ԼՈՆԴՈՆԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՑ ՆԱՊՈԼԵՈՆԻ ԵՎ ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ Պ. Ք. Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Եվրոմիության շրջանակներում եվրոպական երկրների միավորումը համեմատել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի եւ նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կառավարման հետ: Իր կարծիքը նա շարադրել է The Telegraph թերթին տված հարցազրույցում: Դասական բանասիրության ասպարեզում պրոֆեսիոնալ գիտնական հանդիսացող Ջոնսոնը գտնում է, որ վերջին երկու հազար տարում քանիցս փորձ է արվել Եվրոպան միավորելու մեկ կառավարության ներքո, որպեսզի վերականգնվի Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի կորուսյալ «ոսկեդարը»: «Նապոլեոնը, Հիտլերը, տարբեր մարդիկ փորձել են դա անել, եւ դա ավարտվում է ողբերգականորեն», ասել է նա: Ջոնսոնն ավելացրել է, որ ԵՄ-ն այդ ամենն ուրիշ մեթոդներով իրականացնելու փորձ է: Բրյուսելում պաշտոնյաները կիրառում են Հիտլերից փոխ առնված «զանազան մեթոդներ», որպեսզի միասնական իշխանության ներքո միավորեն Եվրոպան: «Սակայն այստեղ սկզբունքային է մի թերություն, մի հավերժական խնդիր, այն էՙ չկա հավատարմություն Եվրոպայի գաղափարին, որն ընկած կլիներ տվյալ գործընթացի հիմքում: Չկա որեւէ տիրական կառույց, որն ամեն ոք կհարգեր կամ կհասկանար: Դա առաջացնում է ժողովրդավարության զանգվածային վակուում», կարծում է Ջոնսոնը: Լոնդոնի նախկն քաղաքապետը նաեւ գտնում է, որ «ԵՄ «աղետալի» ձախողումները լարվածություն են առաջացրել անդամ պետությունների հարաբերություններում եւ Գերմանիային թույլ են տվել մեծացնելու իր հզորությունը, «կլանելու» Իտալիայի տնտեսությունը եւ «ոչնչացնելու» Հունաստանը: Նրա կարծիքով, եվրոն դարձել է այնպիսի միջոց, որով գերմանացիները բացարձակ առավելություն են ստանում ամբողջ եվրոգոտու նկատմամբ: Եվրոմիությանն իր անդամակցության հնարավոր դադարեցման հանրաքվեի նախապատրաստման պայմաններում Մեծ Բրիտանիայում սրվում է բանավեճը ԵՄ-ում մնալու նպատակահարմարության թեմայով: Հանրաքվեի անցկացումը նախատեսված է հունիսի 23-ին: Վարչապետ Դեւիդ Կեմերոնը 2015-ի մայիսին խոստացել էր հանրաքվե անցկացնել ԵՄ-ին իր երկրի անդամության հարցի առնչությամբ: Նա ինքը կողմ է ԵՄ կազմում մնալուն, սակայնՙ Եվրոմիության նշանակալի բարեփոխման պայմանով: Մայիսի 6-ին Լոնդոնի նոր քաղաքապետ ընտրվեց պակիստանցի ներգաղթյալների զավակ Սադիկ Խանը: Նրան պաշտպանեց ընտրողների 44 տոկոսը, մյուս թեկնածուՙ պահպանողական Զաք Գոլդսմիթը, ստացավ 35 տոկոս: Խանը պատմության մեջ մտավ որպես Լոնդոնի առաջին մահմեդական քաղաքապետ: Բացի դրանից, նա ԵՄ անդամ երկրներում մայրաքաղաքի ղեկավար դարձած առաջին մահմեդականն է: |