ՆԱՏՕ-Ն ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆԶՈՐ Է ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ Պ. Ք. ՆԱՏՕ-ի ղեկավարությունը վախենում է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ծագման դեպքում հնարավոր չի լինի Արեւելյան Եվրոպայում ծավալել արագ արձագանքման ուժեր: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան որոշ գեներալներ բրիտանական «Ֆայնենշըլ թայմս» թերթին տված հարցազրույցում հայտարարել են, որ դաշինքի արագ ծավալման ուժերը պիտանի չեն Արեւելյան Եվրոպայում տեղաբաշխվելու համար, քանի որ ուժի առումով զիջում են ռուսական բանակին: Հոդվածում ասվում է, որ դաշինքի զորքերը «խոցելի են» ծավալման փուլում: Խոսքը հինգ հազարի հասնող թվակազմով գերբարձր պատրաստության միացյալ օպերատիվ ուժերի (VJTF) մասին է, որոնց ստեղծման վերաբերյալ որոշում է ընդունվել 2014-ին: «Հենց ՆԱՏՕ-ի գնահատումներով, դաշինքի արագ արձագանքման նոր «առաջավոր» ուժերի տեղաբաշխումը Արեւելյան Եվրոպայում անհնար կլինի Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում», հաղորդում է թերթը: «ՆԱՏՕ-ի երկու բարձրաստիճան գեներալներ» թերթին տված հարցազրույցում ասել են, որ այդ ուժերը «իրենց տեղաբաշխման փուլում չափազանց խոցելի կլինեն Լեհաստանում կամ Բալթյան երկրներում կիրառվելու համար»: Գեներալներից մեկի խոսքերով, Կալինինգրադի մարզում սեփական ուժերն արմատապես ավելացնելու Ռուսաստանի որոշումը եւ սահմանամերձ տարածքներում առկա էական ռազմական ռեսուրսները նշանակում են, որ «Օդերից արեւելք» օպերատիվ ուժերի տեղաբաշխման դեպքում այդ ուժերը կջախջախվեն նախքան մարտավիճակի բերվելը: ՆԱՏՕ-ի մյուս ներկայացուցիչը հայտարարել է, թե օպերատիվ ուժերը կարող են արագորեն ծավալվել «բոլոր հնարավոր իրավիճակներում», սակայն խոստովանել է, որ ռուսական զորքերի ուժեղացումը բարդացնում է իրադրությունը: «Արագ արձագանքման ուժերի թույլ տեղերը ՆԱՏՕ-ին դրդեցին իր արեւելյան թեւում մշտապես տեղաբաշխել ընդլայնված զորակազմ», ասվում է հոդվածում: Առաջիկա հուլիսին ՆԱՏՕ-ի անդամները կհաստատեն տարածքների գործնական պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցներ: Ըստ երեւույթին, ամերիկացի զինվորականները դիտավորյալ ուռճացնում են Ռուսաստանից իբր բխող վտանգը, որպեսզի հավելյալ ֆինանսավորում ստանան: Ամերիկացի զինվորականներն ասել էին, թե ռուսական բանակը արդիական զինատեսակների հնարավորություններով արդեն գերազանցում է ԱՄՆ-ին: Մոտավորապես նույն ժամանակ Սենատի ԶՈՒ ենթակոմիտեի նիստում մի խումբ զինվորականներ հայտարարել էին, որ եթե հատկացումները չավելացվեն, ապա ամերիկյան բանակը կարող է «թվակազմով եւ կրակային ուժով» հակառակորդին զիջել հաջորդ պատերազմում, մանավանդՙ Ռուսաստանի հետ առճակատման դեպքում: |