RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 4768, Տպվել է` 555, Ուղարկվել է էլ.փոստով` 531

ԳՆԱՆԿՈՒՄԸ ԴԵՌ ԳՆԱՃ ՉԻ ԴԱՐՁԵԼ, ԿԲ-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կենտրոնական Բանկի խորհուրդը մայիսի 17-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետովՙ սահմանելով այն 7,75 տոկոս: ԿԲ հաղորդագրության մեջ բերվում են գնաճի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն: Համաձայն դրա, 2016 թ. ապրիլին արձանագրվել է 0,3 տոկոս գնանկումՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,4 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին դարձյալ բացասական է, այսինքն գնանկումայինՙ 1,9 տոկոսով:

Հայաստանում գնանկումային միջավայրի պայմաններում, ԿԲ-ն այս տարվա մեջ արդեն երրորդ անգամ գնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման, ընդ որում, այս անգամ միանգամից 0,5 տոկոսային կետով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին վերաֆինանսավորման տոկսադրույքը 10,25 տոկոս էր, որից հետո այն միայն իջեցվել է: Գնանկումային միջավայրը եւ տնտեսական աշխուժության խթանման անհրաժեշտությունը պայմանավորել էր ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների թուլացումը:

Ըստ Կենտրոնական բանկի հիմնավորումների, համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, սակայն ներկայումս միջազգային ապրանքային շուկաներում գնանկումային միտումները փոխարինվել են հարաբերական կայունությամբ: Այդուհանդերձ, ԿԲ խորհրդի գնահատմամբ, առաջիկա ամիսներին դեռեւս կշարունակվի արտաքին աշխարհի գնանկումային ազդեցության փոխանցումը մեր ներքին գներինՙ չեզոքանալով ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Այսինքն տարվա առաջին կեսին գնանկումային միջավայրը Հայաստանում կպահպանվի, ինչը պայմանավորված է արտերկրից եկող ազդեցություններով:

Միաժամանակ, գլխավոր դրամատունն ընդգծում է այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության «զգալի ավելացումը», որին հիմնականում նպաստել է արդյունաբերությունում եւ ծառայությունների ոլորտում «սպասվածից ավելի» աճը: Հիշեցնենք, որ հունվար-մարտին տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5,5 տոկոս:

Հակառակ այն բանի, որ նախորդ անգամ ԿԲ-ի դիտարկմամբ պահանջարկը Հայաստանի ներքին շուկայում ցածր էր, այս անգամ նշվում է, որ դրական միտումներ են արձանագրվում նաեւ ներքին պահանջարկումՙ արտացոլելով նախորդ ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի եւ կառավարության կողմից իրականացրած խթանող քաղաքականության ազդեցությունը: Ընդ որում, շեշտվում է հատկապես Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի աճի բարձր տեմպերը: Դարձյալ հշեցնենք, որ հունվար-ապրիլին Հայաստանից արտահանումն աճել էր 26,3 տոկոս, որի մեջ նկատելի դեր էր ունեցել պատրաստի արտադրանքի արտահանման ավելացումը: Այս ամենը նկատի ունենալով, ԿԲ-ն 2016 թ. տնտեսական աճի վերաբերյալ սպասումները ճշգրտել է աճի ուղղությամբ: Տարեկան տնտեսական աճի կանխատեսումը հավանաբար Կենտրոնական բանկը կհրապարակի առաջիկայումՙ գնաճի հաշվետվությունում:

ԿԲ խորհուրդը հայտարարել է նաեւ, որ շարունակելու է դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլով թուլացումը, նշելով, որ գնաճային սպասումները նվազել են, իսկ իր վարած քաղաքականության ազդեցության գործոնին ավելացել է նաեւ բնական գազի սակագնի սպասվող իջեցման գործոնը: Հայտնի է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարավող գազի գնի 165 դոլարից 150 դոլար իջեցումից հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովՙ սպառողների համար 9,3 դրամով գազի գնի իջեցման հայտով:

Այդուհանդերձ, Կենտրոնական բանկի գնահատմամբ, դրամավարկային պայմանների ավելի թուլացման արդյունքում գնաճային միջավայրը 2016 թ. երկրորդ կեսից աստիճանաբար կընդլայնվի եւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայքով նպատակային ցուցանիշին:

Այսպիսով, որպես ամփոփումՙ նկատի ունենալով, որ գնաճի փոխարեն արձանագրվում է գնանկում, ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպի բարձրացմանը: Հակառակ քայլինՙ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը, նա դիմում է գնաճի ցուցանիշի բարձր լինելու պարագայում եւ այն զսպելու նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ