RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



ԻՍԼԱՄԻԶՄ

Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3666, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ԱՅՍՕՐ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Նապոլեոն Բոնապարտի 1798 թ. եգիպտական արշավանքից հետոՙ 19-րդ դարի սկզբներին, Եգիպտոսի փոխարքա Մուհամմադ Ալին (1769-1849) փորձում է կառուցել արդիական պետություն, ներշնչվելով Մաքիավելիի «Տիրակալից», որը հանդես է գալիս քաղաքականության եւ աստվածայինի տարանջատման օգտին: 1923 թվականին Կահիրեի կայարանում ֆեմինիստական շարժման ակտիվիստուհի Հոդա Շարաուին հրապարակայնորեն հանում է իր գլխաշորը: Դա առաջին դեպքն է արաբական աշխարհում: 1956 թվականին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը կանանց շնորհում է ընտրություններին մասնակցելու իրավունք:

1923 թվականի հոկտեմբերին Մուստաֆա Քեմալը հռչակում է Թուրքիայի Հանրապետության ծնունդը: Ամիսներ անց ընդունված սահմանադրության մեջ նշվում էր, որ «թուրքական պետության կրոնը իսլամն է»: Սակայն խալիֆաթը, կրոնական կրթությունը եւ շարիաթի դատարանները վերացվում էին, դատական համակարգը վերակազմակերպվում է ըստ ֆրանսիական մոդելի: Թուրքական սահմանադրության մեջ իսլամը վկայակոչող 2-րդ հոդվածը 1928 թ. փոխարինվում է «ազգայնականություն, առաջանցիկություն, ամբոխավարություն, պետական տնտեսավարում եւ հանրապետականություն» հասկացություններով: 1937 թ. նոյեմբերին սահմանադրության նույնՙ 2-րդ հոդվածը հաստատում է պետության աշխարհիկ (լայիկ) բնույթը:

Իրանի միապետ Ռզա Շահը պաշտոնապես արգելում է չադրա կրելը եւ 1936 թ. գյուղեր է գործուղում ժանդարմներիՙ հանելու կանանց չադրաները:

Թունիսի նախագահ Հաբիբ Բուրգիբան 1956 թ. հրապարակավ հանում է մի կնոջ գլխաշորը: 1957 թ. նա ընդունում է Անձնական կարգավիճակի օրենսգիրք:

Յասեր Արաֆաթը 1969 թ. փետրվարին Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախագահ ընտրվելուց հետո կարողանում է պաղեստինցի քրիստոնյաներին, համայնավարներին, մի շարք այլ կուսակցություններ ու շարժումներ միավորել ընդհանուր ծրագրի շուրջը, որտեղ իսլամը չի հիշատակվում, բայց խոսվում է տարածքային մտահոգությունների մասին:

2014 թ. արդեն հետհեղափոխական Թունիսում ընդունվում է նոր սահմանադրություն, որի 1-ին հոդվածը հռչակում է. «Թունիսը ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն է: Կրոնըՙ իսլամ, լեզունՙ արաբերեն, վարչակարգըՙ հանրապետություն»: Սալաֆիստների պահանջած «շարիաթ» բառը բացակայում է: Խոսվում է խղճի եւ հավատքի ազատության, սեռերի իրավահավասարության մասին:

Ֆրանսիացի հայտնի պատմաբան Անրի Լորանը իսլամի եւ աշխարհիկության համատեղելիության հնարավորության հարցի վերաբերյալ Le Point շաբաթահանդեսին տված ծավալուն հարցազրույցում ընդգծում է, որ աշխարհիկությունը տարբեր միջավայրերում տարբեր կերպ է ընկալվում: Օրինակ, Ֆրանսիայում դա նշանակում է կրոնների իրավահավասարությունՙ զուգորդված իշխանության եւ հանրության չեզոքության հետ: ԱՄՆ-ում դա կանոնակարգվում է սահմանադրության 1-ին ուղղման միջոցով. բոլոր կրոնները արտոնված են: Թեեւ նախագահը երդում է տալիս ձեռքն Աստվածաշնչին դրած, քաղաքականության եւ կրոնի միջեւ անջրպետ կա: Պետությունն իրավունք չունի ֆինանսավորելու որեւէ մասնավոր կրոնական դպրոց:

Մահմեդական երկրներում նման բան չկա: Միայն Ինդոնեզիան է պաշտոնապես հարգում բոլոր կրոնները, նշում է Լորանը: Դասական իսլամի համաձայն, երկրի իշխանությունը պետք է հարգել տա իսլամը: Ըստ արեւելյան ավանդույթի, «իսլամը աշխարհիկ աստվածապետություն է»: Մարոկկոյի թագավորը խալիֆ է, այսինքնՙ նաեւ հոգեւոր առաջնորդ: Երբ Քեմալը Թուրքիայում (ավելի ուշ Բուրգիբան Թունիսում) փորձում էր արդիական հասարակություն ստեղծել, նա ուզում էր դրանով նաեւ ընդգծել, որ իշխանությունը շարունակում է տնօրինել կրոնական ոլորտը: Այսպիսով, Թուրքիայում եւ մյուս մահմեդական երկրներում աշխարհիկ հասարակությունները նույնը չեն, ինչ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում: Իսլամի մեջ հոգեւորականը կարող է լինել լոկ տիրակալի խորհրդականը: Ի դեպ, 1980-ականներին առաջին թուրք իսլամիստները պահանջում էին կրոնը զատել պետությունից:

Ավանդական մահմեդական հասարակության մեջ աներեւակայելի էր սաուդյան տիպի կրոնական ոստիկանության գոյությունը: Մինչեւ 20-րդ դարը իսլամական հասարակությունները աստիճանակարգված էին, սոցիալական խմբերը դասակարգված էին ըստ հարգանքի, հաճախՙ ըստ «մաքրության» կամ «անմաքրության» աստիճանի: Դա շատ չի տարբերվում Եվրոպայի երբեմնի վիճակից, որտեղ հրեաները համարվում էին «անմաքուր»: Օսմանյան կայսրությունում այլադավանները (հրեաներ, քրիստոնյաներ եւ այլն), ստորադասվում էին մահմեդականներին, բայց հասարակության մեջ ունեին իրենց տեղը: Իսլամական աշխարհում խտրականության որոշ ձեւեր պահպանվել են մինչեւ օրս: Այսպես, արաբական երկրներում մահմեդական կնոջ հետ ամուսնացող այլադավան տղամարդը, որպես կանոն, պարտավոր է իսլամ ընդունել:

Ի դեպ, Իսրայելում եւս չկա քաղաքացիական ամուսնություն: Ամուսնացողները գործ են ունենում հոգեւորականի հետ: Ամուսնությունը պայմանագիր է եւ եկամուտների շոշափելի աղբյուր ինչպես մահմեդական, այնպես էլ հրեա կրոնավորների համար:

Խառնամուսնությունների դեպքում ի հայտ է գալիս երեխայի դավանանքի հարցը, որը մի իսկական գլուխկոտրուկ է դարձել Եվրոպայում: Լիբանանում նման երեխաները մշտապես դաստիարակվում են հոր կրոնի ոգով, նույնիսկ եթե նա քրիստոնյա է:

1930-ականներից մինչեւ 1970-ականներն ընդգրկող արաբական ազգայնականության ժամանակաշրջանի արդիականացման ձգտման պայմաններում իսլամիզմը դարձավ հետադիմական: Օրինակ, նախագահ Նասերը հայտարարեց, որ Ղուրանի մեջ չկան արդի հասարակություններին հարմար դեղատոմսեր: Նա հրապարակավ ծանակեց «Մուսուլման եղբայրների» առաջնորդին, որն ուզում էր գլխաշոր կապել տալ եգիպտուհիներին, մինչդեռ չէր կարողանում նույնն անել տալ իր դուստրերին: Սակայն Նասերը աթեիստ չէր. նա հաճախ մզկիթ էր գնում: Նա պարզապես ուզում էր առավել արդիական տեսք տալ եգիպտական հասարակությանը:

Եգիպտոսի ներկայիս նախագահ, գեներալ Ալ-Սիսին, որն ասպարեզից հեռացրել է նախկին նախագահ, իսլամիստ Մուրսիին եւ «Մուսուլման եղբայրներին», ջանում է հավատացյալի տպավորություն գործել, իր ելույթներում կրոնական բազմաթիվ հղումներ է անում, իսկ նրա կինը գլխաշոր է կրում: (*) Ազգայնականները երբեք հարցականի տակ չեն դնում երկնային կրոնները եւ, անկախ երկրից (Եգիպտոս, Թունիս, Ալժիր...), իսլամը մշտապես ընկած է իշխանության, իրավունքի եւ հասարակության հիմքում, դասավանդվել է հանրակրթական դպրոցներում: Երբ իսլամիզմը զարգացավ, սկսեցին ավելի ուշադիր հետեւել, թե ինչ է դասավանդվում: Պարզվեց, որ դա շատ պահպանողական իսլամ է, եւ դա բացասական հետեւանքներ ունեցավ գյուղական եւ սոցիալապես անապահով միջավայրերում:

Ազգայնական վարչակարգերը պայքարել են անգրագիտության դեմ, բայց այդ պայքարը չի թուլացրել իսլամիզմի դիրքերը, քանի որ մշակույթի պակասի պատճառով տեքստերն ընթերցվել եւ ընկալվել են բառացիորեն: Իսլամիզմին նպաստել են նաեւ երկու այլ գործոններ: Նախ, իսլամիզմը վարչակարգին ընդդիմանալու միջոց է. 2000-ականների սկզբներին բուրժուա կանայք գլխաշոր էին կրում իբրեւ քաղաքական դիմադրության նշան: Ապա, պուրիտանական հասարակություններում, որտեղ ամուսնության տարիքը տնտեսական պատճառներով հետզհետե մեծանում էր, իսլամիզը եւ դրա խիստ կանոնները դարձան հանրային կարգապահության պարտադրման անհրաժեշտ միջոց:

Մուստաֆա Քեմալի օրոք Թուրքիան հավակնում էր աշխարհիկության, բայց դա «հորինված» աշխարհիկություն էր անատոլիական քրիստոնեության ոչնչացումից հետո: Արդ, այդ «աշխարհիկությունը» նախատեսված էր բացառապես մահմեդական մի երկրի մահմեդականների համար: Բացի դրանից, թեեւ Աթաթուրքը ձգտում էր արդիականացման (նա ներշնչվել էր Շվեյցարիայի Քաղաքացիական օրենսգրքից), այդուհանդերձ նա ինքն էր վերահսկում ու կազմակերպում կրոնական կյանքը: Ըստ էության, քեմալականությունը ավելի շուտ համաձայնեցման վարչակարգ էր, քան աշխարհիկ: Ղուրանը թուրքերեն կարդալը ոչ թե աշխարհիկության, այլ ազգայնականության վկայություն է:

Քեմալականությունը ազդել է թուրքական հասարակության վերին խավերի վրա, բայց չի առնչվել անատոլիական գյուղերին, որտեղ ժողովրդագրական նպաստավոր պայմանների շնորհիվ պահպանվել է ավանդական իսլամը:

Արաբ ազգայնականներ Նասերի, Բուրգիբայի եւ այլոցՙ արդիականացման հետ կապված երազանքները ինչո՞ւ իրողություն չդարձան: Բանն այն է, որ ազգայնականները Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Թունիսում հապճեպորեն ստեղծեցին ավտորիտար եւ ոստիկանական պետություններ: Նրանք աստիճանաբար զրկվեցին հանրության աջակցությունից, եւ իսլամիզմը վերածնվեց դասավանդման միջոցով, մասնավորապեսՙ գյուղական միջավայրում եւ բնակչության ամենից անապահով խավերի մեջ:

Այն տպավորությունն է ստեղծվում, թե արաբական հեղափոխություններից հետո արդիական պետություն ունենալու երազանքը ի չիք է դարձել սալաֆիստների ջանքերով: «Արաբական գարունները» ոստիկանական բռնապետության հակազդեցությունն էին: Եգիպտոսում Մուբարաքի եւ Թունիսում Բեն Ալիի վարչակարգերը ներկայանում էին որպես ազգայնականների ժառանգորդներ եւ կորցրել էին ժողովրդի վստահությունը: Եթե Եվրոպայում արդյունաբերականացումը եւ գյուղական բնակչության արտահոսքը միջին խավին եւ հասարակ ժողովրդին թույլ տվեցին ձերբազատվել եկեղեցու ուժեղ ազդեցությունից, ապա նույնը չի կարելի ասել արաբական աշխարհի մասին:

Ինչ վերաբերում է ձախամետ, ազգայնական եւ առաջադիմական շարժումներին, դրանք չկարողացան առաջարկել վստահելի այլընտրանք, քանզի երկու-երեք տասնամյակ կենտրոնացել էին հակաիմպերիալիստական պայքարի վրաՙ բացառությամբ Թուրքիայի: Մտավորականների համար ամբիոններն անմատչելի էին, քանի որ պետությունը նախընտրում էր վերահսկել բոլոր ելույթները: Այս ամենի արդյունքում միայն իսլամիստները կարողացան լցնել տվյալ դատարկությունը եւ տարածել իրենց գաղափարները մզկիթների ու կրոնական մյուս հաստատությունների միջոցով:

Աշխարհիկությունը իսլամի մեջ եւ այլուր կապված է մասնավորապես կանանց իրավունքների հետ: Ֆրանսիայում աշխարհիկության հայրերը պայքարել են հանուն կանանց կրթության, եւ այդուհանդերձ միայն 1945 թվականին կանայք ստացան ընտրություններին մասնակցելու իրավունք: Հասարակության վերաիսլամացման բոլոր փորձերը սկսվում են կանանցից: Թուրքիայում երկար ժամանակ պայքարել են հասարակական վայրերում գլխաշոր կրելու դեմ, սակայն Եվրոդատարանն այդ հարցը թողնում է պետության հայեցողությանը. եթե նա իսլամիստական է, ուրեմն գլխաշորը պարտադիր է:

Իսլամիստներն արդյունավետորեն հարմարվում են նոր պայմաններին: Օրինակ, Պարսից ծոցի երկրներում ներկայումս գոյություն ունեն ամուսնության մեկօրյա, երկշաբաթյա, վեցամսյա եւ այլ պայմանագրեր: Դրանք փաստորեն մերձենում են ազատ կենակցության պայմանագրային ձեւերին: Խնդիրը տվյալ դեպքում ոչ թե իսլամական օրենքն է, այլ հայրիշխանության որոշակի դրսեւորումը: Չնայած այս ամենին, մահմեդական երկրներում եւս կանայք աստիճանաբար ձեռք են բերում նոր իրավունքներ: Օրինակ, Իրանում կանայք ներկայումս ամուսնալուծվում են, ինչը չէին կարողանում անել շահի օրոք: Եգիպտոսում կանայք պահպանում են իրենց օրիորդական ազգանունը:

Առանց կրոնական հանդուրժողականության հնարավո՞ր է արդյոք իսկական ժողովրդավարություն: Այս հարցի առնչությամբ Անրի Լորանը նշում, է որ մահմեդական երկրներում առաջին պահանջը իրավական պետության գոյությունն է: Իսլամիստների համար գլխավոր հարցն այն է, թե ժողովրդավարական կառույցներն արդյոք պե՞տք է իսլամիստական բնույթ ունենան: Այս առումով «Մուսուլման եղբայրները» մշտապես պտտվել են նույն տեղում: Նրանք կարծում էին, թե կառավարող մեծամասնության մեջ լինելովՙ իրենք կարող են սեփական ընկալումը պարտադրել ամենքին, բայց հաջողության չհասան: Նույն բանն ուզում է անել Էրդողանը Թուրքիայում: Իրականում հարկավոր է պարզել, թե ժողովրդավարության գոյությունը պահանջո՞ւմ է արդյոք, որ բոլորն անկեղծորեն լինեն մահմեդական: Ժան-Ժակ Ռուսսոն ասում էր, որ ճշմարիտ քրիստոնյաների բազմությունը կկարողանար կազմել հնարավոր ամենակատարյալ հասարակությունը, բայց դա չէր լինի մարդկանց հասարակություն: Մնում է կիրառել ֆրանսիացի սոցիալիստների 1946 թ. կառավարության ղեկավար, գրող Լեոն Բլյումի հետեւյալ ասույթը. «Հնարավոր է որեւէ կոալիցիայի շրջանակում պարտադրել բարեփոխումներ, բայց հասարակությունը կարելի է վերափոխել միայն իշխանությանը տիրելու դեպքում»:

Միջին Արեւելքում Radio France-ի թղթակից Կլոդ Գիբալը Եգիպտոսում իսլամիստների մեծ ազդեցության պատճառներից մեկը համարում է 1990-ականներին Սաուդյան Արաբիայում հարստացած եւ արմատական իսլամի գաղափարներով տոգորված եգիպտացիների զանգվածային հայրենադարձությունը: Նա ընդգծում է «Մուսուլման եղբայրների» եւ սալաֆիստների էական տարբերությունը: Սալաֆիստները միշտ արհամարհել են «Մուսուլման եղբայրներին», քանզի վերջիններս զբաղվում են քաղաքականությամբ, որը «կոռուպցիայի, գործարքների, ստի» ոլորտ է: Սալաֆիստները Աստծո իշխանությունը համարում են գերագույն օրենք, «շարիաթը»ՙ իրավունքի միակ աղբյուր: Եգիպտոսի նախագահ Անուար Սադաթը «Մուսուլման եղբայրներին» օգտագործում էր ձախ ընդդիմությանը թուլացնելու նպատակով: Նա փոփոխեց սահմանադրությունըՙ ամրագրելով, որ «շարիաթը» իրավունքի գլխավոր աղբյուրներից մեկն է:

Ընդհանուր առմամբ այն տպավորությունն է ստեղծվում, թե «Արաբական գարնան» հեղափոխություններից շահել են հիմնականում իսլամիստները: Ի վերջո, սալաֆիստները եւս մուտք գործեցին քաղաքական ասպարեզ: Դա մեծ անակնկալ էր: «Արաբական գարնան» հեղափոխությունները նրանց դարձրին քաղաքական շարժում: Եգիպտոսում ընտրությունների ժամանակ նրանք նույնիսկ առաջադրեցին կին թեկնածուների, որոնց դեմքերը փակ էին, իսկ ընտրարշավով զբաղվում էին ամուսինները: Իսլամիստ նախագահ Մուրսիի տապալման պահին սալաֆիստները Ալ-Սիսիին ընտրեցին ընդդեմ «Մուսուլման եղբայրների»: Վերջիններիս ամեն կերպ օգնում է Քաթարը, մինչդեռ Ալ-Սիսիի աջակից Սաուդյան Արաբիան օգնում է սալաֆիստական կուսակցություններին:

*) Անհրաժեշտ է նշել, որ կրոնական հանդուրժողականությունը Եգիպտոսում բավական արմատավորված է, հատկապես քաղաքներում, որտեղ ապրում են միլիոնավոր քրիստոնյաներ նաեւ (մեծ մասըՙ ղպտիներ): Հատկանշական է օրինակ, որ պետականորեն նշվում է ղպտի եկեղեցու Սբ. Ծննդի եւ Սբ. Հարության տոները: Այդ օրերին Եգիպտոսում փակ են լինում պետական բոլոր հիմնարկները: Խմբ.:

Նկար 1. Քեմալ Աթաթյուրքը իր որդեգրած դուստրերից Նեբիլեի հետ պարելիս` վերջինիս ամուսնության օրը, 1929թ.

Նկար 3. 1965թ., Բեյրութի ծովահայաց մասում. աղջիկը ծածկել է դեմքը եւ բացել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ