած, արյունաքամ է լինում: Հետեւաբար, եթե միջազգային հանրությունը ԻՊ-ի դեմ, հանուն ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում ապրող ժողովրդի ոչինչ չի անում, նշանակում է խրախուսում է աշխարհում բռնապետությունը եւ ահաբեկչությունը: Այլ կերպ ասենք, եթե Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի միջնակարգ դպրոցներից մեկի ութերորդ դասարանում սովորող Չուն Պուն որոշել է մեծանալ եւ վերստեղծել Չինգիզ խանի երկիրըՙ Մոնղոլիան դարձնելով բռնապետական կայսրություն, ապա նա, եթե ուշադիր հետեւի միջազգային գործընթացներին, ապա հանգիստ սրտով կարող է աշխատել իր նպատակն իրագործելու ուղղությամբ, քանի որ աշխարհում, ինչպես տեսնում ենքՙ դրա Սիրիա հատվածում, օրինակ, բռնապետությունն ու միջազգային ահաբեկչությունը, այո, ողջունվում են, ողջունվում են, քանի որ դրա դեմը հենց տեղում չի առնվում, այդ չարիքներն արմատախիլ չեն արվում:

Բայց դառնանք մեզ: Մենք էլ ի՞նչ բռնապետություն եւ ակաբեկչական խմբավորում գիտենք: Չասեք Հյուսիսային Կորեան, քանի որ այն շատ հեռու է, մեզ շատ մոտիկ, ավելինՙ հարեւան: Ադրբեջա՞նը, բայց ինչո՞ւ հարցականով: Չէ որ մարդկանց գլխատելը, գլխատողին հերոսացնելը, ՀՀ զինված ուժերում ծառայող զինվորի գլուխը արնախում դեմքով ցուցադրելը, խաղաղ բնակչության վրա գրեթե ամենօրյա կրակահերթ արձակելը, ծեր ամուսիններին դաժանաբար սպանողները ամենաիսկական ահաբեկիչներն են: Սրան գումարենք Ադրբեջանի ներսում տեղի ունեցող «խիստ ժողովրդավարական» գործընթացները պետականից տարբեր կարծիք ունեցող մարդկանց հանդեպ, եւ ի դեմս Ադրբեջանի կստանանք բռնապետություն եւ ահաբեկչության որջ: Հիմա, չգիտե՞ն այս մասին միջազգային դեմքերը, իհարկե գիտեն, իսկ ի՞նչ են անում սրա դեմ: Իսկ ի՞նչ են անում ԻՊ-ի դեմ, որ Ադրբեջանի դեմ ինչ-որ բան անեն: Ի դեպ, նկատե՞լ եք, որ ինչպես ԻՊ-ից, այնպես էլ Ադրբեջանից նավթի հոտ է գալիս...

Եւ քանի դեռ այդպես է, մեզ մնում է միայն ուրախանալ, որ Լավրովը մեր կողքին է նստում եւ մեզ հետ է կատակներ անում, Ալիեւըՙ հոր թաղման իր դեմքով է նստում, նախարար Դեզիրին հավանաբար հիշում է իր եվրոպական գործերը, ավելի կոնկրետՙ այն օրը, երբ ինքը Ատլանտյան օվկիանոսի լիսաբոնյան ափին զմայլվում էր Եվրոպայի մայր մտնող արեւի տեսարանով, չզգալով, որ իրականում Եվրոպայի արեւն իրոք մայր է մտնում, Քերրին ուրախ է, քանի որ ոտքն էլ շատ չի ցավում, տիկին Մոգերինին էլ մտածում է, որ հանկարծ այնպես չլինի, որ Սարգսյան-Ալիեւ հունիսյան հաջորդ հանդիպումը տեղի ունենա հունիսի 16-ին, քանի որ հենց այդ օրըՙ 1973-ին, Հռոմում ինքը ծնվեց:

Ու այս բոլորով ուրախ են, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կամք են դրսեւորումՙ հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ եւ փոխզիջումային ճանապարհով: Ի դեպ, ԻՊ-ի հետ էլ կարելի է խնդիրը լուծել խաղաղ եւ փոխզիջումային ճանապարհով, թե՞ չի կարելի... Ամեն դեպքում արժի կամք դրսեւորել եւ վիեննական վալսի հրավիրել Աբու Բաքր ալ Բաղդադիին: Ի դեպ, նրա ծննդյան օրն էլ հունիսի 29-ին է, այնպես որ այդ օրն էլ չհավաքվեք, պարոնայք, Իլհամ Ալիեւը չի կարող գալ. նեղ շրջապատով նշելու են Աբու Բաքրի ծնունդը: Հունիսի 30-ին էլ չեն կարող. այդ օրը հազիվ թե նախագահ Սարգսյանը գերադասի իր ծննդյան օրը նշել Իլհամ Ալիեւի ընկերակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ