797 ԿՐՃԱՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ա. Մ. Այս մասին կառավարության երեկվա նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով նախորդ նիստին վարչապետի տված հանձնարարականի վերաբերյալ զեկույցը: «Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով, եւ արդյունքը հետեւյալն է. առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների, բոլոր առընթեր մարմինների հետ, բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության եւ քննչական ծառայությունների, ինչպես նաեւ փրկարար ծառայության: Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում եւ հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա»: Ըստ Դավիթ Հարությունյանի, կառավարության հաջորդ նիստին ֆինանսների նախարարը կներկայացնի նաեւ կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը: Նախատեսվում է նաեւ արգելել սպասարկող (այսինքնՙ հերթապահ) մեքենաների ամրագրումը որեւէ կոնկրետ պաշտոնատար անձի, բոլոր մարմինների պաշտոնական կայքերում զետեղել տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը, արգելել ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ին, ՓԲԸ-ին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հավաստիացմամբ, ավտոմեքենաների կրճատման հետ կապված աշխատանքները շարունակվելու են: |