RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3951, Տպվել է` 276, Ուղարկվել է էլ.փոստով` 209

ՄԵՏՐՆ ՈՒ ՄԱՐԴԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սահարան, չնայած անապատ է, բայց հող է: Ավելին, այն կիսող աֆրիկյան երկրների (թվով 8) տարածքների զգալի մասն է, որոշներիՙ մեծ մասը: Այսինքն, եթե դուք, օրինակ, ալժիրցիներին ասեքՙ ձեր երկրի տարածքից 8 քառակուսի կիլոմետր տվեք մեզ, չէ՞ որ անապատ է, իսկ անապատում ոչ տանձ է աճում, ոչ կով է արածում, ոչ էլ նավթ է դուրս գալիս այնտեղից, ձեզ կպատասխանեն, այլ հարց էՙ ինչ զենքով:

ԼՂ-ի շրջակա տարածքները, ինչպես Արցախում են ասումՙ Արցախի Հանրապետության անքակտելի մասը, կամ ինչպես Հայաստանում են ասումՙ մեր անվտանգության գոտիները անապատ չեն, չնայած այդ տարածքներում բնակվող մարդիկ իրենց թվով քիչ են տարբերվում Սահարա անապատում բնակվողներից: Այնուամենայնիվ այդ տարածքներն ավելի հող են, քան Սահարան, եւ ուրեմն դրանց պահպանումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի (հողի չռազմավարականը ո՞րն է): Այնպես է ստացվել, որ հենց այդ տարածքներից, ինչպես նախագահ Սարգսյանն է Վիեննայից վերադարձի ճանապարհին, ինքնաթիռում որոշ լրագրողների ասել, 8 քառակուսի կիլոմետրը ապրիլյան սրացումների արդյունքում մենք թողել ենք Ադրբեջանին: Ըստ նախագահիՙ այդ տարածքները մեզ համար ռազմավարական որեւէ նշանակություն չունեին, այսինքն դրանց կորուստը մեզ համար ռազմավարական չէ, հոգեբանական է, դե այսինքն Ադրբեջանն իր ժողովրդին կասի, թե տեսեք, դեռ քիչ, բայց մեր հողերը հետ բերեցինք:

Բայց ի՞նչ գնով, նկատի չունեմ ադրբեջանցիները, նկատի ունեմՙ մենք, երբ ասում ենք, թե չի կարելի հակառակորդի մոտ թողնել անգամ մեկ թիզ հող, պետք է ժամ առաջ առաջ նետվել եւ հետ բերել կորցրածը, ի՞նչ գնով, ավելի ճիշտՙ ո՞ւմ գնով: Նրանք, ովքեր առաջ են հրում, առջեւում չեն, ուրեմն չեն էլ գնալու, գնալու են նրանք, ովքեր արդեն առաջին գծում են, իսկ առաջին գծում նրանք են, որոնց վերադարձին մենք սպասում ենք: Պատերազմն էլ միակ տեղն է, որտեղ առաջ գնալը միշտ չէ, որ լավ է, ավելի ճիշտՙ միանշանակ չէ, առաջ գնալը պատերազմում զոհեր են, ավելի շատՙ քան տեղում մնալը: Ու այստեղ առաջանում է ամենակարեւոր հարցըՙ մա՞րդը, թե՞ մետրը...

Մետրըՙ տարածքային ամբողջականությունն է, մարդըՙ ազգերի ինքնորոշումը. Չկա մետր, խախտվել է տարածքային ամբողջականությունը, չկա մարդՙ չկա ազգերի ինքնորոշում: Ծանո՞թ սկզբունքներ են: Թերեւս Հայաստանում (գուցե նաեւ Ադրբեջանում) այս սկզբունքները եւ սրանցից ածանցյալ այլ սկզբունքներ «Մադրիդի Ռեալ» ֆուտբոլային ակումբից հետո երկրորդ հայտնի մադրիդյանն են: Այդ սկզբունքներով, որոնք բոլորովին վերջերս ամբողջությամբ հրապարակվեցին, ենթադրվում է ԼՂ-ի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, փախստականների վերադարձՙ իրենց բնակության վայրերը, միջազգային խաղաղապահների մուտքՙ հակամարտության գոտի եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար տեղում, տեղի բնակչության ազատ կամարտահայտում (հանրաքվե): Հուսամՙ ճանապարհային քարտեզը չխախտեցի: Մենք այս սկզբունքներին համաձայն ենք, Ադրբեջանըՙ ոչ: Այսինքն ըստ Բաքվի, այս սկզբունքներով հարցը լուծելը դեմ է իր շահերին, ըստ մեզՙ մեր շահերին դեմ չէ: Բայց ինչպե՞ս, ուրեմն ԼՂ-ի շրջակա տարածքների հանձնումը մեր շահերին դեմ չէ՞, կոնկրետ ադրբեջանցի փախստականների վերադարձն իրենց բնակության վայրեր (Բաքուն պնդում է, որ նրանց թիվը միլիոնի է հասնում) մեր շահերին դեմ չէ՞, եւ վերջապես, ամենակարեւորը, ԼՂ-ի վերջնական կարգավիճակի անորոշ ճակատագիրը մեր շահերին դեմ չէ՞: Իմ կարծիքով դեմ է, ավելին, ես չեմ կարծում, որ Բաղրամյան 26-ում կամ ՀՀ ԱԳՆ-ի նորակառույց, ի դեպ գեղեցիկ, շենքում որեւէ աշխատող կա, ով կասի, թե մադրիդյան սկզբունքները Հայաստանի շահերին դեմ չեն: Ուրեմն ինչո՞ւ է Հայաստանը համաձայն դրանց: Այստեղ մի նրբություն կա, Հայաստանը ոչ թե համաձայն է դրանց, այլ համաձայն է դրանց հիման վրա բանակցություններ վարելուն, այսինքն Հայաստանը ոչ թե համաձայն է, որ ենթադրենքՙ կոնկրետ ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց բնակության նախկին վայրերը, այլ համաձայն է քննարկելու այդ հարցը, թերեւս, հիշեցնելով, որ ԼՂ հակամատության հետեւանքով փախստական են դարձել ոչ միայն ադրբեջանցիներ:

Բայց ամեն դեպքումՙ «համաձայն եմ քննարկելու տարածքների վերադարձը» տարածքների հանձնում չի ենթադրում, ուրեմն ինչո՞ւ է Հայաստանը համաձայնՙ քննարկելու տարածքների վերադարձը: Հենց այստեղ շրջանը փակվում է, մարդիկ. բանն այն է, որ սա մետրի եւ մարդու ընտրությունն է, բայց ոչ թե Հայաստանի իշխանությունների որոշելիքը (թեկուզ եթե այդ իշխանությունները լիգիտիմ են), այլ հայ ժողովրդի հանրաքվենՙ մեկ հարցովՙ մա՞րդը, թե՞ մետրը: Ի վերջո, եթե հող տալը որոշում են իշխանությունները, եւ եթե իսկական Հայաստանը տիգրանմեծյան ծովից ծովն է, ապա Տիգրանից հետո (որին, ի դեպ, ադրբեջանցիներն անվանում ենՙ ադրբեջանցի, ում անունով էլ հիմնադրվել է Իրանի մայրաքաղաքը. Տիգրան-Տեգերան-Թեհրան) մեր բոլոր իշխանությունները հող են տվել, հեկտարներով, պապենական, ուրեմն ռազմավարական նշանակություն ունեցող:

Ու մինչ մենք այսօր մտածում ենք, թե ո՞ւմ կողքին կնստեր Սերգեյ Լավրովըՙ Վիեննայում, եթե Ադրբեջանի նախագահը Մեհրիբան Ալիեւան լիներ, կնստեր կրկին Սերժ Սարգսյանի կողքին, Հայկական հարցըՙ անկախ նրանից, թե ի՞նչ կասի ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին, հարցը մնում է նույնըՙ մա՞րդը, թե՞ մետրը: Եթե մետրը, ապա պատերազմ է (քանի որ միջնորդները հետ են քաշվում, որովհետեւ իրենց առաջարկությունները մերժվում են), անկանխատեսելի ելքով եւ Արցախի անորոշ կարգավիճակով: Եթե մարդը, ապա պատերազմ չէ (քանի որ միջնորդները վերահսկում են, որպեսզի պատերազմը չխանգարի իրենց առաջարկությունների կենսագործմանը), բայց Արցախի կարգավիճակը կրկին անորոշ է: Երկու դեպքում էլ հիմնական հարցի պատասխանն անորոշ է, բայց մի դեպքումՙ պատերազմ կա, մյուսումՙ խաղաղապահներ (գուցե ավելի վատ բան):

Ուրեմն մենք որի՞ն ենք պատրաստ, կամ ինչ-որ բանի պատրա՞ստ ենք: Չասեք, որ հաղթողը ոչինչ չի զիջում, քանի որ մենք բոլորովին վերջերս Ադրբեջանին 8 քառակուսի կիլոմետր ենք զիջելՙ ընտրելով մարդուն:

Հ.Գ. - Չնայած ունեցած քիչ մետրերինՙ 718,3 քառակուսի կիլոմետր, Սինգապուրի բնակչությունն այսօր կազմում է 5մլն 535 հազար մարդ (ավելի շատ, քան ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության բնակչությունը միասին վերցրած): Այսինքն այնպես չէ, որ որքան մեծ է երկրի տարածքը, այքան մեծ է բնակչության թիվը: Ի դեպ Սինգապուրից ոչ ոք մետր չի ուզում եւ չի խլում, չի էլ կարող, բայց այս ամեննՙ իմիջիայլոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ